ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է


 

Համոզված ենք, որ վաղ թե ուշ համաշխարհային տնտեսական կառույցներն ու հանրությունը քննարկման նյութ պիտի դարձնեն Ադրբեջանի պահվածքն ու վերջապես հասկանան, որ գործ ունեն ամեն ինչում բլեֆն առաջնային դարձրած մի պետության հետ, որն այսօր էլ, տարածքային նկրտումները բազմապատկելով` ցանկանում է ինքն իրեն Հյուսիսային Ադրբեջան կոչել` «հասկացնել» տալով, որ գոյություն ունեն նաև Արևմտյան և Հարավային Ադրբեջաններ: Այսինքն, ուրիշներին մեղադրելով անջատողականության և իր տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու մեջ` Ադրբեջանն այսօր հայացք է հառել Իրանի հսկայական տարածքներին…

Վերջին օրերի համաշխարհային տնտեսության ամենասկանդալային պատմություններից մեկը կապակցվում է Ադրբեջան-Ուկրաինա գազային պայմանագրի չգոյացմանը: Խնդիրն այն է, որ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարեկան Ուկրաինա առաքել 10 մլրդ խմ գազ, ինչը հսկայական ֆինանսական հոսքեր կապահովեր Ադրբեջանի համար, նրան կհռչակեր մի նոր Քուվեյթ և Եվրոպայում առավել կմեծացներ այս երկրի կշիռը:

Սակայն պայմանագրի ստորագրումից բառացիորեն րոպեներ առաջ Բաքուն հրաժարվեց Ուկրաինա գազ առաքելու իր խոստումներից: Իբրև պատճառաբանություն` Ադրբեջանը ներկայացրեց այն փաստարկը, թե իբր Ուկրաինան շարունակում է Հայաստան զենք առաքել, ինչն էլ խոչընդոտող հանգամանք է: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ ուկրաինական զենքի խոշորագույն գնորդների շարքում Ադրբեջանը գտնվում է առաջին տեղերում: Ուկրաինական զինագործարանները ցանկացած զենք արտադրելիս` սկզբում փորձարկում են Ադրբեջանում, ապա նոր անցնում պարբերացված արտադրության: Մինչդեռ Հայաստանն Ուկրաինայից չնչին քանակության զենք է գնում, այն էլ` ոչ ծանր ռազմական տեխնիկա: Ուրեմն, Ադրբեջանի այս փաստարկը, այդ երկրից ներկայացվող բազմաթիվ փաստարկների նման, չունի հիմնավորում: Հետևաբար, որո՞նք են այն իրական պատճառները, որոնք ստիպեցին Բաքվին հետ կանգնել այս խիստ արդյունավետ գործարքից: Վստահորեն կարելի է ասել` տարիներ շարունակ տարփողելով իր անսպառ գազային հարստությունների մասին, Ադրբեջանն այսօր արդեն հայտնվել է փակուղում` բացահայտելով, որ իր պաշարները բավարար չեն նոր պայմանագրերի կնքման համար: Պաշտոնական Բաքուն տարեկան արդյունահանում է մոտ 15 մլրդ խմ գազ, որից 6,6 մլրդ խմ-ն ներքին սպառման համար է, իսկ մնացած 8,4 մլրդ խմ-ն առաքում է Ռուսաստան, Իրան, Վրաստան և Թուրքիա: Ի դեպ, առաքումների ծավալը հեռու է պայմանագրային ցուցանիշներից: Այժմ Ադրբեջանը կառուցում է Շահ Դենիզ-2 գազահորը, որը պետք է շահագործվի 2017 թվականին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ իր ունեցած գազային պաշարներով Ադրբեջանը չի կարողանալու բավարարել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրային պահանջները: Թուրքիայի հետ կնքված պայմանագրերն էլ կատարելու համար նախատեսվում է կառուցել «Տրանսանադոլու» գազամուղը, որը տարեկան Թուրքիա է արտահանելու 16 մլրդ խմ գազ, այսինքն` մեկ միլիարդ խմ-ից ավելի, քան այսօր արդյունահանում է Ադրբեջանը: Գազային բլեֆն առավել հավատընծա դարձնելու համար, Ադրբեջանը հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր է կնքել Ռումինիայի հետ ևս: Այդ պայմանագիրը կոչվում է «AGRI» և դրա պահանջներից ելնելով` Բաքուն գազային տերմինալներ պիտի կառուցի Վրաստանում ու Ռումինիայում: Բաքվի ներկայացրած այս ծրագիրն արդեն ներառվել է «Հարավային միջանցք» նախագծում: Ծրագիրն արժե 4 մլրդ եվրո:

Արդեն պարզ է դառնում, թե ինչու Ադրբեջանը հրաժարվեց Ուկրաինա գազ մատակարարել` փոխարենը դիմելով շանտաժի ու պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստան: Զարմանալին այն է, որ Ադրբեջանի այս շանտաժը «հալած յուղի» տեղ են ընդունել Ուկրաինայում և անգամ քննարկել Հայաստանի հետ զենքի վաճառքի ասպարեզում գործարքների վերանայման հարցը:

Սակայն խնդիրը միայն գազի ունեցած պաշարների սակավությունը չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է գայթակղիչ շուկայից: Հասկանալի է, որ այստեղ առկա է «ռուսական հետքը»: Ուկրաինան` Եվրոպայի ամենամեծ երկիրը, «Գազպրոմի» խոշորագույն գնորդն է. ռուսական գազի «առյուծի բաժինը» գնում է հենց Ուկրաինան: Ուստի դժվար չէ ենթադրել, որ հենց Ռուսաստանն է պարտադրել Ադրբեջանին` հետ կանգնել Ուկրաինային գազ վաճառելու գաղափարից: Ռուսաստանի համար գազն ունի քաղաքական նշանակություն. դրանով Կրեմլը մշտական կախվածության մեջ է պահում Կիևին, պարտադրում կատարել իր մի շարք պահանջներ: Հասկանալի է, որ Մոսկվան լուծել է միանգամից երկու կարևորագույն հարց: Առաջին` շարունակել գազն օգտագործել որպես քաղաքական գործոն, երկրորդ` նորելուկ գազային պետություններին թույլ չտալ` մտնել իր շուկա: Բաքվի վրա ՌԴ-ն վերջին շրջանում հատկապես մեծ ազդեցություններ է ձեռք բերել, սկսել է որոշակի պայմաններ առաջադրել, որոնք, մեր դիտարկմամբ, չեն կարող դուրս լինել Ղարաբաղյան խնդրից... Իսկ թե ինչ խոստումներ է տվել Ռուսաստանը և ինչպես է իրեն պահելու հետագայում` պարզ կդառնան առաջիկա զարգացումներում:

Քաղաքական վերլուծաբաններից մեկը նկատել է.

- Ադրբեջանցիների` անհուսալի գործընկերներ լինելու փաստը վաղուց հայտնի է և այս վերջին իրադարձությունները դրա ապացույցն են: Ադրբեջանը չի կարողանում կատարել գազի մատակարարման արդեն իսկ գործող պայմանագրերը նույնիսկ իր հիմնական դաշնակից Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ 2011թ-ի սկզբին Ադրբեջանը անսպասելի կերպով բարձրացրեց այդ երկիր ներկրվող գազի գինը` 1000խ/մ համար 120$-ից մինչև 290$, ինչից հետո թուրքական «BOTAS» ընկերությունը դադարեցրեց Ադրբեջանից գազի ներմուծումը: Երկարատեւ բանակցությունները այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրին, Ադրբեջանը հրաժարվեց նվազեցնել գազի գինը: 

Այստեղ միայն անհուսալի գործընկերության խնդիրը չէ. Ադրբեջանը հաշվարկել և տեսել էր, որ շուտով կանգնելու է լուրջ խնդիրների առջև, որ գազային փուչիկը պայթելու է: Ուստի գազի գնի բարձրացմամբ` փորձեց այն երևութականությունը ստեղծել, թե ինքը չափազանց սկզբունքային է` անգամ իր «ավագ եղբոր» դեպքում, թե իր տնտեսական շահերը, ասել է թե` «բնակչության շահերը», վեր են ամեն ինչից... Թուրքական ընկերության կողմից գազի ներմուծման դադարեցումն, ըստ էության, Ադրբեջանի համար փրկօղակ էր, այսպես նա կարողացավ խույս տալ բացահայտումներից, սակայն հազիվ թե հետագայում, երբ Ադրբեջանը ստիպված պիտի լինի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, կարողանա հերթական «խաղերը» խաղալ: Չնայած չի բացառվում, որ դարձյալ գազի գնի բարձրացմամբ` այս երկիրը փորձի թաքցնել իր սուտն ու կեղծիքը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ