ԳՐԵԹԵ` ՍԿԱՆԴԱԼ


 

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից հեռացել, ապա իր պատգամավորական մանդատը վայր է դրել այսօր արդեն նախկին օեկական Գ. Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանը ծնվել է Երևանում. 48 տարեկան է, տեխնիկական գիտությունների թեկնածու: 

2010թ. Աժ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով` «Օրինաց երկիր» կուսակցությունից: Եվ ահա Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության քաղխորհուրդը, որի նիստերն, ինչպես գիտենք, չեն գումարվում, հետին թվով ձևակերպելով որոշում` խմբակցության ամենաինտելեկտուալ պատգամավորին հեռացրել է ՕԵԿ շարքերից: Իսկ Գագիկ Բաղդասարյանն էլ, չկամենալով համարվել «Օրինաց երկրից» ընտրված պատգամավոր, հեռացել է խորհրդարանից:

Սա նշանակում է, որ գործ ունենք սկզբունքային մարդու հետ, ով հայտարարում է, որ շատ վաղուց «Օրինաց երկիրը» հեռացել է իր սկզբունքներից, դարձել մեկ այլ կուսակցության կցորդը: Ավելին, ինչպես ասում է արդեն նախկին պատգամավորը` կուսակցության խորհրդարանական խմբակցությունն անգործության է մատնված, որևէ աշխատանք չի կատարվում: Գագիկ Բաղդասարյանի հանդեպ այս «դաժան» վերաբերմունքի պատճառն այն է եղել, որ կառավարության ներկայացրած օրինագծին «ձեռնպահ» է քվեարկել.

- Քվեարկել եմ բացառապես ՀՀ Սահմանադրության ու ԱԺ կանոնակարգի համաձայն: Պատգամավորը քվեարկում է իր խղճի ու համոզմունքի համաձայն, - ասել է Բաղդասարյանը:

Իսկ նրան կուսակցությունից հեռացրել են`  «հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում Օրինաց երկիր խմբակցության հետ, զօր օրինակ 06.02.2012թ. քվեարկություն ները, համահունչ չեն Օրինաց երկիր խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաև հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության և նրա որոշումների նկատմամբ» պատճառաբանությամբ:  (Մեջբերման քերականական մեղան- չանքները համարենք այդ հայտարարության հեղինակի գրագիտության չափանիշ:)

-Ծայրահեղականությունը նման է ծանր հիվանդության, - իր հարցազրույցներից մեկում ասել է Արթուր Բաղդասարյանը:

Դատելով Գագիկ Բաղդասարյանի հետ կատարվածով, կարելի է ասել, որ «Օրինաց երկիրը» տառապում է փտախտով. հիվանդություն, որը տանում է դեպի քայքայում…

Լ.Մ.