«Մենք հաշվետու ենք մեր ընտրողներին և ժողովրդին»


 

Խորհրդարանի` երեկվա նիստի սկիզբն ըստ էության նախորդ օրը կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ձախողված քվեարկության առնչությամբ ստեղծված սրված իրավիճակի շարունակությունն էր: ԲՀԿ պատգամավորական խմբից ներկա էր միայն Նաիրա Զոհրաբյանը, ով էլ հայտարարեց, որ «հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, այսօրվա աշխատանքներին «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու»: Հայտարարութ յունից հետո «Ավանգարդը» նախընտրական շրջանում ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցեց Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

- Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, տեսակետ է հայտնել, թե ճիշտ կլինի, եթե քաղաքական ուժերը միավորվեն տարբեր կենտրոնների շուրջ` մեզանում ստեղծելով բազմաբևեռ քաղաքական իրավիճակ: Արդյո՞ք հնարավոր է, որ մենք ականատեսն ենք «Բարգավաճ Հայաստանի» կատարմամբ այդօրինակ կենտրոնի` երրերդ ուժի ստեղծմանը:

- «Բարգավաճ Հայաստանը» արել և անում է մեկ բան. դա ժողովրդին ծառայելն ու նրա շահերի սպասարկումն է: ԲՀԿ-ն հատուկ բևեռներ ձևավորելու խնդիր չունի: Մեր նպատակներն ազնիվ ու պարզ են, ինչի վկայությունը այս տարիների մեր գործունեությունն է:

- Լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ն այս կամ այն հարցում կոալիցիոն ընդհանուր դիրքորոշումներից տարբերվող տեսակետներ է արտահայտում` նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում ձայներ «խլել» ընդդիմությունից:

- Ես անլուրջ եմ վերաբերվում նման կարգի վերլուծություններին, որոնցով հեղեղված է հայաստանյան մամուլը: Կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանն» ընտրողների առջև ազնիվ է և մեկ նպատակ ունի` կատարել բոլոր այն խոստումները, որոնք մեր նախընտրական ծրագրում տվել ենք մեր ընտրողներին:

- Իսկ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդգրկվելն արդյո՞ք չի սահմանափակի կուսակցության գործունեության ինքնուրույնությունը: Նկատենք` այս մասին հատկապես վերջին շրջանում ակտիվացել են մամուլում շրջանառվող տեղեկությունները: Ընդ որում, ԲՀԿ ցուցակում լինելու հնարավորութ յունը չի հերքում նաև նախկին արտգործնախարարը:

- Ինքս անձամբ նման քննարկումներից տեղյակ չեմ, ինչպես նաև կուսակցության համամասնական ցուցակի հարցը կուսակցության քաղաքական խորհրդում դեռևս չի քննարկվել:

- Իսկ եթե այնուամենայնիվ այդ հարցը լուծվի հօգուտ ցուցակում Վարդան Օսկանյանին ընդգրկելո՞ւ:

- Ոչ, այդ հանգամանքը բացասաբար չի կարող ազդել կուսակցության ինքնուրույն գործունեության վրա: Վարդան Օսկանյանն աշխատել է թե´ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե´ Սերժ Սարգսյանի կառավարությունում, թե´ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բնականաբար, բազմաթիվ գործիչներ ու պաշտոնյաներ, ովքեր այսօր կան քաղաքական դաշտում, եղել են Հայաստանի նախորդ երկու նախագահների ժամանակ էլ: Այնպես որ` այդ առնչությամբ շրջանառվող մտայնությունը լուրջ չէ:

- Իսկ ՀՀԿ-ի հետ նկատվող հակասություննե՞րը...

- Մեզ համար դրանք հակասություններ չեն, այլ մեր սկզբունքային դիրքորոշումներն են: Կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանը» հաշվետու է միայն ժողովրդին. մենք պատասխանատվություն ենք ստանձնել մեր ընտրողների առջև և հաշվետու ենք բացառապես մեր ընտրողներին և ժողովրդին: Էլի կրկնեմ` Ձեր նշածը մեզ համար հակասություններ չեն, մեզ համար դրանք մեր խոսքի և գործի համարժեքությունն են:

- Այնուամենայնիվ, գուցե չեք ժխտի, որ ԲՀԿ պատգամավորական խմբակցության կողմից խորհրդարանի այսօրվա նիստի բոյկոտումը վտանգում է քաղաքական կոալիցիայի գոյությունը:

- Մենք չենք փորձում համատեղ աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները քաղաքականացնել: Մեր քաղաքացիների շահերին առնչվող սկզբունքային խնդիրներում մենք բացարձակապես ոչ մի զիջումների չենք գնալու` փորձելով չքաղաքականացնել խնդիրը:

- Բնական է, որ ԲՀԿ-ն չի կամենա քաղաքականացնել: Սակայն իրողություններն են ինքնին քաղաքական դառնում:

- Ես ցավում եմ, եթե ընկալումն այդպիսին է: Բայց մենք պատրաստ ենք խորհրդարանում շարունակել մեր նորմալ աշխատանքը: Իսկ եթե այլ ուժեր կփորձեն քաղաքակա նացնել և ինչ-ինչ հետևություններ անել` դա արդեն իրենց գործն է և իրավունքը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱ