ԿԱՍԿԱԾԱՄՏՈՒԹՅՈՒՆ` իրատեսության փոխարեն


Ազատ և արդար ընտրությունների հեռանկարը մեզանում աստիճանաբար վերափոխվում է մղձավանջային տեսիլքի: Արդյունքում` որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան քաղաքական ուժերի հոռետեսությունն աճում է: Քաղաքական ուժերի գերակշիռ մասը քվեարկության արդյունքների կեղծվելն արդեն անխուսափելի է համարում: Զուգահեռաբար ընթացող և աստիճանաբար թեժացող քարոզարշավն, իհարկե, նշված տրամաբանության շրջանակներում որևէ կերպ չի տեղավորվում, բայց ակնհայտ է նաև, որ առաջիկայում նույնպես կանխակալ թերահավատությունը չի խաթարելու նախընտրական քարոզչության ավելի քան համառ ու արդեն պաշտոնական ընթացքը: Ավելին, դժվար չէ նկատել, որ քաղաքական ուժերը գոնե մինչև այսօր արդեն իսկ կանխորոշված արդյունքների և կամ կեղծվելիք ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարություններ չեն ներկայացնում, և խոսակցությունները գերազանցապես ընթանում են միայնակ կամ դաշինքներով դեպի մայիսի 12-ը գնալու հարցի շուրջ: Կարելի է ենթադրել նաև, որ քաղաքական դաշտի հիմնական մեծ ու փոքր դերակատարները մի քանի շաբաթ հետո, իրար հերթ չտալով, արդեն համապատասխան հայտեր կներկայացնեն ԿԸՀ, և խաղից ինքնակամ դուրս կմնան միայն նրանք, ում անունը և «գործունեությունը» հանրության ամենաքաղաքականացված հատվածներին էլ է անգամ անհայտ: Ինչևէ, քվեարկության կեղծվելիք (՞) արդյունքների վերաբերյալ առկա և աճող ոչ այնքան հուսադրող միտումները հուշում են, որ հայրենի քաղգործիչները սովորականի պես դարձյալ վատ են նախապատրաստվել ընտրություններին: «Եթե մենք պարտվենք, ուրեմն ընտրությունները կեղծվել են...». նորից մոդայիկ ու տարածուն դարձած նման «հետևություններն» առաջին հայացքից են միայն ծիծաղելի: Իրականում ցինիզմը և մաքսիմալիզմը դարձյալ շոկի մեջ են գցել հայրենի քաղգործիչներին, և արդյունքում` նրանք վաղուց այլևս չեն հիշում «նախորդից մեկ քայլ առաջ» լինելու մասին Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց իսկ հնչեցրած տեսակետները: Պարզագույն այն իրողությունը, որ ընտրական գործընթացների տանելի մակարդակը միայն լավ օրենսգիրք ունենալով չի հիմնավորվում` առաջին հայացքից գովելի է: Սակայն նույն այդ քաղգործիչներն էլ են լավ հասկանում, որ քվեարկության կեղծելու կամ չկեղծելու պատվիրատուներն իրենք են ու իրենց շրջապատը: Ու տվյալ դեպքում լավ կամ վատ օրենսգիրքը քավության նոխազ դարձնելն ընդամենը անբարոյականության սովորական դրսևորում է: Սրանք, իհարկե, առաքինությամբ երբևէ չեն էլ փայլել, բայց գոնե իրենք իրենց չհակասել երբեմն կարողացել են: Իսկ այս դեպքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտի գերակշիռ մեծամասնությունը ու հատկապես դրա ընդդիմադիր հատվածը հարայ-հրոցով գնում է դեպի մեծ պարտություն: Ինչ խոսք, սեփական ուժերն ու հնարավո րությունները իրատեսորեն գնահատելը գովելի հատկանիշ է, բայց տվյալ դեպքում մի քիչ ավելի զուսպ է պետք լինել կամ էլ քվեարկությանը չմասնակցելու քաղաքական կամք դրսևորել: