Գեղամյանն արդարացավ


Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար ավելի գերիշխող են դառնում այնպիսի երևույթները, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ «տեղավորել» առողջ տրամաբանության և օրինաչափության շրջանակներում: Տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ գերբնական սատանայական ուժեր թափանցել են հայաստանյան քաղաքական դաշտ, բուն դրել քաղաքական գործիչների զգալի մասի ուղեղներում` խլելով վերջիններիս ողջախոհությունը, սթափությունը` ամենապարզ երևույթները գնահատելու, չորն ու թացը զանազանելու տրամաբանական ունակությունը: Զառանցամիտ վարքի դրսևորումներ են ի հայտ գալիս նույնիսկ քիչ թե շատ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի լիդերների մոտ: Զորօրինակ, Արտաշես Գեղամյանի ելույթներում ու հայտարարություններում յուրաքանչյուր, նույնիսկ ոչ բարձրակարգ հոգեբան կամ հոգեթերապևտ կնկատի մտավոր ներուժի ակնհայտ անկման ախտանիշային դրսևորումներ: Նույն պարզունակ մտքերի միօրինակ կրկնություն, անկապ անցումներ մեկ թեմայից մյուսը, անհիմն ու անտանելի ցիտատների հեղեղի ավելացում, հուզական լարվածության խիստ բարձր պաթոլոգիկ մակարդակ: Այդ ընդհանուր ֆոնի վրա, թերևս անսպասելի չէր կարելի համարել Գեղամյանի հերթական մանկամիտ պահվածքը, երբ հրապարակավ «ի լուր աշխարհի» հայտարարեց, թե, իբր Սերժ Սարգսյանի մտերիմները պատրաստվում են սպանել Գագիկ Ծառուկյանին: Հետո էլ դատախազությունում ոչ մի փաստ չներկայացնելով (որ չկար` ինչպե՞ս ներկայացներ), Գեղամյանը արդարացավ, որ այդ սենսացիոն բամբասանքը լսել էր իր կուսակից ընկերներից և սրճարանային ծանոթներից: Իհարկե, ողբերգականորեն տխուր է, երբ բավական համակիրներ ունեցող կուսակցության լիդերը այնպիսի մտավոր հետընթաց է ապրում, որ հասնում է Կոմայգում ասեկոսեներով ժամանակ սպանող միամիտ ու պրիմիտիվ ծերունիների մակարդակին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ