Ով ուտի յուղն ու ճմուռը, Ով գլուխը տա տուրը


Վերջին երեք-չորս տարիներին Ծաղկաձորը դարձավ ամենայն ուշադրության կենտրոն: Խոսքը զբոսաշրջության օրավուր ընդլայնման մասին չէ: Ծաղկաձորով հետաքրքրվել սկսեցին մեծ ու փոքր չինովնիկները, հայտնի ու անհայտ գործարարները: Քաղաքի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը մի պահ զարմացրեց նույնիսկ քաղաքապետին. «Ծաղկաձորն էս ի՞նչ դառավ, քնից շուտ արթնացողը Ծաղկաձորի ճամփեն է բռնում»,- մեր հարցուփորձին ի պատասխան զարմանք հայտնեց Գ. Միրզոյանը: Դա, իհարկե, տարիներ առաջ էր, և քաղաքապետը շուտով հասկացավ, թե ինչ դառավ Ծաղկաձորը, և թե ինչու քաղաքի վրա այդքան աչք կար: Քաղաքը բաժան-բաժան անելու գործընթացը թափով սկսվեց, էլ ավելի թափով էլ առաջ գնաց: Հայտնվեցին ցանկապատերն ու պարիսպները` սահման դնելով սովորական զբոսաշրջիկների առջև և «գուժելով»` «էս սարն (իմա` տարածքն) իմն է»: Անցյալ տարի Ծաղկաձորի նկատմամբ աճող հետաքրքրությանը գումարվեց Կառավարության ուշադրությունը. քաղաքը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու նպատակով պետական բյուջեից կլորիկ մի գումար հատկացվեց: Մասնավորն արդեն այստեղ սկսել էր, քիչ է ասել, ակտիվ կառուցապատումը, և մասնավորների և մեր` հարկատուներիս միասնական միջոցներով Ծաղկաձորը միասնաբար պետք է դառնար բարձրակարգ զբոսաշրջության վայր: Այս նպատակի համար Կառավարությունն է°լ ավելի շատ գումարներ է նախատեսել` սկսած Ծաղկաձորը գովազդող տեսահոլովակների ցուցադրումից և Հայաստանում զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոնները նորարարություններով համալրելուց: Ինչպես այս, այնպես էլ Ծաղկաձորը տուրիզմի համար է°լ ավելի հրապուրիչ դարձնելուն ուղղված ծրագրերը պետք է դիտարկել Կառավարության կողմից օրերս ընդունած մի որոշման համատեքստում, որի համաձայն Ծաղկաձոր քաղաքը ճանաչվել է Հայաստանի զբոսաշրջության կենտրոն: Երկրում այն առաջինն է ու եզակի` որպես այդպիսին: Լավ է, իհարկե, երբ երկիրն ունի այսպիսի զբոսաշրջային կենտրոն, ինչը կարող է տնտեսության զարգացման և բյուջեալցման լուրջ խթան լինել: Սա երկրի շահն է, անշուշտ: Իսկ ո՞րն է մեր` հարկատուներիս շահը, ում վճարած հարկերով ստեղծվում, բարգավաճում ու մոդեռնացվում է այժմ այլևս տուրիզմի կենտրոնը: Ո՞ր խավն այստեղ հանգստանալու հնարավորություն կունենա: Եվ արդյո՞ք միջին խավին մատչելի կլինեն այն էլիտար օբյեկտները, որոնք կառուցվել են իր իսկ վարած հարկերի հաշվին: Ըստ ամենայնի` ոչ: Եվ դա չի ժխտում Ծաղկաձորի նոր կարգավիճակը հանրությանը ծանուցող ՀՀ առևտրի և տնտեսության զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Ըստ նրա, գնացուցակ սահմանելը պետության խնդիրը չէ: Եվ ինչ պարտադիր է, որ սովորական մարդիկ ոտք մեկնեն օլիգարխների, նախարարների և այլ պաշտոնյաների հետ և ծաղկաձորյան հանգստյան տներում ու հյուրանոցներում հանգստանալու հույս փայփայեն: Կարելի է և ավելի մատչելի օբյեկտներում հանգրվանել, ինչպես առաջարկում է նախարարի տեղակալը` մատնանշելով վարձով տրվող առանձնատները: Այնպես որ, Ծաղկաձորից հարկատուին բաժին են հասնում մասնավոր տները և ասֆալտապատ փողոցները, ինչից նրանք Երևանում էլ զուրկ չեն: Ստացվում է` Ծաղկաձորում հանգստանալու պատրանքն էլ մեզ բավական է: Արա Պետրոսյանի մեկնաբանությամբ, պետությունը Ծաղկաձորի` որպես զբոսաշրջության կենտրոնի զարգացման ծրագրերը` ֆինանսավորում է մասնավոր ներդրողին շահագրգռելու նպատակով: «Պետությունը որքան ավելացնի իր մասնաբաժինը, մասնավոր ներդրողն ավելի շահագրգռված կլինի ներգրավվել»,- ասում է նախարարի տեղակալը: Եվ, իհարկե, շահագրգռված կլինի. պետությունն օգնում է զարգացնել օլիգարխների բիզնեսը, այն ավելի շահութաբեր դարձնել: Իսկ դու` հարկատուդ... «Ով ուտի յուղն ու ճմուռը, ով գլուխը տա տուրը» ասացվածքն այստեղ ճիշտ իր տեղում է:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ