Մարդը, որ ժպիտ է բաժանում


Կենտրոնական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, փոխգնդապետ Յուրի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ հրաշագործ բժիշկ են համարում: Այդ կարծիքին են նրա հիվանդները, ովքեր ոգևորությամբ պատմում են բժշկի անհավանական վիրահատությունների ու անհավատալի հաղթանակների մասին: Բժիշկը նրանց կյանք է նվիրել, վերադարձրել է ժպիտը և գեղեցկություն է պարգևել: Վիրահատարանում հրաշքներ գործող Յուրի Պողոսյանը կյանքում համեստ է, պարզ, անմիջական ու անբռնազբոս: - Ձեր կատարած բարդ, գրեթե անհավանական վիրահատությունների մասին կխոսենք ավելի ուշ, իսկ այժմ, որպես զրույցի սկիզբ, պատմեք Ձեր մանկության, անցյալի տպավորությունների, ծնողների ու մտերիմների մասին: - Մանկությունս անցել է Հրազդանի շրջանի Ջրառատ գյուղում: Մանկություն ասելիս առաջին հերթին հիշում եմ պապիս ու տատիս: Զարմանալի ինքնատիպ մարդիկ էին, արտասովոր անհատականություն` գունեղ, կոլորիտով: Աղաբեկ պապիս բոլորն էին ճանաչում, հարգված մարդ էր: Ռեպրեսիայի տարիներին աքսորվել էր, իսկ որոշ ժամանակ անց վերադարձել` աքսորավայրից հետը բերելով վարսավիրական պարագաներ և գերմանական բարձրորակ բժշկական աքցաններ: Դժվար է ասել` նրա արհեստանոցն ավելի շատ վարսավիրանո՞ց էր, թե՞ ատամնաբուժարան: Ե°վ հարդարվելու եկած հաճախորդը, և° ատամնացավից տառապողը նույն աթոռին էին նստում: - Բժշկական կրթություն ունե՞ր: - Չէ, ի՞նչ կրթություն... աքսորավայրում էր սովորել: Ամենից շատ տատիս հետ էի կապված: Իմ մանկությունը ծայրից ծայր լցված էր տատիս շնչով, մեղմությամբ, լավաշի բույրով ու հոգեցունց պատմություններով: Միասին սար էինք գնում: Կանաչ ծաղկահոտ սարերը տատիս մանկություն էին տանում, կարոտի ճամփաներով գնում- հասնում էր Ղարս, ու ես հուզմունքով լսում էի տատիս պատմությունները: «Թուրքերն ասին` հավաքվեք մեյդանում, պիտի բարիշենք: Իմ հերն ասեց` թուրքին էհթիբար չկա, թակարդի հոտ եմ առնում: Մեյդանում ահագին հայ հավաքվեց, տեղ-դադար չկար: Մեկ էլ ասկյարները վրա տվին, ջարդեցին անզեն մարդկանց, արունն առու կապեց: Մի քանի օր անց հերթը մեզ էլ հասավ. հորս, չորս ախպերներիս աչքիս առաջ մորթեցին: Ես յոթ տարեկան էի, մտել էի կարասների արանքն ու վախից պապանձվել: Երբ թուրքերը գնացին, փախա տնից: Հետո գաղթականների խմբի հետ եկա Էջմիածին...»: ...Թուրք բառը խառնակ զգացմունքներ էր առաջացնում իմ մեջ: Երբ տանում էի գառներն արածեցնելու, մեկ առ մեկ վերհիշում էի տատիս պատմածները, ու վախը, ցավը, վրիժառությունը, ատելությունը խառնվում էին իրար: Մի օր գայլը աչքիս առաջ գողացավ իմ պահած գառներից մեկը: Ու դրանից հետո թուրքը ինձ համար պատկերանում էր կարմիր, կայծկլտուն աչքերով գայլի տեսքով` փոքրիկ գառնուկին ճանկած: Ինչ իմանայի, որ տարիներ անց դեմ առ դեմ հանդիպելու էի գայլային նախճիրի և ոսոխի նշանառության տակ վիրահատելու էի սեփական հողը պաշտպանող քաջորդիներին: - Ի՞նչ նախասիրություններ ունեիք փոքր ժամանակ, ինչո՞վ էիք հետաքրքրվում: - Սիրում էի նկարել: Մինչ օրս էլ նկարում եմ, մեր տան, աշխատասենյակիցս պատերին իմ նկարներն են: Հայրս ակումբի վարիչ էր, և ես նրա կազմակերպած միջոցառումների ամենահավատարիմ դիտորդն էի` համերգ, թատրոն, կինո բաց չէի թողնում: Դպրոցում հետաքրքրված էի ռադիոֆիզիկայով: Հաճախում էի պատանի ռադիոսիրողների խմբակ, տարբեր մոդելներ էի հավաքում` նավ, ռադիոընդունիչ, որոնք ցուցադրվում էին Երևանում: - Արվեստ էիք սիրում, ռադիոֆիզիկա, բայց բժիշկ դարձաք: - Մեր գյուղ եկավ մի նորավարտ քիմիայի ուսուցչուհի, շատ գեղեցիկ էր, մեղմ, նուրբ: Նրա դասերը մի ուրիշ ոգևորությամբ էի սովորում: Օր օրի առարկան յուրացնում էի ավելի խոր ու համակողմանի: Ուսուցչուհին չպարտադրեց, այլ շատ նրբանկատորեն հուշեց բժիշկ դառնալու միտքը: Հիշեցի պապիս գերմանական աքցանները, ատամնացավից տնքացող հիվանդներին ու... որոշեցի ատամնաբույժ դառնալ: - Որտե՞ղ եք աշխատել մինչև բանակ գալը: - Աշխատանքային կենսագրությունս սկսել եմ բուժկետի վարիչից, 10 տարի ղեկավարել եմ ԽՍՀՄ սպորտբազայի պոլիկլինիկան, պաշտպանել եմ թեկնածուական թեզը: Այնուհետև ղեկավարել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիայի բժշկակենսաբանական բաժինը: Բժշկական ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում լաբորանտից հասել եմ դոցենտի պաշտոնի: 1993 թ. պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Աղաբաբյանը ինձ հրավիրեց ծառայելու բանակում: Գնացի այնտեղ, ուր իմ կարիքն ավելի շատ էին զգում: Իմ կյանքում սկսվեց մի ծանր ու հոգսաշատ շրջան: Սահմանից դիմածնոտային վնասվածքներով հոսպիտալ բերվածների հոսքը չէր դադարում, օրը մի քանի վիրահատություն էի կատարում, ծանր վիրահատություններ: - Պարոն Պողոսյան, արդեն 10 տարի ղեկավարում եք ՊՆ կենտրոնական հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժինը, որը Ձեր շնորհիվ հռչակվել է հանրապետությունում` որպես լավագույնը իր տեսակի մեջ: - Ես միշտ ձգտել եմ առավելագույնի, ջանացել եմ հետ չմնալ ժամանակի նվաճումներից: Այսօր մեր բաժնում կատարվում են միջազգային ամենաբարձր չափանիշներին հարիր վիրահատություններ: Բուժում ենք մարդկանց, փրկում դեմքը այլակերպումից, ամեն ինչ անում ենք, որ կրկին ժպտան, որ կարողանան երջանիկ լինել: - Դուք պրակտիկ բժիշկ եք, գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունեցե՞լ եք: - Ես ավելի քան 250 գիտական աշխատանքի, 30 գյուտի և 15 ուսումնական ձեռնարկի հեղինակ եմ: Միշտ հետամուտ եմ մեր ասպարեզի մասնագիտական գրականությանը, որ տպագրվում է ամբողջ աշխարհում: Նաև թարգմանություններ եմ անում: - Արժանի հետնորդներ ունե՞ք: Դիմածնոտային վիրաբուժության ասպարեզում խոստումնալից մասնագետներ կա՞ն: - Ես ղեկավարել եմ տասը թեկնածուական թեզ, իմ ուսանողները այսօր ղեկավարում են տարբեր կլինիկաների դիմածնոտային վիրաբուժության բաժինները, նրանցից շատերը ճանաչված մասնագետներ են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: - Պատմեք Ձեր ներկայիս ընտանիքի մասին: Մասնավորապես ցանկանում եմ իմանալ Ձեր զավակներից որևէ մեկին փոխանցե՞լ եք դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունը: - Կինս ու տղաս բնակվում են Ամերիկայում, ես ու աղջիկս հայրենիքում ենք մնացել: Որքան էլ զարմանալի է` իմ հետքերով ոչ թե տղաս, այլ աղջիկս է գնացել: Աննա Պողոսյանը համալսարանական 2-րդ կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի վարիչն է: - Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ, ի՞նչ նախասիրություններ ունեք: - Սիրում եմ հող մշակել: Հաճախ եմ նկարում` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ: Մեղու եմ պահում: Դա իմ թուլությունն է, սիրում եմ այդ ժրաջան, անդադրում արարածին, ինձ հիացնում է մեղվաընտանիքում տիրող կարգապահությունն ու օրենքների արդարությունը: Իմ կյանքում կա ամենակարևորը` մարդկանց օգտակար լինելու, ցավը մեղմելու, դժբախտության ճիրաններից փրկելու, ուրախություն ու ժպիտ պարգևելու շնորհը: - Երբ նայում էի նկարները, տեսա սարսափելիորեն այլակերպված դեմքեր, որոնցից շատերը վիրահատությունից հետո անճանաչելի էին: Իրոք, մարդուն խլում եք դժբախտության ճիրաններից ու վերադարձնում ապրած կյանքից հաճույք ստանալու հնարավորությունը: Վիրահատասենյակից դուրս գալիս, հավանաբար, հաղթած հերոս եք Ձեզ զգում: - Վիրահատարանից դուրս գալիս ոգևորություն եմ զգում ու հոգու խաղաղություն: Դա իմ աշխատանքն է, իմ առօրյան, իմ կյանքը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ