Առաջին տոնական ղողանջները


«Այգաբացի տասնօրյակի» մեկնարկի պատիվը վերապահված էր իրանցի գեղանկարիչ Ամիր Հոսեյն Աղամիրիի աշխատանքների և հեղափոխության թեժ դրվագները պատկերող երկու տասնյակից ավելի լուսանկարչական հավաքածուի ցուցադրությանը: Ներկայացված էին նաև նմուշներ ժողովրդական ստեղծագործության` էմալապատ, նախշազարդ սպասքներ, փայտի փորագրություններ, մետաղե սափորներ ու մատուցարաններ: Հայ-իրանական հոգևոր-մշակութային կամուրջի հաստատուն ամրապնդման հավաստիքն էր այն կարևոր հանգամանքը, որ ցուցահանդեսի մուտքի խորհրդանշական ժապավենը, ավանդական դարձած պաշտոնական արարողությունից հետո, կտրեցին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալիրեզա Հաղիղյանը: Առաջին իսկ` «Մեծամտություն» նկարով Ամիր Հոսեյն Աղամիրին գրավեց ներկաների ու հոգևոր-աշխարհիկ բարձրաստիճան հյուրերի ուշադրությունը իր աշխատաոճի ու գեղագիտության նկատմամբ: Սերված լինելով նկարիչների տոհմից` իրանցի մանրանկարիչը սկսել է ստեղծագործել մանուկ հասակից, խստապահանջ ավագների աչալուրջ հսկողության տակ: Մասնակցել է 30 անհատական ու խմբակային ցուցահանդեսների ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում: Բազմիցս մասնակցել է Իրանում անցկացվող Ղուրանի ձևավորման մրցույթներին ու ցուցահանդեսներին, արժանացել լավագույն մանրանկարիչ և այլ մրցանակների: Հայաստանի արվեստասերներին ներկայանում էր առաջին անգամ: Պատանեկան հուզմունքով ու պատրաստակամությամբ թարգմանչի միջոցով անմիջական շփման մեջ էր մտնում հետաքրքրասերների հետ` ջանալով հասկանալի ու սիրելի դարձնել նրանց իր նկարչական աշխարհը: Հիմնականում գուաշով ու ջրաներկով արված նրա գործերում հազվադեպ էին վառվռուն երանգները: Իրենց կրոնական-դիցաբանական թեմատիկայով, փիլիսոփայական համամարդկային որոշ շեշտադրումներով երկար մտորելու ու պրպտելու պահանջ էին հարուցում «Ժամանակ», «Պատրանք», «Նահատակություն», «Մարդը», «Համբելն ու Ղամբելը» աշխատանքները: Իր կենսական-հուզական հագեցվածությամբ առանձնանում էր «Հրաժեշտը»: Ինքը` գեղանկարիչը, ցուցադրված 21 աշխատանքներից լավագույնները համարում է «Հովսեփը ձկան բերանում» և «Դատաստան» գործերը: Աննախադեպ իրադարձություն ՀԳՄ Կլոր սրահը անսովոր շքեղ տեսք էր ստացել` կենտրոնում, գունեղ նախշազարդ արկղիկում, հատուկ պատգարակի վրա դրված, մահմեդական աշխարհի սբ. գիրքն էր, խորքում` ՀՀ և ԻԻՀ պետական դրոշները: Մտավորականների բազմանդամ հավաքականությունը պարզ վկայությունն էր անցկացվելիք միջոցառման բացառիկության` Հայաստանի գրողների միությունում Ղուրանի շնորհանդեսի: Իրավացի էր Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական, «Այգաբացի տասնօրյակի» գլխավոր կազմակերպիչ Ռեզա Աթուֆին` սա պետք է համարել հայ-իրանական մշակութային հարաբերությունների կուլմինացիոն կետը: Յուրահատուկ այս գրքի առաջին արևելահայ թարգմանությունը, իսկապես, օրգանական անհրաժեշտություն էր: 110 տարի առաջ կատարված թարգմանությունները, իրենցում տեղ գտած անճշտություններով հանդերձ, գրեթե անմատչելի էին գրասեր հասարակայնության համար: Դրանք կարելի էր տեսնել միայն թանգարաններում, ցուցափեղկի տակ: Հարևանիդ հետ բարեկամություն անելիս պարտավոր ես իմանալ նրա հոգեկերտվածքի ներթաքույց բաղկացուցիչները: Այս առումով Ղուրանի արևելահայերեն թարգմանությունը չափազանց կարևոր ու անփոխարինելի է: Իր նշանակությամբ այն նույնացվեց Կապույտ մզկիթի վերականգնման հետ: Նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքներից հետո հավաքվեց թարգմանչական խումբ` բանաստեղծ, թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանի գլխավորությամբ, արվեցին առաջին 6 սուրահների փորձնական թարգմանությունները, ճշգրտվեցին նեղ մասնագետների կողմից ու սկսվեցին լայնածավալ աշխատանքները: Պատահական չէր Էդվարդ Հախվերդյանի ընտրությունը, ով շուրջ 15 տարի զբաղվում է թարգմանական բեղուն գործունեությամբ: Յուրատեսակ նախապատրաստական քայլ էր Սպահանի գիտաժողովում «Մարիամ Աստվածածնի կերպարը Սբ. Ղուրանում» զեկուցումը` հակված բացահայտելու երկու ժողովուրդների հոգևոր գրավոր առաջնորդարանների ինչ-ինչ առնչություններ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հոգևոր-բարոյական աջակցությամբ, ԻԻՀ դեսպանի նյութական օժանդակությամբ եռամյա ստեղծագործական տքնանքը տալիս է ցանկալի արդյունք` լույս է տեսնում Ղուրանի արևելահայերեն շքեղ հրատարակությունը` հարուստ ծանոթագրություններով, բարձրարվեստ ձևավորմամբ: Առայժմ` 1000 օրինակով, ոչ մասսայական վաճառքի համար: Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալիրեզա Հաղիղյանի գնահատմամբ` անգնահատելի մի աշխատություն, որ բարեգութ Աստծո ողորմածությամբ ի զորու է խթանելու երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները, անխախտ հիմքերի վրա հաստատելու նրանց բարեկամությունը, աստվածային գաղափարների ծարավ հանրությանը` հավերժ մնայուն գիրք: Ի նշան երախտագիտության, դեսպանը Էդվարդ Հախվերդյանին է հանձնում հատուկ պատվոգիր և Իրանի երկշաբաթյա ուղեգիր` լիահույս, որ հայ մտավորականը կշարունակի ակտիվորեն մասնակցել հայ-իրանական հոգևոր-մշակութային կապերի զարգացմանը իր բարձրարվեստ թարգմանչական գործունեությամբ: Նույն միտքը հաստատեցին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ով Հախվերդյանի թարգմանական վաստակի գոհարը համարեց արևելահայերեն Ղուրանը, և Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ով շեշտադրեց Վեհափառի ուղերձի հիմնական գաղափարը` գովելի են բարի գործերը, որոնք ծառայում են ժողովուրդների բարեկամության հարատևությանը: Կապույտ մզկիթը` ուսանողների աչքերով Մշակույթը բոլոր փակ դռներն է բացում` լուսավորելով մարդկանց հոգու գոցված աչքերը: Այս մասին էր փաստում Կապույտ մզկիթի նորաբաց` Հոսեյինի սրահում կազմակերպ ված ցուցահանդես-մրցույթը, որին ներկայացված էին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի 17 ուսանողների երեք տասնյակից ավելի աշխատանքները: Իրենց գունային լուծումներով ուշագրավ էին առանց բացառության բոլորը, ուստի պատահաբար չէր, որ ԻԻՀ Մշակույթի կենտրոնի կողմից դրանց հեղինակներին շնորհվեցին պատվոգրեր ու խրախուսական դրամական պարգևներ: Այդուհանդերձ, առանձնացվեցին լավագույնները` Լուսինե Գրիգորյանը (I մրցանակ), Արմենուհի Սարգսյանը (II մրցանակ) և Վահագն Մուրադյանը (III մրցանակ): Ուսումնարանի տնօրեն Սամվել Պետրոսյանը, որ պաշտոնավարում է 17 տարի, հուսով է, որ այսպիսով, գուցե, վերականգնվի հին, բարի ավանդույթը` Կապույտ մզկիթը յուրատեսակ հավաքատեղի կդառնա հայ արվեստագետների տարբեր սերունդների, ովքեր իրենց իրանցի գործընկերների հետ մշակութային ընթացիկ կյանքը աշխուժացնող միջոցառումներ կհղանան ի նպաստ երկու հարևան ժողովուրդների մշակութային բարեկամության հարատևության: ...Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 28-րդ տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակը» շարունակում է թերթել իր տոնացույցի էջերը` անցկացնելով տարաբնույթ նորանոր միջոցառումներ, որոնց մասնակցելը լիարժեք հնարավորություն է ընձեռում ավելի ստույգ ճանաչելու իրանցիների հոգեկերտվածքը, պատմական անցյալն ու ներկան:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ