ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Առաջնորդվել ազգային ծրագրերով


նցած 15 տարիները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում երաշխավորել պետականությունն ազգային հիմքով զարգացնելու պայմանը: Մտահոգիչ է, մասնավորապես, կրթության բնագավառի վիճակը: Մեր երկրի անցյալով ու ներկայով ապրող ու ապագայով մտահոգ քաղաքացիներ դաստիարակելու փոխարեն մեր կրթահամակարգը պատրաստում է «ամենաքաղաքացի», մարդ, որը պատրաստ է ամեն պահի լքելու հայրենիքը, ծառայելու օտարին, անգամ` ի վնաս իրեն ծնող ազգի: Պատճառները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենակարեւորն ազգային գաղափարախոսության` ազգապահպանման, զարգացման ու հարատեւման ծրագրի բացակայությունն է: Կրթահամակարգի հեղհեղուկ վիճակը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս իրենց հարմար պահին անհրաժեշտ ծավալի միջամտության դիմել: Մենք դեռ չենք թոթափել խորհրդային լուծը, որի դրսեւորումներից մեկը համատարած երկլեզվությունն է. Հայաստանի Հանրապետությանյուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգային պատկանելությունից, հնարավորություն ունի ողջ կյանքում չգործածել հայերենը` պետական լեզուն, եւ անգամ պետական պաշտոններ զբաղեցնել: Մեր երկրում ամեն քայլափոխի արհամարհվում են ազգային խորհրդանիշերը` հարուցելով օտարի արհամարհանքը մեր` հայերիս նկատմամբ: Հատկանշական է, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը, որով հայոց լեզուն պետական է հռչակված, անփոփոխելիներից չէ: Նշանակում է` հիմնական օրենքով ենթադրվում է նաեւ համապատասխան միջամտություն: Սա է նաեւ պատճառը, որ մի քանի ամիս առաջ ՌԴ դեսպանը կոչ արեց վերականգնել ռուսական դպրոցները (իբր, դրանք վերացել են): Հետեւեց «Հայաստանում ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությունը քառալեզու ուսուցման անցնելու մասին: Այսպիսով, որոշ ուժեր մտադիր են 98%-ով միատարր ազգային կազմով մեր երկիրը վերածել բազմալեզու, սեփական ինքնությունը չգիտակցող հանրույթի, որի գերնպատակը պարզապես գոյատեւելն է, գաղթելը կամ օտարին ծառայելը: Հայաստանի Հանրապետության կրթահամակարգը պետք է առաջնորդվի ազգային պետականությունն ամրապնդելու կոչված կայուն ծրագրերով: Միջնակարգ կրթություն ստացած քաղաքացին պարտավոր է տիրապետել հայոց արժեքային համակարգին: Անհրաժեշտ է արմատախիլ անել համատարած երկլեզվությունը, որը բազմալեզվության հիմքն է եւ ազգը բազմամշակութային խառնամբոխի վերածելու ուղին: Սա անարյուն, էժան եղանակով մեր պետականությանը, ազգի գոյությանը վերջ տալու ծրագիր է: Պահանջում ենք. ա. Հայաստանի Հանրապետությունում օրինական համարել եւ հարկատուի հաշվին պահպանել եւ զարգացնել միմիայն հայկական կրթօջախները, բ. Պետբյուջեից անհրաժեշտ ծավալի միջոցներ հատկացնել բուհական եւ միջին մասնագիտական ուսմանն առնչված գրականությունը հայերեն թարգմանելու համար, գ. Անհապաղ ձեռնամուխ լինել դպրոցական դասագրքերի բովանդակային փոփոխությանը, դասագրքաստեղծ գործունեության իրավունք վերապահել այնպիսի հեղինակների, ովքեր կգործեն ազգային հստակ չափորոշիչների շրջանակներում, դ. Տարրական դպրոցում ուսուցանումը եւ դաստիարակությունը կազմակերպել միայն ՀՀ պետական լեզվով, ե. Օտար լեզուների ուսումնասիրությունը ծառայեցնել պետության իրական շահերին` բացառելով համատարած երկլեզվությունը կամ բազմալեզվությունը, զ. Բացառել օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների ակնհայտ կամ միջնորդավորված միջամտությունը կրթության եւ դաստիարակության գործին` վերջինս դիտարկելով որպես ազգային անվտանգության կարեւորագույն գործոն: է. Պետական պաշտոններ զբաղեցնող եւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթները պետք է լինեն միայն հայերենով: Հիմնովին բացառել պետական լեզվին ու հայոց արժեքային համակարգին չտիրապետողներին պաշտոնի նշանակելու հնարավո րությունը: ը. Բոլոր գովազդները, ցուցանակները, պիտակները, ծանուցագրերը, այցետոմսերը ևն. պարտավոր են լինել անպայմանորեն հայերեն լեզվով, իսկ բազմալեզվության դեպքում` հայերենի առաջնայնության նախապայմանով: Բացառել հայատառ օտարալեզվությունն այս ոլորտում: