Երկխոսության հրավեր


Հրապարակելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցելով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման: (Սկիզբը` նախորդ համարներում) - Արհեստի առումով ի՞նչ պրոբլեմներ ունի տիկնիկայինը, նեղ մասնագետների հերթափոխն ապահովվո՞ւմ է: - Տիկնիկներ պատրաստողները շատ լավ մասնագետներ են: Եվ° քանդակագործը, և° տիկնիկագործները, և° զոդողը, և° դերձակը... Կա մի մեծ պրոբլեմ, որը միայն մեր թատրոնին չի վերաբերում: Հայաստանը մեկուսացված է աշխարհից: Մենք նմանվել ենք մի վագոնի, որը գնացքից անջատվել է, ռելսերով, կարծես, գնում է, բայց գնալով հեռանում է գնացքից` ընթանալով միայն իներցիայով: Մեր փոխշփումները քիչ են: - Փառատոները չե՞ն նպաստում: - Դա շատ քիչ է: Երկու տարի առաջ մեկնեցինք Կահիրե: Խոսեցինք մշակույթի նախարարի հետ ու զարմացանք: Ասաց, որ իրենց ազգը շատ հետամնաց է և միայն այս ճանապարհով` միջազգային ներկայացուցչական խոշոր փառատոներ կազմակերպելով կարող են դրական տեղաշարժի հասնել: Հսկայական գումար էին տրամադրել: Մենք պետք է հասկանանք, որ մշակույթի հարուստ պատմությունը հարուստ շարունակություն է պարտավորեցնում: Ամոթ է, ունենալով Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, լինել այսպիսին: Եթե մշակույթի, գիտության զարգացումը թեկուզ կարճ ժամանակով կանգ է առնում, քաղաքակրթությունից ետ ես մնում: Առաջ գնալու համար անպայման կողքերդ պետք է տեսնես: - Միջազգային փոխշփումներ ունենալու համար մեծ գումարներ են պահանջվում: Որտեղի՞ց պարտքերի մեջ ընկղմված, աղքատիկ ռեսուրսներով, հաղորդակցական փակուղում գտնվող մեր փոքրիկ երկրին այդքան միջոցներ` ձաղոխվում են հյուրախաղեր, մերժվում հրավերներ: Պետական թատրոնները չնչին դոտացիաներով դժվարանում են նոր բեմադրություններ անել, հավուր պատշաճին վարձատրել աշխատակիցներին: Արվեստագետներից ոմանք վաստակելու ցածրարվեստ ու ցածրաճաշակ հնարներ են գտնում` աստիճանաբար կորցնելով ստեղծագործական ներշնչանքն ու հետաքրքրությունը լուրջ արվեստում... - Համաձայն եմ, բայց միայն դա չէ խնդիրը: Կարող ես ֆինանսներ հայթայթել, շքեղ մասսայական ներկայացում անել, բայց չհուզել: Մեկ այլ պարագայում` կիսադատարկ բեմում մի քանի դերասանով կարելի է սքանչելի բեմադրություն անել` հագեցած ասելիքով, իմաստավորված դերակատարումներով: Տիկնիկային թատրոնը իմաստության յուրատեսակ դպրոց է դերասանի համար, սովորեցնում է սիմվոլներով մտածել, անշունչ առարկաները անձնավորել: Երեխաներն էլ, մեծահասակների նման, թատրոն գալով ընդունում են թատերական խաղի նախնական պայմանները: Նրանց պետք է կարողանաս հետաքրքրել, գրավել, շահագրգռել, հուզել: Բեմը սուտ չի հանդուրժում: Երբ խաղում էինք «Բալենու այգին», հանդիսատեսը քաջ գիտակցում էր, որ 80-ամյա Ֆիրսի դերում 21 տարեկան երիտասարդ է հանդես գալիս: Արայիկ Խզմալյանն էր խաղում: Հուզե՞ց: Ի դեպ, նա ծերունու կեցվածք չէր ընդունում, նույնիսկ պարում էր: Հանդիսատեսը լալիս էր այդ մարդու ողբերգությունից, մարդու, ով սիմվոլ էր մի ամբողջ երկրի: Տաթևիկը հրաշալի խաղում էր Ռանևսկայա: Նորերի մեջ օժտված երեխաներ կան, ովքեր, ցավոք, ոչ իրենց մեղքով, այս երկրի մեջ իրենց ապագան չեն տեսնում: Ես նրանց չեմ մեղադրում հայրենիքին դավաճանելու մեջ, ինչպես ընդունված է այժմ: Մենք ենք մեղավոր, որ նրանց համար բարենպաստ կենսամիջավայր չկա: Սա փակուղային վիճակ է: - Ներկայիս մեր թատերական կյանքում ի՞նչ նշանակալից երևույթներ, իրողություններ կառանձնացնեիք: - Վերջապես ասպարեզում երևացին երիտասարդ բեմադրիչներ, ովքեր, լինելով տարբեր մտածողության, տարբեր ոճերի տեր, հավաքեցին իրենց շուրջը կարող ուժեր և, կարծում եմ, լուրջ հայտ կներկայացնեն ավագներին` Վահան Բադալյանը, Սուրեն Շահվերդյանը, Նարինե Գրիգորյանը: Սա շատ ուրախալի է, երկար սպասված տեղաշարժ: Մենք` ավագներս, պետք է մի կողմ դնենք մեր փառասիրությունը և հնարավորություն տանք նրանց լիարժեք բացահայտվելու: - Ալտերնատիվ թատերական միություն ստեղծելը օրգանական անհրաժեշտությո՞ւն էր, հոգևոր-բարոյական պահա՞նջ... - Սկզբունքը նույնն էր` եթե համարում ես, որ որևէ բան այնպես չէ, ստեղծիր քոնը: Հիմա արդեն ես չեմ մտածում նախկին կառույցի բարեփոխման մասին: Աշխատում եմ ստեղծել այն, ինչ մտածում էի: Շատ բան արված չէ: Ամենամեծ ձեռքբերումը «Սկենե» թերթի 4 համարներն են... - «Սկենե»-ի այդ համարներն առավելապես հագեցած էին ամսագրային-դասագրքային նյութերով: Թատերական մամուլի բացակայության պարագայում լավ կլիներ, որ նրա էջերում ցայտուն երևար արդի թատերարվեստի ճակատագրով երիտասարդ արվեստագետ ների մտահոգությունը, ծավալվեին բուռն քննարկումներ, արդյունավետ բանավեճեր: Մինչդեռ... Կարելի է ընդունել կամ մերժել որևէ թատերական գործչի աշխատանքը, բայց միայն` անչար քննադատությամբ: Այս առումով «Սկենե»-ն ներքին բարեկիրթ գրաքննիչի ակնհայտ կարիք ունի: - Ես չեմ խառնվում երիտասարդների գործերին... Նաև 4 բեմադրություններ են իրագործվել և մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք քննարկվում են Ազգային ժողովում: Ոչ սեփականություն ունենք, ոչ ֆինանսներ: Առաջարկում էին մի ճանապարհ, որին ես կտրուկ դեմ եմ` բաժանել ԹԳ միության ունեցվածքը: Օրենքով դա հնարավոր էր, բայց ես բարոյական համարեցի զրոյից սկսել: - Որքա՞ն մարդ է անդամագրված ձեր միությանը: - Միությունը ոչ տոմսեր է տալիս, ոչ անդամավճար գանձում: Հիմնականում երիտասարդներն են գալիս, առաջարկություններ անում: Մենք օժանդակում ենք դրանց իրագործմանը: Օրինակ, վերջերս ցանկություն հայտնեցին դրամատուրգիայի փառատոն կազմակերպել, նոր անուններ ի հայտ բերել, պիեսներ պատվիրել նրանց: Մենք ընդառաջեցինք: Համագործակցում ենք նաև որևէ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկող մյուս թատերական գործիչների հետ: Ստեղծագործական միությունների առատության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Վերջիվերջո, բուն թատերական պրոբլեմները ոչ միությունում, ոչ նախարարությունում լուծվել չեն կարող: Նրանք կոչված են պայմաններ ստեղծելու: Ստեղագոր ծությունը տեղի է ունենում անհատների միջոցով, թատրոններում: Մեծ նշանակություն եմ տալիս օրենսդրական դաշտին: Կարծում եմ, այս կարծրացած ձևը խանգարում է ստեղծագործելուն: Պետական թատրոնների ղեկավարներս, ժամանակ առ ժամանակ, մրցույթով պետք է հաստատենք մեր իրավունքը թատրոն ղեկավարելու: Կյանքը մրցույթ է, մրցակցություն: - \"Ը րցՊՖՌ ՍՑՏ?\"... Չեմ հավատում արդար մրցույթին: Չէ՞ որ պրոֆեսիոնալիզմի պակաս ունենք... - Սկսած կնոջ սիրտը շահելուց` մենք մտնում ենք մրցության մեջ: Սա բնական պրոցես է, սրանից չպետք է խուսափել: Մրցույթով չանցածներին հարկ է գտնել իրենց գործունեության նոր ոլորտ և չհրաժարվել մասնակցելուց թատերական գործի կազմակերպման հետագա աշխատանքներին: Արևի տակ տեղ կա բոլորիս համար: Չկառչենք աթոռներից: Մեր թատրոնում խաղացվում են ներկայացումներ, որոնք բեմադրվել են տասնյակ տարիներ առաջ, որոնց բեմադրիչները ինձ հետ անհաշտ են եղել, նույնիսկ չեն խոսել` չգիտեմ ինչու: Պահպանում ենք Տիգրան Զահալյանի, Ռուբեն Մարուխյանի, Երվանդ Մանարյանի, Անդրանիկ Գամջյանի բեմադրությունները, վերականգնում հնում եղած լավը: Ճիշտ էգոիզմը վատ հատկանիշ չէ, այն բերում է մի գիտակցության, որ դու հասկանում ես կողքինիդ կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ո՞ւմ է պետք, որ տիկնիկայինի խաղացանկում լինեն 30-ի փոխարեն 10 ներկայացում, 10-ն էլ Ռուբեն Բաբայանինը: Ես ինքս ինձնից կզզվեմ: Էլ չեմ խոսում դերասանների ու հանդիսատեսի մասին: Եթե որևէ երկրի նախագահ ընտրություններում պարտվում է, դրանով նրա կյանքը չի ավարտվում, իր կուտակած փորձով ու գիտելիքներով նա շարունակում է որևէ այլ օղակում օգտակար գործունեություն ծավալել: - Ձեր թիվ 1 անելիքը: - Անելիքներս միտված են մի նպատակի` դարձնել այս թատրոնը գործի լավագույն կազմակերպման օրինակ: - Ի՞նչ նոր բեմադրություններ եք պատրաստում: - Շուտով «Անբան Հուռին» («Հենց էդ Հուռին») կցուցադրենք: Գոգոլի «Շինելն» եմ սկսել` խամաճիկներով, առանց խոսքի: Էդիկ Կարապետյանի երաժշտական ձևավորմամբ: Մյուսների նման չեմ հայտարարում, թե տեսնում եմ բեմադրությունը: Եթե տեսնեմ, ինձ համար նրա վրա աշխատելը անհետաքրքիր կլինի: Երբեք չեմ վերանայում ներկայացումներս` երեխան ինչպես ծնվեց-ծնվեց: Ուզում եմ վերականգնել մի քանի լավ ներկայացումներ` «Անհաղթ աքլորը» (որով թատրոնը դուրս եկավ միջազգային ասպարեզ), Զահալյանի «Գայլի և ուլիկների նոր արկածները», Մանգասարովի «Ճանապարհային արկածները»: Երիտասարդները կանեն էքսպերիմենտալ գործեր: Եթե վերադառնա Տաթևիկը, կվերականգնենք «Բալենու այգին» ... Գուցե սկսենք «Գոնզագոյի սպանությունը»: Անելու բան միշտ կա: Ինձ երջանիկ կզգամ, եթե կարողանամ մեկ-երկու նոր անուն բացահայտել: