ԱՅՐ ՄԻ ԱՐՑԱԽՑԻ


Ծնվել է 1937 թ. փետրվարի 10-ին ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Գեղջուկ ծնողները չեն էլ իմացել, թե ինչպես է իրենց 17-ամյա որդին հասել Երևան, ոչ մի ծանոթ կամ հարազատ չունենալով, տեղավորվել Ղ. Ղուկասյանի անվան այգու նստարանին, գիշերել բաց երկնքի տակ և առավոտյան քննություն հանձնել ու գերազանց գնահատականներով ընդունվել պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: Փայլուն ավարտելով համալսարանը` աշխատանքի է անցել Լենինյան շրջանում (այժմ` Շենգավիթ)` վարելով ֆինբաժնի վարիչի պաշտոնը: Կարճ ժամանակ անց նա առաջ է քաշվել և նշանակվել Երքաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ և պլանային հանձնաժողո վի նախագահ: Այո°, եղել են այդպիսի ժամանակներ, երբ նկատվել ու գնահատվել են տաղանդները: Անբասիր ծառայությունների համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, արժանացել ԽՍՀՄ վաստակավոր ֆինանսիստի կոչման, սոցմրցության հաղթողի բազում դիպլոմների ու մրցանակների: Նա այսօր կլիներ 70 տարեկան, սակայն, ավա՜ղ, 1991 թ. հունվարի 31-ին ուժերի ծաղկուն շրջանում, կնքեց մահկանացուն` ապրողներիս հիշողության մեջ մնալով իբրև պայքարի առաջամարտիկ, քաղաքական գործիչ, մեծ հայ և, վերջապես, այր մի արցախցի: Արցախ. դա նրա սերն էր, նրա ցավը, ապրելու և արարելու նպատակը, նրա անլռելի զանգակատունը, որի ազատատենչ ղողանջները դեռ շատ վաղուց` ուսանողական տարիների ընդհատակյա հավաքներից էին լցվել նրա երակների մեջ, փոթորկվել ու հասել 1988 թ... Գրիշա Մովսիսյան. ավագ և միջին տարիքի երևանցիները լավ են հիշում նրան, մի մարդու, ով իր` Երքաղխորհրդի պատգամավորական մանդատով կրակոտ ելույթներ էր ունենում մայրաքաղաքի բարգավաճման, արդյունաբերության զարգացման, այն ծաղկուն քաղաքների շարքում պահելու հեռանկարների մասին` ներկայացնելով հենց իր կողմից գլխավորվող Երքաղխորհրդի ֆինանսական վարչության ծրագրերը: Երբ սերմը բարեբեր հողի մեջ է ընկնում, փարթամ ծիլեր է տալիս: Փոխքաղաքապետի պաշտոնը հենց այդ հողն էր: Իր պաշտոնեական դիրքից օգտվելով` նա աջակցում ու ֆինանսավորում էր բոլոր այն խողովակները, որ տանում էին Արցախ: Տարիներով անթեղված կրակը բորբոքվել էր. սկսվել էր Ղարաբաղյան շարժումը... Երքաղխորհրդի նրա առանձնասենյակը յուրատեսակ Սմոլնի էր դարձել. արցախցի մտավորականներն այստեղ էին հավաքվում, օգնության ու ֆինանսավորման ձևեր որոնում, զենք ու ռազմամթերք հայթայթում, ջոկատներ կազմում, և առավոտյան ուղղաթիռները օդ էին բարձրանում` թթվածին տանելով շնչահեղձ Արցախին: Եվ զարմանալին այն էր, որ կրակե օղակ թռչող ուղղաթիռներին ուղեկցող-դիսպետչեր էր նշանակել իր 20-ամյա Մուշեղ որդուն: - Հենց քո տարիքին էր Մուշեղ հորեղբայրդ, որ մասնակցեց Մեծ հարենականին ու չվերադարձավ,- հաճախ հիշեցնում էր նա որդուն,- բայց մենք անպայման կվերադառնանք աշխարհի ամենաչքնաղ մեր գյուղը,- երանությամբ ծրագրում էր նա: Լինելով «Արցախ» հայրենակցական միության փոխնախագահ` օգնության ձևերն ուղղորդում էր հասցեականությամբ, իսկ զինամթերքի մեծ մասը` ծննդավայր Չլդրանին, քանի որ այն ուներ ռազմավարական նշանակություն, և թշնամին հարյուրավոր կյանքեր զոհաբերեց գյուղը գրավելու համար: Արցախյան պատերազմում ամենաթեժ կետերից էր Չլդրանը, որն օրվա ընթացքում անգամ ձեռքից ձեռք էր անցնում և վերջապես ազատագրվեց, սակայն, ավա՜ղ, թիկունքի զինվոր Գ. Մովսիսյանը չտեսավ դա: «Արցախ» հայրենակցական միությունը որոշեց գյուղի միջնակարգ դպրոցն անվանել հայրենասեր համագյուղացու անունով, սակայն, ինչպես ասում են, մարգարեն իր երկրում տեղ չունի, և որոշումը մնաց լոկ ցանկություն: Սիրելի° Գրիշա, մեր զգայո°ւն ու հոգատա°ր ընկեր, այսօր` քո ծննդյան տարելիցի օրը, քո թողած լուսավոր ծիրով հավաքվել են քո մտերիմները, հարազատները` հաղորդակցվելու քո չգոյության-գոյության հետ, ասելու, որ դու երբեք բացակա չստացած ներկա ես, որ բոլորը հիշում են քեզ, քո միշտ մեղավոր թեք ժպիտը, ամոթխած հայացքը, մարդկային եզակի նկարագիր ունեցող քո տեսակը: Միայն մի ցավ ունենք, որ քո գերզգայուն սիրտը քեզ չուղեկցեց մինչև բաղձալի օրը` մայիսի 9-ը... Բայց ունենք մի հաճելի մխիթարություն, որ որդիդ` Մուշեղ Մովսիսյանը, գնում է քո ճամփով. Էջմիածնի փոխքաղաքապետն է և գլխավոր ֆինանսիստը. զուր չապրեցիր, հունդերդ ծլարձակել են...

Սաթիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ