Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում,  իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է


 

Ելքեր պետք է գտնել

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, «Գրական թերթ»-ի

և «Դրամատուրգ» ամսագրի գլխավոր խմբագիր

- Մեր երկրի համար բախտորոշ ժամանակներում միշտ հիշում ենք Թումանյանին, նրա ժողովրդական գրող լինելը, նրա ստեղծագործությունների թափը: Հիշում ենք, բայց շատերը հաճախ չեն էլ մտածում, որ Թումանյանն այնքա˜ն էր սիրում իր ժողովրդին, որ նրա յուրաքանչյուր ցավի ու տառապանքի կրողն էր:

Ես չեմ կարողանում հասկանալ այն արվեստագետներին, ովքեր փակվում են իրենց փղոսկրյա դղյակում` թե իբր` «Գրում եմ, կարդացե´ք»: Մինչդեռ արվեստագետը դառնում է մտավորական` երբ զբաղվում է իր երկրի ճակատագրով: Մարտի 1-ին արյուն թափվեց. քանի՞ մտավորականի ձայն լսվեց: Համակերպվեցի՞նք: Համակերպվեցի´նք:

Ինչպե՞ս կարող է մտածող մարդը չահազանգել, որ երկիրը դատարկվում է: Օրական 300 բնակիչ ունեցող մի գյուղ է դատարկվում, ու բոլորս գիտենք, թե ինչու են գնում:

Այսօր ֆինանսների պակասի պատճառով ես` որպես խմբագիր, չեմ կարողանում գրողներ գործուղել մարզեր: Բայց փառք Աստծո, մարզերում կան գրողներ, ովքեր այնտեղից են գրում` ավելի լավ իմանալով գյուղացու հոգսը: Այսինքն` դժվարություններ կան, բայց ելքեր պետք է գտնել:

 

 

Մենք մեզ չենք գնահատում

Լևոն ԻԳԻԹՅԱՆ ճարտարապետ

- Ես հեռու եմ ազգային սնապարծությունից, բայց համոզված եմ` եթե հայ ես, ուրեմն տաղանդավոր ես: Պարզապես խնդիրն այն է, թե ի՞նչ ես անում այդ տաղանդով: Կոմունիս տական տարիներին, երբ գնում էի Կենտկոմ, գիտեի, որ հակառակորդի հետ գործ ունեմ: Բայց նաև գիտեի, որ նա իր գործի գիտակն է, ոչ թե` այսօրվա նման…

Մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց տաղանդով աշխարհի տարբեր երկրներում մրցանակ մրցանակի ետևից են շահում, համաշխարհային նշանակության հաղթանակներ տոնում, սակայն մեր մամուլը, հեռուստատեսությունը նրանց չեն էլ անդրադառնում: Օրերս Գերմանիայում Սերգեյ Խաչատրյանին հանձնեցին «Բեթհովենի Ջութակի կոնցերտի դարի լավագույն կատարող» մրցանակը: Եվրոպական բոլոր հեռուստաալիքները ներկայացրին նրան, լուսաբանեցին հաղթանակը, իսկ մեզ մո՞տ… Մեր նկարիչներից մեկը բերեց այդ տեսագրությունն ու պատմեց, որ տարել է հեռուստատեսություն, բայց ասել են` «Վճարիր, որ հեռարձակենք»: Բայց այսպիսի վերաբերմունքն էլ չի խանգարում, որ նվիրյալ արվեստագետները, մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլեն միջազգային ասպարեզում:

Այսօր էլ ես ամեն օր մի նոր խոչընդոտ եմ հաղթահարում, որպեսզի արժեքավորը պահպանեմ:

Անդրադառնամ մեր Գեղագիտության ազգային կենտրոնին: Ոչ ոք չի հետաքրքրվում, ոչ մեկի չի անհանգստացնում, որ այդ պատկերասրահում ջեռուցում չկա: Ես իմ անձնական կապերով սրանից-նրանից գումարներ եմ հայթայթում, որպեսզի ջեռուցումն ապահովեմ: Որովհետև դա ինձ համար հայրական տուն է: Մանավանդ, գիտեմ, որ ջանքերս ինքնանպա տակ չեն` արդյո´ւնք կա:

Վերջերս ինձ հրավիրել էին Բոստոնի Գեղագիտության կենտրոն: Մի պահ համրացա` երբ ներս մտա. այդ ֆանտաստիկ պայմանները մենք երևի երբեք չենք ունենա: Մի քիչ զրուցեցինք, և զգացի, որ պարտվում եմ: Բայց երբ մտա ցուցասրահ` հասկացա, որ մե´նք ենք հաղթում: Վերադառնալով զրույցի սեղանի շուրջ, նրանք իմ կարծիքը հարցրին: Ասացի, որ իրենք մեզանից շատ հետ են: 2 խտասկավառակ էի տարել. առաջարկեցի դիտել: Առաջին սկավառակը դիտելիս` նրանք նայում էին էկրանին, ես հետևում էի նրանց դեմքերի արտահայտությանը: Ներկաները սկզբում թերահավատորեն էին վերաբերվել իմ ինքնավստահությանը. մեկն էլ հարցրել էր, թե Հայաստանը որտե՞ղ է: Հետո կասկածամտություն հայտնեցին, թե տեսագրված աշխատանքները կեղծ են. խաբեություն կա: Առաջարկեցի 2-րդ սկավառակը նայել, որտեղ ոչ թե պատրաստի աշխատանքներն էին, այլ դրանց կերտման ամբողջ ընթացքը` սկսած սպիտակ թղթին առաջին գիծը քաշելուց: Դա նայելուց հետո կտրուկ փոխվեց բոլորի վերաբերմունքը: Նույնիսկ ցանկություն հայտնեցին` գալ, ծանոթանալ մեր մեթոդաբանությունը: Չմերժեցի, բայց կրկնեցի, որ միևնույն է` իրենք մեզանից հետ մնալու:

- Ինչո՞ւ,- հետաքրքրվեցին:

- Գենե´րն են այդպիսին,- փաստեցի ես:

Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդն իսկապես տաղանդավոր է, բայց ինքներս մեզ չենք գնահատում: Օրինակ, մեր խորհրդարանում մշակույթը ենթահանձնաժողով է. իր մշակույթով աշխարհին հայտնի երկրում ո՞նց կարող է մշակույթը ենթահանձնաժողով լինել:

 

 

Ո´չ հռետորաբանությամբ, այլ` գործնականորեն

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ գրող, հրապարակախոս, ՀԺՄ «Ոսկե գրիչ»-ի մրցանակակիր

- Խորհրդային, այսպես կոչված գրաքննչական ժամանակաշրջանում, «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում աշխատածս տարիներին, ամեն համարը լույս ընծայելուց հետո մենք տագնապով էինք նայում գլխավոր խմբագրի առանձնասենյակում դրված կարմիր հեռախոսին, որով զանգահարում էին «վերադասները»` կուսակցության կենտկոմի ղեկավարները: Մեր տագնապները գրեթե երբեք անհիմն չէին լինում. հեռախոսազանգը չէր ուշանում, լավ հրապարակումների համար մեզ երբեմն դրվատում, շատ հաճախ էլ, իրե´նց կարծիքով վատերի համար, փնովում էին: Կարևորն այն էր, սակայն, որ անտարբեր չէին մնում:

Անդրադառնանք մեր օրերին: Որքա˜ն ժամանակ է արդեն ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի լրատվության գրեթե բոլոր միջոցները ահազանգում են արտագաղթի վտանգը, ես կասեի` աղետը: Պետական, պաշտոնական ի՞նչ լուծում, դեռ թողնենք լուծումը. ի՞նչ արձագանք են ստանում այդ հրապարակումները: Պատասխանը բոլորիս հայտնի է` երբեմն-երբեմն իշխանամետ լրատվամիջոցները, ըստ երևույթին լարվածությունը մեղմելու համար, զավեշտականորեն չնչին թվեր են շրջանառության մեջ դնում: Մի´ հավատացեք պաշտոնական վիճակագրությանը. այժմ, Հայաստանից ոչ թե ընտանիքներով կամ գերդաստաններով, գյուղերով են փախչում:

Ես սա լսելով չեմ ասում, ձեզ ներկայացնել եմ ուզում անձնական ուսումնասիրության համեստ արդյունքները: Քանի որ մտավորականությանը շատ են մեղադրում անտարբերության, անգործունեության համար, ես, իմ նախաձեռնությամբ, մի քանի օր շարունակ «Զվարթնոց» օդանավակայան գնացի, զրուցեցի արտագաղթողների հետ: Ներքուստ որքան էլ մտահոգվեի, տագնապեի իմ երկրի ու ժողովրդի ներկայի, հատկապես ապագայի համար, դո´ւք ասացեք, ի՞նչ պատասխանեի Հայէլեկտրագործարանի նախկին բարձրակարգ փականագործին, ով հավանաբար հեռուստահաղորդումներից ինձ ճանաչում ու մի տեսակ ամաչելով հայրենիքը լքողի իր կարգավիճակի համար, բառացիորեն մղկտում էր.

-Պարոն Ջանիկյան, ինձ համար ձրի գործ գտի, հենց հիմի ընտանիքս վերցնեմ, հետ` տունս մտնեմ: Էլի եմ ասում` ձրի աշխատեմ, մենակ աշխատեմ: Ի˜նչ է` մինչև մեռնելս էլ բանի պետք չե՞մ, պիտի մեր բակի տաղավարում նստեմ, բլոտ խաղալո՞վ կյանքս ավարտեմ:

Կամ` Էջմիածնի Արշալույս գյուղի տոհմիկ հողագործին, ով ուղղակի էր ինձ հարցնում.

-Օգուտը մի կողմ եմ թողնում: Եթե իմ աճեցրած բանջարեղենի բոլոր` ջրի, պարարտացման, փոխադրման, մյուս ծախսերն ու հարկերը հաշվեմ, քեզ պիտի հազար դրամով ծախեմ: Ասա` կառնե՞ս:

Սրանք հարցադրումներ են, որոնց ոչ թե հռետորաբանությամբ, այլ գործնական ձեռնարկումներով պիտի պատասխանեն հիմնականում իշխանությունները:

Ես, որպես հայ մտավորական, կարող եմ ընդամենն ահազանգել, որ արտագաղթը, առանց չափազանցության, վերածվել է համազգային այնպիսի չարիքի, որը եթե չկանխվի, հետևանքը կործանարար կլինի:

Մեր` պետականությունը վերականգնած, սահմանները ոսոխի ոտնձգություններից անառիկ պահած, Արցախում հաղթանակած երկրի համար:

 

Մտավորականին իջեցրել են  իր բնական պատվանդանից

Սամվել ԱԼԵՔՍԱՆՅԱՆ «Սյունյաց երկիր» թերթի  գլխավոր խմբագիր.

- Ինձ համար հաճելի է տարիներ հետո մասնակիցը լինել մեր սիրած պարբերականի` «Ավանգարդ» թերթի խմբագրության կազմակերպած այս քննարկումին: Եվ ուզում եմ թերթի ստեղծագործական անձնակազմին հաջողություններ ցանկանալ ու հրավիրել Սյունիք` հաջորդ նմանատիպ քննարկումը մեզ մոտ կազմակերպելու համար:

Քննարկվող թեման հրատապ է, նաև` հակասական ու վիճելի` ընկալման առումով: Այս սրահում, բարեբախտաբար, տեսնում եմ հանրապետության մտավոր կյանքում ճանաչված անձանց, որոնց օգնությամբ կարող ենք ինչ-որ չափով հստակություն մտցնել մեր պատկերացումներում, ինչ-որ եզրակացությունների հանգել:

Ովքե՞ր են արժեքային այս համակարգի կրողները մեզանում: Դժվարին այդ հարցին ինքս չեմ հավակնում պատասխանել: Բայց հաճախ ինձ ուզում եմ համոզել, որ այդ ընկալմամբ մտավորականն առաջին հերթին պետք է լինի դպրոցի տնօրենը, մշակույթի հաստատության տնօրենը, բուհի տնօրենը… Բայց հենց որ նրանց տեսնում եմ այս ու այն կուսակցության կամ պատգամավորի (համայնքապետի) թեկնածուի նախընտրական շտաբում վազվզելիս, կոկորդ պատռելիս, դոշը ծեծելիս` իմ պատկերացումները հօդս են ցնդում: Երևի ճշմարիտ մտավորականը չի կարող ապաքաղաքական չլինել, չի կարող ստին մասնակցել: Ցավոք ստացվել է այնպես, որ մի քանի գրքի հեղինակը նույնիսկ կարող է և մտավորական չլինել, որ պետական բարձր պաշտոնյան (այդ թվում` պատգամավորը, նախարարը և այլք) կարող է մտավորական չլինել: Քանիցս փորձել եմ ինձ համոզել, որ ճշմարիտ, կատարյալ մտավորականի իմ փնտրած կերպարը, օրինակ, Զորի Բալայանն է, բայց այդպես էլ չեմ կարողացել ինձ համոզել:

Անընդհատ սպասել եմ, որ մեր Մշակույթի նախարարությունը, մեր հեռուստատեսությունը (մանավանդ` հանրային կոչվածը) պետք է թթխմորի դեր խաղան մտավորական դասի ձևավորման հարցում, բայց… Մշակույթի նախարարությունը հատկապես մարզերի մշակութային առօրյայի հետ (եթե նման առօրյա, իհարկե, գոյություն ունի) որևէ աղերս չունի: Մշակույթի նախարարությունն իր մերկությունը հերթական անգամ ցույց տվեց վերջերս, երբ ընդունվեց պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձանները մարզերից Հայաստանի պատմության թանգարան տեղափոխելու մասին կառավարության որոշումը: Որոշման անտրամաբանականության մեջ համոզվելու համար բավական է հիշել միայն Բղենո Նորավանքի` մեկ ընդհանրական միտք արտահայտող ութ պատկերաքանդակից` մեկի տեղափոխումը: Ավելի վաղ մշակույթի նախարարությունն իր մերկությունը ցույց տվեց այն ժամանակ, երբ ընդունեց Մեղրու շրջանի Հիգերակ-Ագարակ երբեմնի գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխելու մասին որոշումը: Հ1-ի թողարկումներն էլ դիտելիս (հատկապես` լրատվական-վերլուծական) մոլորվում ես, և քեզ թվում է` խոսքն ուրիշ երկրի մասին է…

Այդ բոլորով հանդերձ` տեսնում եմ շատ մտավորականների, ովքեր, սակայն, միասին վերցրած, առանձին խավ, երևույթ, գործոն չեն և առայժմ չեն կարող լինել, ինչը և թույլ չի տալիս, որ մտավորականներն իրական ազդեցություն ունենան հանրապետության ներկա ընթացքի վրա:

Ամեն ինչ Երևանում կենտրոնացնելու քաղաքականությունը մտավորականների մեծագույն մասին նույնպես կենտրոնացրել է մայրաքաղաքում, որը մեր ազգային բնականոն ընթացքի ակնհայտ շեղումներից մեկն է: Եվ մտավորականների այդ փաղանգը, ցավոք, կտրվել է մարզերից, ասել է թե` իրական Հայաստանից: Ու այդ մտավորականությանը, ըստ էության, դժվարությամբ կարող ենք ազգային համարել: Ավելին, հաճախ այդ մտավորականներն օգտագործվում են կրիտիկական իրավիճակներում` պրովինցիայում ապրողներիս դասեր տալու, «ճշմարտությունը» բացատրելու համար:

Երկու տարի ճակատամարտ էր ընթանում (բառի ուղիղ իմաստով) Քաջարան սահմանամերձ գյուղի համար: Կառավարությունն այդ գյուղի վարչական տարածքի մի մասը տվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, թեև այդ ընկերությունը տիրապետում է արդյունահանման մոտ երկու հարյուր տարվա պաշար ունեցող մոլիբդենի հանքավայրին (աշխարհի մոլիբդենի մոտ 6-8%-ը պարունակող): Տեղի բնակչությունն ընդդիմացել էր… Եվ ահա այդ պահին այնտեղ է հայտնվում (մեղա քեզ Աստված) Մերուժան Տեր-Գուլանյան անունով մտավորականը, որին (մի քանի րոպե տևած այցից հետո) հաջորդում է (մայրաքաղաքային լրատվամիջոցներով) նրա պարզաբանումների շարքը: Սովորական ագիտատորի դեր ստանձնած այդ մարդուն հավանաբար թվացել է, թե Սյունիքում անհամբեր սպասում են իր կարծիքին… Այդ ամենը զավեշտալի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Կամ` շատ լավ է, որ մայրաքաղաքում ամեն մի ծառ հատելուց, առևտրի ամեն մի տաղավար տեղահանելուց նաև մտավորականները չեն լռում և անհամաձայնության խոսք են հնչեցնում: Բայց նույն այդ մտավորականները չգիտեն և չեն էլ ուզում իմանալ, թե ինչ է կատարվում Երևանից դուրս: Իսկ մարզերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում` հաճախ շատ մեծ ռիսկեր պարունակող (օրինակ` գյուղապահպանության և բնապահպանության ոլորտներում):

Ուզում եմ հիշել մի հանրահայտ ճշմարտություն` պետությունը, ազգը չեն կարող հզոր լինել (բառի բոլոր իմաստներով) առանց ճշմարիտ մտավորականության: Եվ դա պատմության բոլոր հանգրվաններում գիտեին մեր ախոյանները: Առանց հզոր, իրական մտավորական դասի հնարավոր չէ կյանքի կոչել հզոր Հայաստան, ուժեղ պետականություն ունենալու ազգային մեր երազը:

Ինչպիսի՞ն պետք է լինի պետության վերաբերմունքը մտավորականությանը: Երկու օրինակ կամ երևույթ եմ ուզում հիշել ու համեմատության մեջ դնել, ինչը միգուցեև հետևություն անելու հնարավորություն կտա: Հայաստանի կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը (1921-25թթ.) նախաձեռնեց և անվանի շատ մտավորականների Հայաստան վերադարձրեց` Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան… Այդպես էր Ալեքսանդր մեծ Մյասնիկյանը երկիրը հայրենիք դարձնում, այդպես էր սկզբնավորում մտավորականության դասը (թեկուզև խորհրդային): Վերջին քսան տարում, սակայն, գործ ունենք հակառակ երևույթի հետ: Կամ` առնվազն մտավորականին իջեցրել ենք իր բնական պատվանդանից ու նրա կրած (կրելիք) արժեքները դարձրել չպահանջված (դա հատկապես երևում է մարզերում): Այսօր էլ շարունակվում է բարեկիրթ մարդու, մտավորականի վտարումը մեզանից: Այսօր էլ մեր կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, տեղ են գտնում երևույթներ, որոնք մտավորականի, մտավորականության ներկայությամբ չպիտի որ տեղի ունենային, տեղ գտնեին: Այնպես որ` ճշտելու, որոշակիացնելու կարիք ունի մտավորականության, մտավոր արժեքների հանդեպ պետական վերաբերմունքը:

 

 

Չմսխել խոսքը`  առիթ-անառիթ

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայկական կինոակադեմիայի նախագահ

- Այստեղ կարծիք հնչեց, որ գրողն այսօր գրում կամ խոսում է այն դերասանի նման, ով դատարկ դահլիճում է խաղում: Ո´չ ծիծաղ կա, ո´չ արցունք, ոչ էլ ծափահարություն... Չեմ վիճում, բայց եկեք չմոռանանք, որ մենք բոլորովին ուրիշ պատմաշրջանի բնակիչներ ենք արդեն: Եվ նախորդ ժամանակի նույնիսկ արժեհամակարգային ցանկությունները դժվարությամբ են տեղավորվում այս նոր դարափուլի մեջ: Ժողովրդավարությունը ամենքիս տալիս է խոսելու ազատություն: Բայց նույն չափով էլ` չլսելու ազատություն: Համաձայն եմ, որ այս երկրորդն էլ կարող է չարաշահվել: Սակայն փաստ է, որ գրիչ բանեցնողներն ու արվեստագետները այլևս մտքերի տիրակալներ չեն:

Շուտով 25 տարի կլինի, ինչ ապրում ենք խոսքի հսկայական գերածախսի ժամանակներում: Օրնիբուն խոսում են մի քանի տասնյակ հեռուստա-ռադիո-ալիքներ: Խոսում է խորհրդարանը: Հրապարակներն են խոսում` բառիս ամենաուղիղ իմաստով: Լույս են տեսնում բազմաթիվ թերթեր: Էլ չեմ ասում համացանցի մասին, որից էլ նախ և առաջ օգտվում է նոր սերունդը և նույն տարածքում արտահայտում կարծիք: Իսկ սա սկզբունքորեն նոր հանգամանք է, ինչը նշանակում է, որ մտքեր բարձրաձայնելու և հարցադրումներ առաջ քաշելու մենաշնորհը այլևս մտավորականությանը չէ: Ուստի իմ կամ մեկ այլ հեղինակի հրապարակախոսական հոդվածը այլևս չի դառնա համազգային ուշադրության առարկա: Ողջունենք «Ձայն բազմացի» առկայությունը, բայց մյուս կողմից էլ արձանագրենք, որ խոսքի գերառատությունը, ուզենք, թե չուզենք, նվազեցնում է նրա տարածման ու ազդեցության աստիճանը:

Իսկական մտավորականը բավականաչափ խորը մշակութային և հոգևոր հիմքերի վրա կանգնած մարդ է: «Պատմակշիռ», ինչպես Աղասի Այվազյանը կասեր: Նա գնահատում և առիթ-անառիթ չի մսխում իր խոսքը: Նրա կարևորագույն հատկանիշներից մեկն էլ չվնասելն է: Անձնական վարքագծի օրինակով է նա մտավորական, քանի որ ճառերն ավելի քիչ են ազդում, քան վարքագիծը: Եթե մտավորականի իդեալական տիպարը վերցնենք, ապա նա մի մարդ է, ով չի մտածում, թե ինչն է շահավետ: Նա առաջին հերթին մտածում է, թե ինչն է արդար:

Քաղաքականապես բևեռացված հասարակության մեջ մտավորականությունը, ըստ իս, բարոյապես պարտավորված է դառնալ կշեռքի հավասարակշռության կենտրոն: Որովհետև առճակատումներին նպաստելը չի համապատասխանում նրա հումանիտար առաքելությանը: Մինչդեռ մտավորականից հաճախ պահանջում ենք բարիկադավորվել: Նրա քաղաքացիական պատգամը, ահազանգը, ուղերձը վաղուց արդեն չենք փնտրում ստեղծագործություններում, այլ` այս կամ իրադարձության առթիվ ելույթում, որը երբեմն ավելի մակերեսային է, քան պիեսով, բանաստեղծությամբ կամ կինոֆիլմով ասվածը: «Ու՞ր է մեր մտավորականությունը» հռետորական հարցի սիրահարները հաստա´տ թատրոն չեն գնում, գիրք քիչ են կարդում: Հակառակ դեպքում կգտնեին մեր կյանքի մասին ասված ճշմարտություններ, հասարակական տագնապ ու հասարակական հարց:

Ասվածից չի հետևում, թե ես ժխտում եմ արագ հրապարակախոսական արձագանքի անհրաժեշտությունը: Եվ չեմ կարծում, թե մտավորականի հարցադրումները հասցեագրվում են «ներքևից վերև», այսինքն` միայն իշխանությանը: Դրանք կարող են հասցեագրվել նաև ժողովրդին, նաև ընդդիմությանը: Ընդ որում նկատած կլինեք, որ իշխանությունները հաճախ ավելի հանդուրժող են քննադատության կամ առաջարկությունների հանդեպ, քան ընդդիմությունը: Վերջերս հավաքվեցինք Համազգային թատրոնի համար շենք կառուցելու կապակցությամբ: Մեզ համար կարևոր էր, որ քաղաքաշինական պրոցեսներում նկատվում էր բարոյական շրջադարձ: Այսինքն` մշակույթի օջախ կառուցել: Բայց դա անհասկանալի հակազդեցություն ստացավ, իբրև թե` հանրային վայր պաշտպանելու մտահոգությամբ: Հանրային վայրին ավելի համապատասխան կառույց, քան թատրոնն է, դժվար է պատկերացնել, մանավանդ որ բետոնե անապատն էր կենդանացվում: «Չէ, քաղաքը մերն է», ասում էին երիտասարդ ընդդիմախոսները: Ստացվում էր, որ ավելի շատ իրենցն է, քան Սոսինը...

Հիմա ի՞նչ անի այս դեպքում մտավորականը: Հաճոյանա՞ «հասարակական կարծիքին», թե պաշտպանի իր ընտրությունը: Ընտրություն պաշտպանելը, երբ այն ամրապնդված է արժեհամակարգային համոզմունքներով, մտավորականի հատկանիշ է:

 

Իրականում մե´նք ենք կաղապարված

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն

- Մեր հիմնական խնդիրն աշխատատեղերի պակասն է: Եթե մեր երկրում մարդը ստանա միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն և ունենա արժանապա տիվ աշխատանք, նա այս երկիրն ինչո՞ւ պիտի լքի…

Ըստ իս` մտավորականը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների: Ինձ համար առաջին չափանիշը հայրենասիրությունն է: Մարդու կատարած գործով միայն կարող ենք հասկանալ նրա հայրենասեր կամ ո´չ հայրենասեր լինելը: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց մտավորական հորջորջելով` հեռանում են այս երկրից: Հեռանում են` ասելով` կվերադառնանք այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ կլինի: Ժամանակին շատերն այդպես վարվեցին:

Ես կարևորում եմ նաև լավատեսությունը. հոռետես մտավորականը կարող է նույնիսկ վտանգավոր լինել:

Ամեն մարդ պետք է հետևողականորեն իր աշխատանքը կատարի, ի´ր գործերով զբաղվի: Իմ կարծիքով` մտավորականը նա´ է, ով միշտ ելք է գտնում: Այսօր հիմնական ցավն այն է, որ նրանք պահանջված չեն ո´չ ժողովրդի, ո´չ իշխանության կողմից: Այն մտավորականը, ով ինչ-որ հարցում կանգնում է իշխանության կողքին, ստանում է «պալատականի» պիտակը: Իսկ նա, ով ընդդիմանում է` «դժգոհ մարդու» կերպար է ստանում: Որոշներն էլ, չկարողանալով իրենց տեղը գտնել` նեղացածի կեցվածք են ընդունել… Մինչդեռ ճշմարիտ մտավորականը պետք է ազգային գաղափարախոսության կրողը լինի: Մեր հասարակությունը փակ չէ. իրականում մե´նք ենք կաղապարված: Անլիարժեքության բարդույթը կա´ և շատ է խանգարում մեր բոլոր մտավորականներին:

Եկեք լավատեսությամբ տոգորվենք: Եթե յուրաքանչյուրը հետևողականորեն իր գործն անի և գոնե մեկ աշխատատեղ ստեղծի` մենք բոլորս միանշանակորեն դուրս կգանք այս վիճակից: