WikiLeaks-ը կարող է օգտակար լինել Հայաստանին


Դեռ մեկ շաբաթ առաջ գրեթե բոլորին անհայտ WikiLeaks կայքը հրապարակեց ԱՄՆ պետքարտուղարության ավելի քան 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այս բացահայտումներն աշխարհաքաղաքական աննախադեպ լարվածություն առաջացրեցին: Տրամաբանական է, որ տեղի ունեցածը չի կարող պատահականություն լինել: Աշխարհակալական նկրտումներ ունեցող գերտերության արտաքին գերատեսչությունից նման ծավալների արտահոսքն ուղղակի անհնարին է: Հետևաբար, WikiLeaks-ը հենց այնպես չի գործի դրվել: Ամենայն հավանականությամբ, սա լավ կազմակերպված ու նպատակային արտահոսք է, հակառակ դեպքում, միանգամայն այլ կլիներ ԱՄՆ¬ի արձագանքը: Ամերիկյան օրենսդրությունը նույն խստությամբ պաշտպանում է ոչ միայն ժողովրդավարական արժեքներն ու մարդու ազատությունները, այլ նաև երկրի անվտանգությունն ու ներքին կարգուկանոնը: Բոլորովին էլ չպետք է թվա, թե Ամերիկայի քաղաքացիներն ազատ են իրենց բոլոր գործողություններում և ինչ ուզում` անում են: Ամերիկյան այս կանոնը շատ ավելի խիստ է գործում ոչ-ամերիկացիների, ուրեմն և ավստրալացիների նկատմամբ: Եթե տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքը իշխանությունները չեն կազմակերպել, ապա ԱՄՆ-ը այսօր վերջին վտանգավորության աստիճանի տագնապ պետք է հայտարարած լիներ: Եթե ԱՄՆ ղեկավարները WikiLeaks կայքի հրապարակումները իրոք ահաբեկչություն են համարում, ապա բոլորովին այլ միջոցառումներ պետք է արդեն ձեռնարկած լինեին` գոնե երկրի համարումը փրկելու համար: Մինչդեռ ամերիկյան իշխանություններն առանձնապես անհանգստացած չեն: Հետևաբար, մենք գործ ունենք լավ կազմակերպված ու որոշակի նպատակ հետապնդող տեղեկատվական «արտահոսքի» հետ: WikiLeaks-ի հրապարակումների արձագանքները ԱՄՆ-ի ազդեցությամբ գործող հեղինակավոր պարբերականներում հուշում են, որ նախագահ Օբաման ամերիկյան մտածողությամբ նոր աշխարհակարգ ձևավորելու կամ առկա աշխարհակարգը կարգի բերելու ու կառավարելու նպատակն է իրագործում: Նկատված «շեղումները» վերացնելու, ճշգրտելու համար աշխարհաքաղաքական հետաքրքրություն ունեցող տարածաշրջանների ու կենտրոնների, խոշոր տերությունների վերաբերյալ փնջերով տեղեկատվության արտահոսք է թույլատրվել: Այս հնարքը զգացական ընկալումներ ունեցող ժողովուրդների ու պետությունների ղեկավարների մոտ զգայական ռեակցիա է առաջացրել: Սա վարքաբանական քաղաքագիտության հնարանքներից մեկն է, ինչն աշխարհը կառավարելու լավագույն հնարավորությունն է ստեղծում: Իսկ ոչ զգացական, տրամաբանական ընկալումներ ու ռեակցիաներ ունեցող ժողովուրդների ու ղեկավարների համար սա ազդանշան է` տրամադրված տեղեկատվությունը առանց հուզմունքի ուսումնասիրելու, վերլուծելու, համադրելու ու հակադրելու, սեփական եզրակացություններ անելու: Աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների, ազդեցիկ պետությունների իրական արձագանքը կլինի մոտ մեկ ամիս հետո, երբ հասկացվի, թե ԱՄՆ-ը ինչ թիրախներ ու նպատակներ ունի, ինչն է ցանկանում փոխել աշխարհակարգում: Միացյալ Նահանգները ևս սպասում է հետադարձ արձագանքներին, ինչն աշխարհակարգի շեղումները ճշգրտելու համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր է դառնալու: ԱՄՆ-ը նաև սկսել է ուղղորդել այս ընթացքները և հայտարարում է, որ թեև շատ կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ են հրապարակվել, սակայն դրանք չեն արտացոլում ամերիկյան քաղաքականության էությունը: Մեզ համար խիստ կարևոր է հասկանալ, որ աշխարհի բազում խնդրահարույց հարցերից մենք պետք է առանձնացնենք մեր տարածաշրջանին ու պետությանը վերաբերողները: Իսկ դրանցից ամենախոշորն ու ծավալունը Թուրքիան է, որն աշխարհի համար դառնում է նույնպիսի խոց, ինչպիսին էր մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Աշխարհն իր ուշադրությունը բևեռել է Թուրքիային: Սխալ է կարծիքը, թե ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում անում է այն, ինչ Թուրքիան է թելադրում: Զբիգնև Բժեզինսկին ուղղակի է հայտարարում, որ Թուրքիան աննորմալ վարք է դրսևորում և դեպի արևելք է շարժվում: WikiLeaks-ի փաստաթղթերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն ոչ թե Հայաստանի ախոյանն է, այլ բարեկամը և անգամ Արցախի հիմնահարցի վերաբերյալ թուրքականին ու ադրբեջանականին էականորեն հակասող տեսակետներ ունի: Հույժ անհրաժեշտ է դառնում իրավիճակը ճիշտ գնահատելու հրամայականը: Ակնհայտ է, որ քաղաքականությունը դառնում է ինտելեկտուալ գործունեություն, և հարկ է, որ ձևավորվի բարձր արժանիքներ ունեցող ու ազգային արժեքներ կրող, պահպանողական էլիտա: Այլ ճանապարհ մենք չունենք: Հիմա պետք է կարողանանք ճշգրիտ հաշվարկել, թե WikiLeaks-ի հրապարակումներն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանում: Մանավանդ որ` գաղտնազերծված փաստաթղթերի ավելի քան մեկ երրորդը վերաբերում է մեզ բաժին ընկած երկու հարևաններին` Թուրքիային ու Ադրբեջանին: Բոլորովին էլ պատահական չէ, որ Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունն այդչափ մեծ ծավալի տեղեկատվություն է հավաքել, քանի որ այս երկիրն ընդգրկված է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրերում: Գաղտնազերծված փաստաթղթերը բացահայտում ու հաստատում են Թուրքիայի մասին մեր ունեցած մի քանի պատկերացումներ ու ենթադրություններ: Մասնավորապես, հստակ հաստատվում է, որ Թուրքիան է տապալել Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելու ընթացքը: ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերում միանշանակ արձանագրված է, որ Թուրքիան չի կարողացել իրականացնել «Զրո խնդիր` հարևանների հետ» ինքնահռչակ ծրագիրը և սպասարկելով Ադրբեջանի շահերը` ձախողել է Հայաստանի հետ հարաբերութ յունները կարգավորելու բանակցությունները: Փաստաթղթերից շատերը վերաբերում են Թուրքիայի օրակարգում միշտ առկա ռազմական հեղաշրջման խնդրին: Ուղղակի հարցադրումներ կան, թե երբ կարող է զինվորականությունը միջամտել ներքաղաքական զարգացումներին: Հատկանշական է հրապարակումներից մեկը, ըստ որի Իսրայելի անվտանգության ծառայության` Մոսադի ղեկավարը հետաքրքրվում է, թե թուրքական զինվորականության համբերությունը ե՞րբ է հատելու: Այս փաստաթղթերը ևս ուղղակի հաստատում են, որ Թուրքիայի ներքաղաքական համակարգը միանգամայն անկայուն է, ու ամեն պահի այս երկրում կարող է ռազմական հեղաշրջում կատարվել: Հետաքրքրական են նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հաստատումները, որոնք բացահայտում են, որ մեծ ու փոքր եղբայրների միջև մթնոլորտը բոլորովին էլ անամպ չէ: Իրականում, Անկարան նույնիսկ Ադրբեջանի դեպքում չի կարողացել իրականացնել «Զրո խնդիր` հարևանների հետ» նպատակը: Ավելին. բացահայտված է Իլհամ Ալիևի կոպիտ ու վիրավորական գնահատականները` թուրքական արտաքին քաղաքականության ու այն իրագործողների վերաբերյալ: Թուրքիո նախագահի ու վարչապետի լարված հարաբերությունների մասին նախկինում էլ տեղեկություններ կային, սակայն դրանք այսչափ հստակ ու հավաստի չէին` ինչպես ներկայացված են ԱՄՆ դիվանագետների զեկույցներում: Ակներև է, որ վարչապետ Էրդողանը և նախագահ Գյուլը վարչական ու ազդեցության լծակների համար հակամարտության մեջ են. չեն կարողանում բավարարել իրենց հավակնությունները: Հակադրությունը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ, քանի որ թուրք ժողովրդի առաջնորդի դերը վերապահված է ոչ թե նախագահ Գյուլին, այլ վարչապետ Էրդողանին: Վերջինս նույնիսկ համարվում է Աթաթուրքից հետո երկրորդ համազգային առաջնորդը: Ամերիկյան պետքարտուղարության փաստաթղթերում նաև հաստատումներ կան, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իսլամական բնույթ ունի: ԱՄՆ-ի համար պարզ է, որ Էրդողանն իր «մեղմ իսլամիստական» դրսևորումներով կոչ է անում թուրք ժողովրդին` հավատարիմ մնալ օսմանյան ավանդույթներին: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն պետքարտուղարության փաստաթղթերում ներկայացված է որպես այս գաղափարախոսության տեսաբան ու ստրատեգ: Նեոօսմանիզմի նպատակը Օսմանյան կայսրության քաղաքական, տնտեսական, հոգևոր ազդեցությունը վերականգնելն է, և սա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ այստեղ առաջնայինը կրոնականությունն է: Այս համատեքստում բոլորովին էլ պատահական չէ, որ Էրդողանը համարվում է իսլամական աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդը` հավակնելով ոչ պաշտոնական խալիֆի տիտղոսին: WikiLeaks-ի բացահայտումների մեծ մասը հենց այս խնդրին է առնչվում: Փաստաթղթերից հայտնի է դառնում, որ ամերիկյան վերլուծաբաններն ու դիվանագետները մտահոգված են և այսօր Թուրքիան առաջնորդող գաղափարախոսությունը չափազանց վտանգավոր են համարում, իսկ Դավութօղլուին ուղղակի անվանում են «վտանգավոր խելագար»: Հրապարակված փաստաթղթերը միանշանակ հաստատում են, որ Նահանգները Թուրքիայի նկատմամբ խիստ որոշակի վերապահումներ ունի և մտահոգված է նրա հզորանալու հավակնութ յուններից: Ողջ Արևմուտքը կտրուկ մերժողական դիրքորոշումներ ունի Թուրքիայի` Եվրամիություն մտնելու պահանջների նկատմամբ և լրջագույն մարտահրավեր է համարում արևելյան ՆԱՏՕ, ասիական միություն կամ արևելյան շենգենի գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի սպառնալիքները: ԱՄՆ-ում և Եվրոպայում հաստատվող ոչ թուրքամետ տրամադրությունները մենք պետք է կարողանանք ծառայեցնել մեր հիմնախնդիրներն արդարացիորեն լուծելու նպատակին: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկատվական հոսքը, ուրեմն նաև սկանդալային դարձող բացահայտում ները շարունակվում են, իսկ Հայաստանին վերաբերող հրապարակումները որևէ մտահոգության տեղիք չեն տալիս:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ