ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԺՎԱՐԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ


Իշխանական կոալիցիայի համար առաջիկա 2011 թվականն իր բոլոր դրսևորումներով ամբողջությամբ լինելու է նախընտրական: Ներկոալիցիոն գործընթացների կիզակետում այսօր հայտնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և նրա ընտրած քաղաքական ուղեգծից կախված կլինի, թե այս ուժն այսուհետ ինչպես ու ինչ չափով կմասնակցի ներքաղաքական կյանքին: ԲՀԿ-ն հիմա նման է բավական գրավիչ աղջկա, որը շատերին է ցանկալի: Բայց ժամանակին ու ճիշտ չկողմնորոշվելու դեպքում այն արագ կարող է կորցնել գրավչությունը: Այլ խոսքով, եթե խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկին ԲՀԿ-ն ճշգրտած չլինի, թե ով է նախագահի իր թեկնածուն, ապա կարող է պարզապես դուրս մնալ քաղաքական դաշտից: Այսօր մեր իրականության մեջ նշանակությամբ երկրորդ քաղաքական ուժը չի կարող չհասկանալ ու հաշվի չնստել այս իրողության հետ: Միաժամանակ, ԲՀԿ-ին դեռ անհրաժեշտ է ժամանակ շահել: Հենց այս պատճառով է կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարում, որ չեն քննարկում իշխանական կոալիցիայից դուրս գալու հարցը, մաս են կազմում իշխանությանն ու այդքանով էլ պատասխանատու են վարվող քաղաքականության համար: Միաժամանակ, դիմակայելով դաշնակիցների պնդումներին, ԲՀԿ-ական գործիչը հայտարարում է, որ մինչև խորհրդարանական ընտրությունների արդյունքները չամփոփվեն, ու պարզ չդառնա իրենց քաղաքական դերն ու կշիռը, չեն բացահայտի, թե ով է իրենց նախագահացուն: Իհարկե, բացահայտելու քիչ բան կա, քանի որ ԲՀԿ-ի տարբերակներն այստեղ սահմանափակ են: Բայց ընտրած տարբերակը կուսակցության համար բախտորոշ է լինելու: Ակնհայտ է, որ նաև Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում երկրի նահագահ լինել: Նա բարեգործ է, մարզաշխարհի ղեկավար, քաղաքական գործիչ, բայց ինքնուրույն և միայնակ գործելու արդյունքում նրա ղեկավարած կուսակցությունը կհայտնվի քաղաքական լուսանցքում: Այս ճակատագրից խուսափելու միակ տարբերակը` հաղթելու ռեալ հնարավորություն ունեցող նախագահի թեկնածուին սատարելն է: Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցության կարիքն ունեն երեք քաղաքական ուժեր` Հանրապետականը, ՀԱԿ-ՀՀՇ-ն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` եթե որոշի վերադառնալ քաղաքականություն: Բնականաբար, ամենատրամաբանականը կլիներ` եթե ԲՀԿ-ն, ՕԵԿ-ի նման, հավատարիմ մնար կոալիցիոն դաշնության ոգուն ու սեփական «մեր խոսքը գործ է, ու մենք չենք քցում» կարգախոսին: Այդ դեպքում արդեն կհայտարարեր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին: Բայց ԲՀԿ-ն ցանկանում է ավելին` քան ՕԵԿ-ը և հիմա ուղղակի սակարկում է, թե խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության որ մասը պետք է ստանա: Եթե անգամ առաջիկա օրերին ԲՀԿ-ն հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին, նույնիսկ այս քայլը քաղաքական առումով ոչինչ չի նշանակի, քանի որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարութ յամբ կուսակցությունը կենսունակ կարող է լինել միայն իշխանության ճամբարում: ԲՀԿ-ն ընդդիմադիր կարող է լինել բացառապես այլ մեկի առաջնորդությամբ ու բոլորովին այլ շարքերով: Իսկ մինչ այդ Ծառուկյանը ստիպված պետք է լինի արտերկիր արտահանել իր ողջ կապիտալը: ԲՀԿ առաջնորդը զարգացումների այս տարբերակը պակաս հավանական է համարում, սակայն, համենայն դեպս, տնտեսական ու ֆիզիկական ապաստան արդեն ապահովել է` մասնավորապես Բուլղարիայում ու Բելառուսում: Հանրապետականի հետ բացահայտ առճակատումից ԲՀԿ-ն խուսափում է, քանի որ Ռուբերտ Քոչարյանը դեռ վերջնականապես չի կարողանում կողմնորոշվել` ինչպես ու ինչ նպատակով վերադառնալ քաղաքականություն: Եթե երկրորդ նախագահը որոշի վերադառնալ ու նախագահ դառնալ, ապա արդեն իրավամբ կստանձնի նաև ԲՀԿ առաջնորդությունը: Բայց եթե նա համաձայնի հետաձգել նահագահական հավակնությունների իրագործումը և մինչև 2017 թվականը բավարարվի վարչապետի պաշտոնով, ապա ԲՀԿ-ն կմնա գրեթե նույնը և կդառնա Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական ու քաղաքական հենարանը: ԲՀԿ ու Գագիկ Ծառուկյանի աջակցությունն առավել անհրաժեշտ կլինի Լևոն Տեր¬Պետրոսյանի ու ՀԱԿ-ՀՀՇ-ի համար: Բոլորովին էլ պատահական չէ, որ ԼՏՊ-ն արդեն երրորդ հանրահավաքն է անցկացնում Աբովյանում և ուղղակիորեն է Ծառուկյանին իրեն միանալու կոչ անում: Նաև արմատականներին սպասարկող մամուլն է անդադար շրջանառում իրենց առաջնորդի խաբկանքը, թե միայն իրենք կարող են Ծառուկյանին ու ԲՀԿ-ին ապագա խոստանալ: Բայց թե ինչպիսին կլինի այդ ապագան` Ծառուկյանը, հավանաբար, հասկանում է` հիշելով ոչ վաղ անցյալի իր գործընկեր Խաչատուր Սուքիասյանի մասին: Հասկանալի է նաև, որ ընդդիմադիր ճամբարում ԲՀԿ-ին, առավել ևս Ծառուկյանին, ջերմ գրկախառնություններ չեն սպասվում: Հենց նախկին կոալիցիոն կուսակցությունը փորձի իր տեղը գտնել ընդդիմության դաշտում, ծայր կառնի կոմպրոմատների ու մեղադրանքների շարանը: Այս պարագայում չեն օգնի անգամ արմատականներին սպասարկող լրագրողների նկատմամբ Նաիրա Զոհրաբյանի ամուր ազդեցության լծակները: Գ. Հ.