ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ` ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՆ ԿԱ


Անանց, երբեմն նույնիսկ չգիտակցված մի սեր կա անթեղված հայրենիք ունեցող մարդկանց հոգում: Ու հայ մարդուն շատ ծանոթ է այդ զգացումը, եթե նույնիսկ նա հեռու է, եթե նույնիսկ սեփական կամքով է հեռացել այն եզերքից, որի անունն է Հայաստան ոստան: ՀՀ սփյուռքի նախարարությունում լավ գիտեն, թե հայրենակարոտ հայերի հոգում ինչպես է ալիքվում այդ սեր-կարոտը: Գիտեն նաև, որ ինքնաճանաչումի ափ պետք է դուրս բերեն հատկապես պատանեհասակ սփյուռքահայերի ինքնորոնման նավը: Գիտեն և ի սկզբանե իրենց թիվ 1 խնդիրն են համարում հայ երեխաներին տուն կանչել` Հայաստան-մոր ձայնով…

Հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի հերթական ակորդները դեռ երկար արձագանքվելու են Հայրենիքից իրենց ապրելատեղիներ վերադարձած երեխաների հուշերում: Ծրագրի նախաձեռնող ու իրագործող գերատեսչությունում ևս չեն թոթափել տպավորությունների հարուստ «բեռը»: Եվ Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ հանդիպելով` նրա աշխատասենյակում անակնկալից կանգ առանք մի պահ. ողջունեց` դժվարանալով հայացքը կտրել էկրանից: Ինչ-որ նոր ֆիլմ կամ սենսացիոն եթերասյուժե չէր նրան կլանել: Ընդմիջման ժամ էր, և նախարարը որոշել է վերստին օրեր առաջ իրեն հյուրեկ երեխաների համերգի տեսահոլովակը դիտել: Մեր անկախութ յան քառորդդարյա հոբելյանին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցների շուրթերից խոստովանության պես էր հնչում`

- Իմ Հայաստանը իմ Արարատ լեռն է:

- Իմ Հայաստանը մեր հայրենիքը պահող զինվորն է…...

Մեր մայրենին է նրանց Հայաստանը, Սասնա Դավթի Թուր-Կեծակին ու Կոմիտասի «Հորովելը», անառիկ Արցախը: Եվ այսպես` Սփյուռքից եկած երեխաները փորձում էին պատառ առ պատառ ամբողջացնել իրենց ճանաչած Հայաստանը: Իսկ Օպերային թատրոնում փառատոնի բացման համերգի մասնակիցներին ու ներկաներին հուզել էր նաև Նախարարի խոսքը`

- Իմ Հայաստանը ի´մ սերն է, մեր 10 միլիոն հայերի սերն է: Մենք ուրախ ենք, հպարտ ու հիացած ենք այս տղաների խրոխտ ու աղջիկների հեզաճկուն պարով: Իմ «Հայաստան» փառատոնի կանչով նրանք եկան 25 երկրներից` 48 պարային խմբերով և մշակութային հրավառություն դարձրին տոնը:

Ի դեպ` փառատոնին մասնակցում էին պարային խմբերի 1100 և երգչախմբերի 380 կատարողներ:

- Ամառը սովորաբար արձակուրդային տրամադրությամբ է համակում մարդկանց, ու սովորաբար ակտիվությունը նվազում կամ մարում է: Ձեր ղեկավարած գերատեսչությունում աշխույժը գագաթնակետին է հասնում` մեկը մյուսին հաջորդող` ազգապահպանմանը նպաստող ծրագրերով: Առաջնահերթ համարվող, գերակա ուղղութ յունները մնում են նո՞ւյնը, փոխվե՞լ են որոշ շեշտադրումներ:

- Բնականաբար, հարափոփոխ ժամանակը, տարիների փորձը, զարգացումները հանգեցնում են որոշակի շեշտադրումների փոխոխության: Բայց Սփյուռքի նախարարության մնայուն ռազմավարությունը հայապահպանությունն է: Ի՞նչ անել, ի՞նչ կառուցա-կարգեր կիրառել, որ կարողանանք Սփյուռքում հային հայ պահել, այսինքն` տեսակի պահպանման խնդիրն է, որը ամենամեծ հարցն է` ծառացած ոչ միայն Սփյուռքի նախարարության, այլ ողջ հայության, նրա կառույցների առջև: Եվ, ընդհանրապես, ոչ միայն Սփյուռքի նախարարության, այլ ամբողջ հայ ժողովրդի համար ծառացած մնայուն և գերագույն արժեքները, կարծում եմ, երկուսն են` տեսակի պահպանումը և հզոր, զարգացած Հայաստան ունենալը: Եթե մենք այդ երկու արժեքները կարողանանք պահպանել, ուժեղացնել, ապա շատ ու շատ հարցերի պատասխան կունենանք, հաջողություններն էլ մեզ կուղեկցեն: Ունենալ հզոր, կայացած երկիր, որն աշխարհասփյուռ զավակներին դեպի իրեն կձգի: Եթե Հայրենիքն ուժեղ չեղավ, հզոր ու ապահով չեղավ, ապա կգտնվեն մարդիկ, որ կհեռանան: Հայ ժողովրդի գերխնդիրը պետք է լինի հավաքական եղանակով Հայաստանը առաջ տանելը, բոլորի ուշադրության կենտրոնում հայրենիք ունենալը, որպեսզի բոլորը ձգտեն դեպի Հայաստան: Այս գլխավոր հիմնահարցերը պահանջում են մտածված, լուրջ ծրագրեր ունենալ: Ծրագրեր, որոնցով փորձում ենք ավելի ամրացնել Սփյուռք-Հայրենիք կամուրջները: Եթե այդ կամուրջները չամրանան, չուժեղանան, ապա համաշխարհայնացման պայմաններում ուծացումը կարող է իր սև գործն անել` ձուլել, համահարթեցնել հիմնականում փոքր ազգերին, մշակույթներին, լեզուներին: Մենք պետք է կարողանանք ան-ընդհատ, հատկապես, հայ երիտասարդությունը ներարկել արմատներին կառչած մնալու գիտակցումը: Մեր ծրագրերի միջոցով փորձ ենք անում աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ երիտասարդությանը ճանաչելի դարձնել հայրենիքը, որպեսզի նրանք իրենց ոտքի տակ հայրենի հողը զգան, հմայվեն Մասիսով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրենց մոմը վառեն, խոնարհվեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև, Եռաբլուրում մերօրյա հերոսների շիրիմներին հարգանքի տուրք մատուցեն և, չեմ կասկածում, որ այդ դեպքում երիտասարդը հայ կմեծանա:

Հայրենաճանաչողության ծրագիրը պետք է հասնի նրան, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ այցելի Հայաստան: Պատահական չէ, որ մենք շարժում ենք սկսել` «Հանգստացիր հայրենիքում գոնե 3 տարին մեկ անգամ»: Շատ հաճախ կարելի է լսել, որ հրեաները միասնական են, հետաքրքիր է նրանց մոտեցումը. տարբեր վայրերում իրար հանդիպելիս` նրանք ասում են. «Հաջորդ տարի Երուսաղեմում»: Ես կարծում եմ, որ մենք ունե´նք այդ խնդիրը: 7-8 միլիոն հայեր ապրում են Հայրենիքից հեռու և մեր նպատակային աշխատանքը կարող է լինել այն, որ նրանք Հայաստանը անպայման տեսնեն, ուխտագնացության գան Հայրենիք:

- «Արի տուն» ծրագրին այս տարի նաև երկրորդ անգամ մասնակցողներ կային:

- Այո, ծրագիրն այս տարի այդ առանձնահատկությունն ուներ: Հրավիրել էինք նաև 5-6 տարի առաջ «Արի տուն» ծրագրի որոշ մասնակիցների, ովքեր այս ընթացքում չափահաս են դարձել, սովորում են համալսարաններում կամ արդեն աշխատում են: Եվ համոզվեցինք, որ այստեղ անցկացրած օրերը խոր հետք են թողել նրանց հոգիներում: Մյուս կողմից որոշ լրագրողներ ժամանակին հոռետեսությամբ էին լցված ծրագրի հանդեպ և ջանք ու եռանդ չէին խնայում` այն սևացնելու համար: Հաճելի մի փաստ արձանագրեցինք. մայր հայրենիքում իրար հետ ծանոթանալով` տարբեր երկրներում ապրող հայ զավակները շարունակել են ընկերներ մնալ` հատկապես օգտագործելով համացանցի հնարավորությունները: Եվ այդ ընկերությունը հաստատուն պահելու համար որոշել են ամեն տարի հանդիպել Երևանում: Քանի որ մեր ծրագիրը թույլ չի տալիս, որ նույն մարդը երկրորդ անգամ մասնակցի (որպեսզի հնարավորինս ավելի շատ երիտասարդներ ներգրավվեն), նրանք որոշում են կայացրել, և արդեն 5 տարի իրենց ամառային հանգիստն անցկացնում են հայրենիքում: Ինձ համար հուզիչ էր նաև այն պահը, երբ Մոնիկա անունով մոսկվաբնակ մի աղջիկ, ով արդեն տնտեսագիտական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող է, մինչ ծրագրին մասնակցելը հայերեն ոչ մի բառ չի իմացել: Մեր ծրագրի շնորհիվ սկսել է տառերը սովորել և, վերադառնալով Մոսկվա, Հայորդաց տանը շարունակել է սովորել մայրենի լեզուն: Այս և նմանատիպ այլ օրինակները նկատի ունենալով եմ երբեմն ասում, որ մենք այս պահին սերմեր ենք ցանում. հայ մնալու սերմեր, որոնք պետք է ծլարձակեն, պտուղ տան հայ երիտասարդների հոգիներում:

- Արդյո՞ք միայն Սփյուռքի նախարարության ծրա-գրերը բավարար են, որպեսզի հայրենաճանաչ դառնալով` ձգտեն անընդհատ կամ ընդմիշտ Հայաստան վերադառնալ: Նկատի ունեմ զբոսաշրջության ոլորտի անկատարությունը և սոցիալ-կենցաղային ոչ բարենպաստ վիճակը, որի պատճառով տեղացիներն էլ հիասթափվում ու արտագաղթում են: Արդյո՞ք այդ ամենը եկվորներին չեն մղի` շարունակելու բարեկեցիկ հեռուներից սիրել հայրենիքը:

- Իհարկե, Հայաստանը դեռևս հեռու է կատարյալ լինելուց: Իհարկե, հայրենիքը, որի մասին երիտասարդությունը լսում է և որը ճանաչում է մեզ հյուրընկալվելու ընթացքում, կարող է նաև չհամապատասխանել նրանց պատկերացումներին: Մեր ծրագրերը երկարատև չեն, որպեսզի երեխաները հասցնեն խորանալ, տեսնել դժվարութ յունները: Սակայն հենց նույն ծրագրի շրջանակներում նրանք ապրում են հայկական ընտանիքներում, տեսնում են հայկական ամենօրյա կենցաղը: Այնպես չի, որ նրանք բոլորովին անտեղյակ են դժվարություններից: Բացի այդ, չմոռանանք, որ մեր առաջնահերթ խնդիրը Հայաստանը ճանաչելի դարձնելն է, այլ ոչ թե հիմնախնդիրներով երեխաներին բեռնելը: Նախ, նրանք փոքր են` 14-15 տարեկան: Իսկ արդեն չափահաս դարձած մարդուն պետք է ներկայացնենք ոչ միայն երազային հայրենիքը, այլ նաև` իրական վիճակը: Եվ ամեն բանական արարած պարտավոր է գիտակցել, որ հայրենիքը պետք է սիրել, այնպիսին, ինչպիսին այն կա, հայրենիքը պետք է սիրել` որովհետև նա քոնն է, ու նաև դու ես պարտավոր հայրենիքին ծառայել` դպրոցում, բանակում, աշխատատեղում` նվիրյալ աշխատանքով: Նման գաղափարները պետք է դառնան մեր երիտասարդների հավատամքը:

- Դատելով սփյուռքահայության հետ Ձեր հաճախակի առնչություններից` ինչպե՞ս է տրամադրված սփյուռքահայը:

- Շատ դեպքերում Հայաստանում Սփյուռքն ընկալվում է որպես մի հավաքական կառույց, որը պիտի նաև միասնական կարծիք ու վերաբերմունք ունենա: Մինչդեռ 7-8 միլիոն մարդու և 30 հազար կազմակերպության կարծիքը չի կարող նույնը լինել: Ամենադրականից մինչև ամենաբացասականը կա: Միևնույն երևույթին կարող են ոմանք դրական վերաբերվել, ոմանք` բացասաբար` ինչպես և Հայաստանում է: Հնարավոր չէ, որ միլիոնավոր մարդկանց կարծիքը նույնը լինի: Բայց կարևոր մի իրողություն չանտեսենք. երկրի համար վտանգի, օրհասի ժամանակ Սփյուռքը համախմբվում, բռունցքվում է, և բոլորի (կամ` գրեթե բոլորի) մտահոգության էպիկենտրոնը Հայաստանն է դառնում (Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան հիմնահարց…) :

Ապրիլյան դեպքերը դրա ամենաթարմ ապացույցն են: Չեղավ մի հայ, որ ինչ-որ ձևով չարձագանքեր: Այս դեպքում կարող ենք ասել` հավաքական սփյուռք: Իսկ մնացած երևույթների, խնդիրների վերաբերյալ, իհարկե, կարծիքները շատ տարբեր են: Չմոռանանք, որ մենք, որպես ազգ, հիմնականում բաժանված ենք երկու մասի` հայրենապահներ և հայրենապաշտներ:

Նրանք, ովքեր դրսում են` հայրենիքն են պաշտում, հայրենիքի մասին են մտածում, ինչու չէ` նաև նյութապես օգնում: Նրանցից յուրաքանչյուրն ուզում է իր պատկերացրած հայրենիքը տեսնել: Իսկ այստեղ ապրողների սուրբ պարտականությունն է հող հայրենին պահպանել, նրա անվտանգությունը ապահովել: Այնպես որ, այս հողի վրա ապրողներս ենք պահում, պաշտպանում մեր պապերից մեզ բաժին հասած այն փոքրիկ կտոր հողը, որ կոչվում է Հայաստան և Արցախ, որն արդեն 25 տարի մաքառում է` իր ինքնությունը պահելով ու աշխարհասփյուռ իր զավակների համար հույսի հանգրվան մնալով: Եվ ամեն մի հայ, որտեղ էլ, որ ապրելիս լինի, մեկ նպատակ պետք է ունենա, մեկ մոտեցում. որ մեր փոքրիկ Հայաստանը դառնա այն երազների Հայաստանը, որ բոլորս ենք ուզում, ինչպես հզորացնենք և զարգացնենք մեր ոստանը…

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ