Մերկ Թրամփն` աճուրդում


Նախագահացու մերկ Դոնալդի արձանը հոկտեմբերին աճուրդի կհանվի: Թե ինչո՞ւ մերկ` դժվար է ճիշտ կռահել: Դժվար է նաև ենթադրել, թե ի՞նչ նախասիրություններ պետք է ունենա քաղգործչի մերկ մարմնապատկեր գնողը: Սակայն որոշված է, որ այդ գումարը հատկացվելու է գաղթյալներին օժանդակող բարեգործականին (տեղեկացրել է the IndeΘen-dene-ը):

Աճուրդը տեղի է ունենալու Լոս-Անջելեսում` հոկտեմբերի 22-ին` 10-20 հազար դոլար ենթադրյալ գնով:

Չգիտես` ծա՞ղր որպես, թե՞ որպես նրա առնականության գնահատանք` մերկ Թրամփի արձանիկներ են օգոստոսին հայտնվել ամերիկյան մի քանի քաղաքներում: Տեղական իշխանությունները բռնագրավել են դրանք` բացառությամբ մեկի, որն էլ հանվելու է վաճառքի:

Արձանը ստեղծած անարխիստական INDECLINE խմբավորումը հայտարարել է, որ ստացվելիք գումարը հատկացնելու է ներգաղթյալներին օգնող ամերիկյան որևէ խոշորագույն կազմակերպության:

Այս առնչությամբ Թրամփի կարծիքը չի ներկայացվում: Սակայն ոչ միայն ամերիկացիներին, այլև ողջ աշխարհին է հայտնի, թե որքան մոլեգնորեն է նա բացասաբար արտահայտվում միգրանտների հասցեին: