Դայակություն արեք երեխայիս


Ոստիկաններին իր ընտանիքի ամենահավատարիմ բարեկա՞մը համարելով, թե՞ իր փոքրիկին հիմնավորապես սաստելու նպատակով Նորֆոլկի (քաղաք Մեծ Բրիտանիայում) ոստիկանություն է զանգահարել մի կին և ցանկություն հայտնել, որ ծառայողներից մեկը դառնա իր երեխայի դայակը: Իհարկե` ոչ ընդմիշտ. միայն իր արձակուրդի օրերին (տեղեկացրել է Metro թերթը):

Կինը բացատրել է, թե ինչու է հատկապես հասարակական կարգի պահապաններին դիմում. ասել է, որ իր որդին համառորեն հրաժարվում է ընտանիքի հետ արձակուրդ մեկնել: Ուզածն էլ շարքային ոստիկան չի եղել, այլ` սպա, ով իրենց բացակայության օրերին պետք է մնար երեխայի հետ: Ու երբ գծային հերթապահը մերժել է կատարել հոգատար մայրիկի խնդրանքը, նա հարցրել է.

- Ուրեմն ի՞նչ անենք:

Նման ծիծաղելի կամ տարօրինակ զանգեր, ասում են, բավական հաճախ են հնչում Նորֆոլկի ոստիկանությունում. միայն այս տարի արձանագրվել են նմանատիպ 90 հազար հեռախոսազանգեր: Հիմնականում զանգահարում են հարբած մարդիկ, ովքեր տաքսու փող չունեն և խնդրում են ձերբակալել իրենց, որպեսզի գիշերելու տեղ ունենան: Այսուհանդերձ, կնոջ զանգը ոստիկանները համարում են ամենատարօրինակը: