Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-8-ում)

- Կարո՞ղ ես տալ բջջայինդ մեկ րոպեով:

Սամվելը մի պահ վարանեց, ապա մեկնեց «Սամսունգ» սմարթֆոնը:

Տաթևը միանգամից սեղմեց անջատման կոճակը, ապա հանեց մարտկոցը:

- Հիմա մեզ դժվար թե լսեն,- բացատրեց նա:

Տաթևը մի քանի վայրկյան լուռ էր, ապա միանգամից սկսեց.

- Միջազգային կարգի հանցագործներ, մի քանի կազմակերպությունների ապօրինի գործունեություն և հիմա արդեն` սպանություն: Այսքանը բավակա՞ն է:

Սամվելի դեմքին որևէ մկան չշարժվեց ու հանգիստ, բայց միաժամանակ հարցական հայացքով շարունակեց նայել:

- Սամվել, գիտեմ, որ այս ամենը շատ տարօրինակ է, բայց այս պահին քեզնից շատ բան է կախված:

- Օրինա՞կ: Ի՞նչ է կախված ինձանից: Եթե այդպես է, խորհուրդ կտամ դիմել ոստիկանություն, ոչ թե խմբագրին:

- Ոստիկանություն դիմելու դեպքում է´լ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք…

- Կկանգնե՞նք: Տաթև, ի՞նչ կապ ունեմ ես, կասե՞ս վերջապես,- ձայնը բարձրացրեց Սամվելը:

- Մինչ այն պահը, երբ մոտեցար փոխնախարարին` ոչ մի: Շարժվենք այստեղից, եթե քեզ համար անվտանգ է, ապա ինձ համար` ոչ:

- Իսկ հիմա ի՞նչ կապ ունեմ,- հարցրեց Սամվելը` շարժիչը գործի գցելով:

- Նա քեզ փոխանցեց այն, ինչը պետք է ոչնչանար, այսինքն այդպես էին ուզում մարդասպանները:

«Այս կինը լրիվ խելքը կորցրել է: Ավելի լավ կլինի հոգեբուժարան շարժվենք»:

Սամվելը չկարողացավ զսպել ծիծաղը:

- Այս ամենն ինձ ուղղակի խաղ է հիշեցնում:

- Իզուր:

- Ու՞ր պետք է ուղեկցեմ քեզ: Այսօր կատարվածն արդեն ինձ լրիվ բավական է:

- Սամվել, ես քեզ վստահեցնում եմ, որ նրանք քեզ էլ կհետևեն, քանի որ նրանց հարկավոր է այն, ինչ քեզ մոտ է:

- Տաթև, ես կարծում եմ, քեզ պետք է բժշկի դիմել: Այդ մարդն ինձ ոչինչ չի տվել:

Տաթևի դեմքին առաջին անգամ ժպիտ նկատվեց, այն էլ` հեգնական:

- Շատ լավ, ինձ չես հավատում` մի´ հավատա, բայց ստուգիր կոստյումի աջ գրպանը:

Սամվելը մեքենան կանգնեցրեց` մինչ լուսացույցի գույնը կփոխվեր:

- Չե՞ս ուզում նայել ինչ կա այնտեղ,- շարունակեց Տաթևը:

- Այնտեղ ոչինչ չկա:

- Իսկ դու նայի´ր,- շարունակեց պնդել Տաթևն ու հայացքը ուղղեց կոստյումի գրպանին:

Սամվելը կախեց գլուխն ու նկատեց` իր կոստյումի գրպանի մոտ արյունոտ ձեռքի հետքեր կային: Այն չէր կարող լինել իր ձեռքերի արյունը, քանի որ արյան բիծը ոչ թե վերևից ներքև էր, որը կլիներ, եթե ինքը փորձեր արյունոտ ձեռքերը գրպանը մտցնել, այլ հորիզոնական, ու ամենատարօրինակը` արյունը կոստյումի այդ հատվածում նման ձևով թողնելու համար պետք էր ձախ ձեռքն աջ գրպանը խոթել:

Սամվելը ձեռքը գրպանը տարավ ու իսկապես շոշափեց փոքրիկ առարկա:

Տաթևի դեմքին հայտնվեց գոհ ժպիտ: Ինքը չէր սխալվել, երբ նկատել էր պաշտոնյայի ձեռքի շարժումը: Նա պարտավոր էր այդպես վարվել:

- Սա ի՞նչ է,- զարմացած հարցրեց Սամվելը, երբ գրպանից հանեց արյունոտ իրը:

Սամվելի աչքերի առջև նորից հայտնվեց վիրավոր պաշտոնյան ու նրա վերջին խոսքերը: Հիմա ամեն ինչ պարզ էր: Վերջին վայրկյանին վիրավորը գրպանն էր խոթել այս փոքրիկ բանալին:

Լուսացույցի գույնը փոխվեց: Սամվելը մեծ արագություն զարգացնելով` անցավ փողոցը: Անիրական թվացող վտանգն արդեն կերպարանք էր առնում:

- Կբացատրե՞ս, ինչ բանալի է սա:

- Իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանի:

- Մենք հենց հիմա կգնանք ոստիկանություն...

- Լրագրողներդ այդքան միամի՞տ եք, թե՞ ինձ է այդպես թվում: Եթե պետք լիներ` առաջինը ես կդիմեի, կամ հենց ինքը: Եթե, իհարկե, հասցներ: Ոստիկանությանն այս պահին չեմ կարող վստահել, քանի որ այդ փաստաթղթերի ոչնչացմամբ հետաքրքրված են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում` ուժային կառույցներից ևս:

- Ի՞նչ փաստաթղթեր են դրանք:

- Ինքդ կտեսնես:

Սամվելը զարմացած հայացք գցեց Տաթևի ուղղությամբ, իսկ վերջինս, ասես չնկատելով, շարունակեց.

- Մենք պետք է գնանք նախարարություն, բայց դրա համար առաջին հերթին պետք է փոխես հագուստդ: Շտապիր, մենք պետք է առաջինը հասնենք:

***

Րոպեներ անց Սամվելը մեքենան կանգնեցրեց իր տան բակում: Առաջինն իջավ ինքը, ապա դուռը բացեց, որպեսզի իջնի Տաթևը:

«Հարևանները հիմա նորից կմտածեն, թե իմ հերթական սիրուհին է»,- անցավ Սամվելի մտքով` մինչ ուղեկցում էր նրան դեպի դուռը:

Երկսենյականոց բնակարանը բավական գեղեցիկ էր ու նույնիսկ ընդարձակ` մեկ հոգու համար:

Տաթևի ուշադրությունը գրավեց մեծ սեղանը, որն ամբողջությամբ ծածկված էր ամսագրերով, թերթերով ու թղթերով:

Մինչ Սամվելը հագուստն էր փոխում, Տաթևը միացրեց նոթբուքը:

- Կարո՞ղ եմ օգտվել համակարգչից, ընդամենը մեկ րոպե:

- Կարող ես,- մյուս սենյակից ձայն տվեց Սամվելը:

Առաջինը, որ գրավեց Տաթևի ուշադրությունը, բոլոր հնարավոր լրատվական կայքերի հղումներն էին, որ հայտնվեցին էկրանին:

Երբ Սամվելը մոտեցավ Տաթևին, նկատեց, որ վերջինս էլեկտրոնային նոր փոստարկղ էր բացում:

- Կասե՞ս ինչ ենք պատրաստվում անել:

- Նախ հիմա կտեղեկացնեմ մեկին, ում կարող եմ վստահել:

Սամվելը մոտեցավ, որպեսզի կարողանա կարդալ, թե ինչ է գրում Տաթևը: Սակայն, որքան տարօրինակ է, տեսած լատինատառ բառերը իր իմացած վեց լեզուներով անհնար էր կարդալ:

- Ի՞նչ լեզու է, - զարմացավ Սամվելը:

Որքան էլ տարօրինակ էր, բայց Տաթևի պատասխանը կարճ էր ու հստակ` հայերեն:

Սամվելն է´լ ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել էկրանին հայտնվող տառերին, բայց` ապարդյուն:

- Սպասիր բացատրեմ,- քմծիծաղ տվեց Տաթևը,- նայի´ր, նախադասության ամեն հաջորդ բառի սկիզբ է դառնում այդ նույն բառի այն տառը, որը համապատասխանում է նախորդ բառի թվին նախադասության մեջ:

Սամվելը երևի թե ավելի շուտ չինարեն նախադասությունը կկարողանար հասկանալ, քան Տաթևի ասածը: Երբ մեկ անգամ էլ Տաթևը կրկնեց, նոր միայն հասկացավ, թե ինչ է նշանակում երկար տառերի շարքը:

- Հատուկ ծառայությունների որոնողական համակարգերը, եթե անգամ կարողանան հայտնաբերել նամակը, ապա վերծանել չեն կարողանա` առանց մարդկային գործոնի: Իսկ քանի որ նամակը հասցեագրված է հենց ոստիկանության հատուկ աշխատակցի, առավել ուշադիր է պետք լինել: Հետո էլ հատուկ դեպքերում բառերը կարելի է կիսել, մեծատառ դարձնել և այլն, կարևորը, որ ընթերցողը իմանա` ինչպես վերծանի: Եթե հաջորդ բառն ավելի կարճ է, քան նախորդը, ապա վերջին տառը կգա առաջ:

Սամվելը նորից փորձեց նայել ու հիմա արդեն կարդաց: Տաթևի հավաքած տառերի կույտը հետևյալն էր`

«… HΗkbΖgri khΖshΖtΖ ysenΖk lgnΖ, ohet lgnΖ ΖnΖkhΖrrt… ekhΖndiΘnq Ηke ΗjΖ cΖn, Ηi KsenyΖ»:

Եթե վերծանվեր, կստացվեր այսպես`

«...խմբագրի աշխատասենյակ գնալ, հետո գնալ նախարարություն, կհանդիպենք մեկ ժամ անց, իմ սենյակ...»:

- Նախ, որտեղի՞ց ես այսքան զգուշավորություն պահպանել սովորել, և հետո` ինչո՞ւ:

- Ամուսինս ոստիկանական համակարգի աշխատակից է, սա էլ մեր առօրյա շփման ձևն է,- պատասխանեց Տաթևը:

- Ես չէի լսել, որ ամուսինդ ուժային կառույցում է աշխատում:

- Մնում էր իմ անձնական կյանքը քննարկեիր քո հոդվածներում: Ի դեպ, քո վերջին հոդվածը դեռ կքննարկեք,- հեգնանքով Սամվելին նայելով` շարունակեց Տաթևը` սեղմելով նամակի ուղարկման ստեղնը:

Էկրանի անկյունում երևաց լրատվական կայքերից մեկի թարմացման մասին փոքրիկ ծանուցման պատուհան:

Սամվելն առանց վարանելու սեղմեց այն:

Առաջին լրատվականի կայքի գլխավոր նորությունը բարձրաստիճան պաշտոնյայի դեմ կատարված մահափորձն էր: Կարճ հոդվածի տակ շեղ տառերով նշված էր` «Մեր լրագրողը հիվանդանոցից հայտնում է, որ փոխնախարարի կյանքը փրկել չհաջողվեց: Տեսանյութն ու մանրամասները` քիչ հետո»:

Տաթևի աչքերն արցունքոտվեցին: Անդրանիկ Սարգսյանն իր լավագույն գործընկերն էր, ավագ խորհրդատուն ու նաև լավ ընկերը: Այժմ ինքն ավելի վստահ կարող էր պնդել, որ իրեն, Սամվելին ու Մհերին ևս վտանգ էր սպառնում...

- Կարծում եմ` Մհերը կհասցնի նշված ժամին լինել նշված վայրում, իսկ մինչ այդ, քանի որ արդեն դու ևս այս գործի մեջ ես` ասեմ բոլոր հնարավոր մանրամասները: