ԻՐԱՐ ԴԵՄ ԳՈՐԾ ԵՆ ՏԱԼԻՍ...
Օրերս Վրաստանի ինչ-որ ադրբեջանաբնակ գյուղում տեղի է ունեցել կինոփառատոն, որի կազմակերպիչներից մեկն էլ տխրահռչակ Գեորգի Վանյանն էր: Ինչպես պատմում են ականատեսները, փառատոնի բոլոր օրերին Վանյանը եղել է հարբած վիճակում: Դոնորների կողմից տրված գումարները ոչ թե տրամադրվել են ֆիլմերի բեմադրիչներին` որպես մրցանակներ, այլ ծախսվել են փառատոնի կազմակերպիչների կողմից: Նմանատիպ փաստեր շատ կան. պարզապես պետք է, որպեսզի վերջապես դրամաշնորհներ տվողները հասկանան, որ իրենց կողմից գումարներ ստացողները չէ, որ նվիրված են քաղաքացիական հասարակության կայացմանը:
Հայաստանյան այսպես կոչված մի խումբ իրավապաշտպաններ, պարզվում է, որ ոչ թե զբաղված են մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, այլ իրար դեմ «գործ» սարքելով: Մասնավորաբար այս տպավորությունը ստացանք, երբ օրերս ծանոթացանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան ներկայացուցիչ Միքայել Դանիելյա նի «զայրույթին»: Ըստ Միքայել Դանիելյանի, իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Վարդան Հարությունյանը և Արման Դանիելյանը «քցել» են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին: Իսկ Դանիելյանի բացատրությամբ, «քցելու» գործն այսպես է եղել: Արշալույս Հակոբյանին կամեցել են դատապարտել, այսինքն` քրեական հետապնդում էր սկսվել:
Վերոնշյալ իրավապաշտպանները, իբր Հակոբյանին օգնելու նպատակով, մի թղթի կտոր են ներկայացրել Դանիելյանին և խնդրել կնիքել: Այդ թղթի կտորով նրանք միջնորդում էին փոխել Հակոբյանի խափանման միջոցը: Սակայն Դանիելյանը պարզել է, որ դա եղել է դատախազության, այլ ոչ թե իրավապաշտպանների կողմից տրված գրություն: Հետո, իհարկե, Արշալույս Հակոբյանի դեմ հարուցված գործի շրջանակներում իրավապաշտպանը «հաղթել» է...
Գուցե չանդրադառնայինք այս քստմնելի պատմությանը, եթե չլիներ մի կարևոր հանգամանք: Ինչպես պարզվում է, մեր «գրանտակերներն» օրնիբուն զբաղված են միայն իրար մեջ հաշիվներ պարզելով` մոռացած կարևոր առաքելությունների մասին: Մի շարք դոնոր կազմակերպություններ սրանց հսկայական գումարներ են տալիս` իբր քաղաքացիական հասարակություն կառուցելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Իսկ սրանք միայն ու միայն իրենց գրպանի մասին են մտածում` ժամանակ առ ժամանակ հրապարակ հանելով միջանձնային խարդավանքները: Հենց նման դեպքերն ու իրողություններն էլ վարկաբեկում են այս կազմակերպություններին, նրանց դարձնում հասարակության կույրաղիք ներ, քանի որ շատ վաղուց սրանք որևէ օգտակար գործով չեն զբաղվում, բայց զարմանալի արագությամբ հարստանում են` որևէ տեղ չաշխատելով:
Այո´, չաշխատելով, որ հասարակական կազմակերպության խնդիրը ոչ թե մի քանի հոգու համար աշխատատեղ ապահովելն ու բարձր աշխատավարձեր տալն է, այլ շահառու ների հետ ամենօրյա կամավոր աշխատանքը: Գուցե ժամանակն է, որ դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններն ուսումնասիրեն, թե ի՞նչ նպատակներով են ծախսվում իրենց գումարները, թե ի՞նչ արդյունք են ապահովում հասարակական կազմակերպություններից շատերը:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի անիմաստ ու անբովանդակ սեմինարներից, այդ ՀԿ-ներն ուրիշ ոչինչ չեն անում: Այդ սեմինարներն ու փառատոներն էլ վերածվում են դատարկաբանության, որոնց միշտ հաջորդում են ճոխ ճաշերն ու ընթրիքները: