ՏՈ ԼԱՎ, Է˜
ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ
Վաղը` սեպտեմբերի 8-ին, կայանալու է խորովածի հերթական փառատոնը: Այսինքն, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության հորդորներով, հավաքվելու են մի քանի տասնյակ մարդ, բնության գրկում վայելելու են անուշահամ խորովածը, հետո այս ամենը ցուցադրելու են հեռուստատեսությամբ, իսկ ամիսներով մսի համ չտեսած շատ հայաստան ցիներ էլ լպստելու են իրենց շուրթերը:
Փառատոնի կազմակերպիչները, սակայն, այդպես էլ մինչև օրս չեն հասկացել, որ իրենց կազմակերպածը ոչ թե փառատոն է, այլ մի խումբ մարդկանց ցուցադրական ուտուշ-խմուշ: Փառատոնը նախատեսում է լայնածավալ հանդիսություններ, մրցանակաբաշխություն, առնվազն մի քանի հազար, այլ ոչ թե մի քանի տասնյակ մարդու մասնակցություն: Իսկ փքուն «փառատոն» բառը լսելուց հետո շատ հայաստանցիներ առավել մեծ ատելությամբ են սկսում նայել հասարակական կազմակերպություններին:
Ի դեպ, մեր ուշադրությունը գրավեց փառատոնի հայտագիրը, ավելի ճիշտ` ներքոհիշյալ նախադասությունները. «Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ կառավարու-թյան անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Ավտոբուսների տոմսի արժեքն է` 5000 դրամ (երկկողմանի)»:
Դե, եթե այսքան պատասխանատուներ են հրավիրված` շարքայինները տեղ չեն ունենա, մանավանդ որ ավտոբուսն էլ վճարովի է` 5000 դրամ: Հենց սա էլ ձևավորում է սոցիալական խտրականությունը:
5000 դրամ ունեցողն իր տանն էլ խորոված կուտի. այն էլ` ոչ թե միայնակ, այլ ընտանիքի գոնե 4-5 անդամի հետ: