ՄՈՌԱՑՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ


 

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հանդիսությունները, պարզվում է, գրեթե սպառված են, գրեթե մոռացության է մատնված նշանավոր սիրերգակը: Մի քանի «հերթապահ» միջոցառումներից զատ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում նշվող հոբելյանը կազմակերպողներին փաստորեն ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Երևան եկող որևէ մեկը որևէ ազդագիր կամ պաստառ չի տեսնի, որը հիշեցնի նման մեծ նշանակության միջոցառման մասին, չի տեսնի մրցույթների մասին հայտարարություններ, չի գտնի որևէ հուշանվեր, որը կներկայացներ Սայաթ-Նովային...

Թվում էր, որ հոբելյանն առիթ պիտի լիներ` նաև տարաբնույթ ցուցահանդեսների կազմակերպման, երաժշտական նոր ստեղծագործությունների ծննդի համար: Բայց մի համընդհանուր անտարբերություն ու անհոգություն է տիրում, ինչն էլ հերթական անգամ վկայում է, որ մենք ոչ միայն հեռացել ենք ազգային արժեքներն ըստ արժանվույն գնահատելուց, այլև չենք ըմբռնել մի պարզ ճշմարտություն, որ նման իրադարձությունները կարող են ավելացնել զբոսաշրջիկների թիվը, նպաստել մշակութային բիզնեսին, զարկ տալ հուշանվերնե րի արտադրությանը` այսպիսով խթանելով կիրառական արվեստը:

Ծանոթացանք հոբելյանին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկին, խորին տխրություն ես ապրում` դրանցում գերակայող ձևական ու անբովանդակ միջոցառումնե րից: