Ծեծող հոգևորականը


 

Եկեղեցու սպասավոր լինելը դեռ երաշխիք չէ եղբայրասիրության կամ քույրասիրության: Հաստագլուխ «ապեր»-ներն էլ երբեմն վեղարավորվում են` հաճախ մոռանալով կամ չիմանալով Աստծո պատվիրանները: Հակառակ դեպքում, օրինակ ավագ սարկավագն իրեն թույլ չէր տա մարմնական վնասվածք հասցնել երկու թոշակառու կանանց:

Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզում: 60-ամյա Ալլա Պավլովան 66-ամյա քրոջ հետ իր մեքենան վարում էր դեպի Բերնգարդովկա կայարան (քաղաք Վսեվոլոժսկ): Նրանց «Վոլվո»-ի ճանապարհը հանկարծ փակել է մի «Հոնդայ»` շրջադարձ կատարելով: Կինը ժամանակին արգելակել է` հրաշքով կանխելով վթարը: Բայց երբ մոտեցել է կանոնախախտ վարորդին, վերջինս ներողության փոխարեն բռունցքով հարվածել է կնոջ դեմքին: Նույն պահին նրանց է մոտեցել Ալլայի քույրը. կերած-խմած կարգազանցը որոշել է նրան էլ բռնցքահարել, բայց կինն ափով հետ է մղել հարվածը: Հետո տղամարդը կնոջ ձեռքից թռցրել է նրա մեքենայի բանալիներն ու նորից հարվածել: Բայց չի հասցրել փախչել դեպքի վայրից. կանայք կարողացել են նրան պահել` մինչ իրավապահների գալը:

Որքան էլ «տռուզ» հոնդայատերը հոխորտացել է, որ իրեն ոչինչ չի սպառնում, ոստիկանները հակառակն են ապացուցել: Պարզվել է, որ այդ «հերոսը» Մեչնիկովի անվան բժշկական ակադեմիային ու Պետրոս Մեծ հիվանդանոցին առընթեր Սուրբ Պյոտր և Պավել առաքյալների եկեղեցու ավագ սարկավագն է (գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»):

Կանայք բուժօգնություն են ստացել, բայց չեն ընդունել հոգևորականի ներողությունը: