Սուրբ Հոգու հետ Ոչ միայն հացիվ


 

«Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:1, 44)

Խորհրդային տարիներին էր: Կամաց-կամաց բնակեցվեց նաև նորակառույց, բարձրահարկ մեր շենքը: Ծանոթությունների զրույցներից մեկի ժամանակ, մի խուլ գյուղից եկած քարտուղարուհի հարևանուհիս ասաց. «Էս շորը ամուսինս Մոսկվայից է բերել, բայց ես չեմ հավանում, իմ ոճը չէ»:

Ուզեցի հասկանալ, ի՞նչ ոճի մասին է խոսքը: Ես գիտեի, որ հագուստը մարդու եսը, էությունն արտահայտելուն չխանգարող, այլ ընդգծող միջոց է: Կարևորը` առաջին պլանում լինես դու, ոչ թե քո հագածը. «Թանկ զգեստ հագիր` որքան կարող է քսակդ զորալ: Բայց ո´չ սեթևեթ, ճոխ, ո´չ զարդարուն»: (Շեքսպիր, «Աֆորիզմներ»):

Հասանք 21-րդ դար: Հեռուստաեթերով տեղատարափ անձրևի նման անդադար փորձում են մեզ սովորեցնել` ի՞նչ հագնել և ի՞նչ ուտել: Բայց այդպես էլ չեն օգնում, որ ինքներս մեզ ճանաչենք, երկնայինը, եթերայինը մեր մեջ տեսնենք և ուտենք ու հագնվենք մեր ես-ի թելադրանքով:

Հեռուստաեթեր կոչվածը հոգևորը, գեղեցիկը քարոզելու ամենամատչելի և ամենաանմիջական միջոցն է: Այն նախևառաջ հոգևոր սնունդ ապահովելու համար է:

Ատոմային էներգիայի հայտնագործումը բեկումնային էր, և մարդկությունն այդ գյուտը օգտագործեց թե´ որպես էլեկտրաէներգիա, թե´ որպես ատոմային զենք: Ցավոք հեռուստա ցույցի գյուտը մեր օրերում օգտագործվում է որպես մամոնայի զենք` ավելի շատ սպանելով հոգին, քան հոգևորը սնելով: Գրեթե բոլոր ալիքներով սովորեցնում են ճաշ եփել, գայթակղիչ լինել և, ինչպե՞ս ահ ու սարսափ տարածել, ինչպե՞ս նվաստացնել կամ իշխանություն ձեռք բերել:

Տեսե˜ք, տեսե˜ք ինչ լավ եմ տարբեր մթերքները խառնում իրար, հետո վրան տարօրինակ անուններով համեմունքներ լցնում: Օ˜հ, ի˜նչ համեղ է, բոլորս երջանիկ ենք… Մի՞թե դա է բավարարված լինելու երջանկության չափանիշը: Կամ, օ˜, ինչ հետաքրքիր է այս կամ այն «աստղիկի» տունը, խոհանոցը, զգեստապահարանը: Գիտե˜ք, հիմա էլ այսինչը ամուսնացավ այնինչի հետ, այսինչը քնում է այնինչի հետ: Իսկ ա˜յ, այն «աստղիկի» երեխային նկարելու համար առնվազն միլիոն դրամ պետք է տալ: Վա˜յ, ինչ հետաքրքիր է, տեսնես ո՞ւմ է նման…

Սա՞ ենք մենք, սա՞ է մեր ազգը, սա՞ է մարդ տեսակը, որն ունի Աստծո նմանությունը, ունի արարելու, ստեղծելու, լույս ու սեր տալու, մարդուն` իր ներսը նայելու, իր ներսի աստվածայինը հառնեցնելու, ուժը, ներելու կարողությունը:

Այդ ե՞րբ դարձանք այսքան բղջախոհ: Այդ ե՞րբ դարձանք այսքան որկրամոլ: Օտարամոլությունը այս ե՞րբ դարձավ այսքան էլիտար: Փիլիպեցիներին ուղղված թղթի Գ. 19-ում Պողոս առաքյալը ասում է. «…Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում»:

Կենդանիներն էլ ուտում են, խմում, ունեն զգայարաններ: Մարդը ունի հոգի, իր հոգին սրբացնելու պահանջ: Ո՞ւր է այդ հոգին:

Հիվանդանում ենք, որովհետև հոգին մեռած է, որովհետև որովայնամիտ ենք:

Մի՞թե հոգևորը էրոտիկան է, 3 նոտայի վրա սարքած քյաբաբային երգերն են կամ տրեխավոր իշիասով հիվանդ հիշեցնողների պարը: Եվ կամ հայը իրեն ներկայացնելու համար դիցուք տոլմայակռիվ պիտի մղի:

Ի՞նչ ենք փրփուրներից կառչել. ջուրն է անկենդան ու թույլ չի տալիս լողալ հորձանուտներում:

Ասում ենք քրիստոնյա ենք, ուրեմն լսենք կյանքի ջրերի հոսանքի ուղղությամբ կամ նույնիսկ հոսանքին ընդառաջ լողալ սովորեցնող Մեծ Վարդապետին` մեր Տիրոջը. «Ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք. և ո´չ ձեր մարմնի համար` թե ի՞նչ պիտի հագնիք: Չէ՞ որ կյանքը ավելի է կերակուրիցը, և մարմինը` հագուստիցը… Որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտէ, որ այդ ամենը պետք է ձեզ: Սակայն առաջ Աստծո արքայությունը, և նորա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ»:   Մաթէոս Զ 31-33

Անդրադառնալ է պետք մեր անթեղված հոգուն, լսել, թե ի՞նչ է ասում Սուրբ Հոգի Աստվածը: Եվ կբացահայտենք, որ բոլորս էլ հենց այդ` Երկնքի արքայությունն ենք ուզում, բայց չենք գիտակցում, որ դա ունենք: Չենք գիտակցում, որ հոգու սնունդը ո´չ թե ճաշն է, կամ հագուստը, այլ ուրախությունը, արդարությունը… Իսկ մենք այդ հոգին լռեցնում ենք, բթացնում կերակրի և հագուստի հոգսերով, տարատեսակ սարսափազդու տեղեկատվությամբ` կորցնելով վաղվա օրվա հույսը:

Հիմա հարևանուհիս այրի է, ալեխառն է ու գեր, բայց նորից նույնատիպ հագուստով` որովայնի և կողամսերի ծալքերը ցուցադրելով` քայլում է` իրեն 25-ամյա գեղեցկուհի երևակայելով:

Մի՞թե այս կինը չհասունացավ, մնաց նույն հոգեբանությամբ: Ուզում էի մոտենալ ու շշնջալ` «Անցած տարիները ոչինչ չսովորեցրի՞ն քեզ. մնացել ես քո չունեցած նույն ոճի մեջ»: Բայց մտածեցի` շատ եմ ուշացել:

Սիրալիր բարևելուց հետո, հեռացա` թողնելով թոռնուհուն բակում կերակրելու, տոլմայաքարոզով նրա «ոճը» ձևավորելու «վեհ» գործին:

Չէ՞ որ մեզանից շատերը զավակներից էլ իրենց անհաջող «ձեռագործն» են սարքում` զրկելով նրանց իրենց կոչումը գտնելու դժվարին վայելքից:

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ