«ՆԱՐԵԿԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ


 

Գրիգոր Նարեկացու «Գիրք բժշկութեանցը» դարձել է սպեղանին հազարավոր վերքերի, հազարավոր վիրավոր հոգիների, դարձել է հույս ու փրկություն, իր աստվածային լույսով առաջնորդել հավատավորին...

Այսօր էլ հազարավոր հիվանդներ բուժվում են «Նարեկի» զորությամբ` առաջնորդվելով ճշմարիտ հավատի ճանապարհով:

Եվ այդ հարցում նրանց օգնում է հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

- Ի՞նչ ասել է` նարեկաբուժություն, բուժում` խոսքի միջոցով, ի՞նչ հրաշքներ է գործում աղոթագիրքը մեր օրերում:

- Որպես հոգեթերապևտ, ի սկզբանե բուժել եմ խոսքի միջոցով, սակայն 15 տարի առաջ սկսեցի փնտրել բուժման ավելի լիարժեք, ամբողջական մեթոդներ` հիմնվելով մեր ազգային մոռացված միջոցների վրա: Ուրախ եմ, որ այս տարիների աշխատանքի շնորհիվ «Նարեկը» կրկին լայն տարածում գտավ: Այն հիմնված է միմիայն մեր Առաքելական ճշմարիտ դավանաբանության վրա և նմանը չունի. նրա առեղծվածը դեռևս բացահայտված չէ: Հայերիս համար այն Աստվածաշնչից հետո 2-րդ Սուրբ գիրքն է, սակայն միաժամանակ համամարդկային արժեք է: Բազմիցս ելույթներ ունենալով միջազգային գիտաժողովներում` ցույց եմ տվել «Նարեկի» բուժիչ ազդեցությունը` որպես հոգեթերապիայի միջոց` բոլորի համար: Ես օրինակներով եմ փաստում: Այլազգիների վրա, ովքեր հայերեն չեն հասկանում, «Նարեկի» ազդեցությունը նույնն է, քանի որ այն Սուրբ հոգու զորությամբ է գրված և ուղղված է հոգիներին: Իսկ մարդկային հոգին ազգություն չունի: Ես ունեցել եմ նման հիվանդ:

- Ֆիզիկական ցավը և՞ս հնարավոր է բժշկել «Նարեկի» զորությամբ:

- Հիմա ես աշխատում եմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում: Որպես այլընտրանքային բուժման մեթոդ կիրառվում է «Նարեկը»` հիմնվելով ժամանակակից գիտական հետազոտությունների վրա: Ի՞նչ իմաստով: Իմունիտետի թուլացմանը նպաստում է հոգեվիճակը: Իսկ այսօր բժշկությունը բոլոր` թե հոգեկան, թե մարմնական հիվանդությունները պայմանավորում է իմունիտետով: Իսկ իմունիտետն ինչի՞ց է թուլանում. զայրույթից, նախանձից, չարությունից, ատելությունից: Եթե նայենք հավատի տեսանկյունից, դրանք մահացու մեղքերն են: «Նարեկը» միջոցն է, որով լույսը տարրալուծվում է մարդու մեջ: Բուժումից հետո հիվանդը փոխվում է թե´ արտաքուստ, թե´ ներքուստ: Մարդու դեմքի արտահայտութ յունը ներքին վիճակից է: Նախանձ ու չար մարդը կարո՞ղ է գեղեցիկ լինել:

Փաստացի, աղոթքների ազդեցությամբ իմունիտետը բարձրանում է, մահվան վախն է անցնում: Ես հաճախ եմ ասում, որ բուժում եմ միայն աստվածային մարդուն: Կապկային մարդը համոզված է, որ կապկից է առաջացել: Ինչ-որ համոզմունք պիտի ունենաս, ու դա շատ կարևոր է: Վերջին հաշվով Ձեզ տարօրինակ կթվա, եթե ասեմ, որ ուռուցքով հիվանդն ասում է` ես ուրախ եմ, որ ունեմ այս հիվանդությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Անսպասելի՞ է: Բայց իմ հիվանդները դա ասում են:

- Դժվար է պատկերացնել:

- Հաճախ` ինչը մենք չենք հասկանում, դրան կարող ենք չհավատալ: Այդպես էլ հավատը. շատերը չեն հասկանում, դրա համար չեն հավատում: Ես իմ այցելուներին բացատրում եմ, որ իրենց հիվանդությունը փորձություն է: Երբ ամեն ինչ լավ է թվում, մենք դա համարում ենք ճիշտ և շարունակում ենք առաջ ընթանալ: Ուրեմն մեզ պետք է փորձություն, տառապանք, որ փոխվենք: Դա կլինի քաղցկեղ, թե ՁԻԱՀ` էական չէ: Պիտի հիվանդը զղջա գոռոզության, ծուլության, չարության, բղջախոհության համար, պիտի հրաժարվի դրանցից, քանի որ դրանց հետ են կապված հիվանդությունները: Ես նոր բան չեմ ասում, ես պարզապես հիմնավորում եմ, որ այդ ամենն իրական է և ճշմարիտ:

- Եղե՞լ են նախադեպեր, երբ որևէ աղանդի հետևորդ ցանկություն հայտնի բուժվել «Նարեկ»-ի օգնությամբ:

-Աղանդները, ցավոք, նոր չեն, եղել են նաև քրիստոնեության ընդունման ժամանակ, խոսքս հերձվածողների մասին է, որոնց առանձին գլուխներով անդրադարձել է նաև Նարեկացին: Դրանք շեղում են ճշմարիտ հավատից, տարբեր մեկնություններ են անում` խախտելով ճշմարտությունը և, բնականաբար, շեղումներ են առաջանում: Վերջերս ինձ զանգահարեց մի բժշկուհի, ցանկանում էր ինձ մոտ բերել իր 38-ամյա դստերը: Վերջինս հոգեկան շեղում ունի, 18 տարեկանից «Կյանքի խոսք» աղանդին է հարել: Մինչ այդ ևս եղել են դեպքեր: «Եհովայի վկա» աղանդի հետևորդ մի կին պատմում էր, թե ինչպես եկան իրեն տարան, ինչպես դրանից հետո իր մոտ շեղումներ առաջացան: Սա շատ լուրջ խնդիր է: Հայր, Որդի, Սուրբ Հոգի ամբողջությունը չի կարելի տեղաշարժել, սխալ մեկնաբանել: Այդ դեպքում տեղաշարժ, շեղում է առաջանում: Եվ քանի որ դա դավանաբանության հիմքի վրա է, դեղերով անհնար է բուժել: Ամբողջ աշխարհում վերականգնողական կենտրոններ են ստեղծվում, բայց միևնույն է` բուժել չեն կարող: Միայն ճշմարիտ հավատն է ի զորու բուժել: Այստեղ երևում է Աստծո ողորմածությունը, ով երբեք երես չի թեքում շեղված մարդուց: Աղանդը համաշխարհային բիզնես է, որ իր խնդիրները լուծում է հավատի քողի տակ: Ինձ` որպես բժշկի, միշտ հետաքրքրել է` ինչո՞ւ են շեղումներ առաջանում, ինչպիսի՞ կապ կա հավատի և առողջության միջև: Եթե այդ կապը չլիներ, շեղումներ չէին առաջանա: Սա լուրջ խնդիր է: Ինքնասպանություններ են լինում, ընտանիքներ են քայքայվում: Մարդկանց զոմբիացնում են, թուլացնում նրանց ինքնակառավարումը, և նա չի կարողանում վերլուծել, ու կախվածութ յուն է առաջանում:

Այդ ամենից զերծ մնալու համար նախ պետք է բոլորս հիշենք` «Նարեկը» դեմ է բոլոր աղանդներին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ