Փաստերն անողոք էին
Ոստիկանության Կապանի բաժնում աշխատանքային օրը ահազանգով սկսվեց: 57-ամյա կինը հուզմունքը մի կերպ զսպելով պատմում էր գլխին եկածը: Վաղ առավոտյան, երբ ընդամենը երկու ժամով բացակայել էր տնից, անհետացել էր տարիների իր ամբողջ խնայողությունը` 300.000 դրամի ոսկյա զարդեր և 100.000 կանխիկ դրամ:
- Ոչ ոքի երբեք վատություն չեմ արել, ամբողջ կյանքս ապրել եմ ազնիվ, ինչո՞ւ պիտի ինձ հետ այդպես վարվեին,-հայտարարությունը տալուց հետո ոստիկաններին հարցնում էր հուսահատ կինը:
Այդ պահին շնչակտուր բաժին մտավ նաև կնոջ 28-ամյա որդին:
- Առավոտյան ժամը 8-ին աշխատանքի եմ գնացել,-ասաց նա,-հենց նոր իմացա գողության մասին, բա հիմա ի՞նչ պիտի անենք: Խնդրում եմ օգնեք, մեղք է մայրս...
Ոստիկանների վրա ճնշող տպավորություն էր թողել տեղի ունեցածը: Յուրաքանչյուրն, ասես, նման իրավիճակում պատկերացնում էր իր մորը` հուսահատ ու անօգնական: Իսկ հարցերը հանգիստ չէին տալիս. նման դեպքերը հազվադեպ են հանդիպում իրենց խաղաղ քաղաքում, տեսնես ո՞վ է, ինչպե՞ս է համարձակվել աննկատ մտնել այդ տունն ու իր սև գործը տեսնել:
Երեք անքուն գիշեր անցկացրին տղաները: Իսկ չորրորդ օրը, կեսօրին մոտ, անսպասելի ամենաառաջնայինը դարձավ այն վարկածը, որը սկզբնական շրջանում առաջադրվել էր նախաքննության ամբողջականությունը ապահովելու համար:
Այդ վարկածին ոչ ոք չէր ուզում հավատալ` ո´չ տուժողը և ո´չ էլ քրեականի երիտասարդ տղաները: Բայց անողոք էին փաստերը:
Ասես պարզկա երկնքում ամպրոպ որոտար և կայծակի դավադիր ու շեշտակի հարվածից փշրվեր մի շատ կարևոր ու թանկարժեք բան:
Պարզվել է, որ դեպքի հաջորդ օրը 300.000 դրամ արժողության գողացված զարդերը, կանխիկ գումարի դիմաց, գրավադրվել էին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղում: Զարդերը գրավադրել էր նույն հարկի տակ բնակվող 21-ամյա հարսը, ով արդեն հասցրել էր անձնական կարիքների համար ծախսել գողացած 100.000 դրամը:
Իսկ երիտասարդ ոստիկանների ականջներում տանտիրուհու հուսահատ կանչն էր.
- Ինչո՞ւ պիտի ինձ հետ այդպես վարվեին...: