«Մեղա, տեր...»


 

Օրերս ոստիկանության Մարտունու բաժին էր զանգահարել Հայ Առաքելական եկեղեցու Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սիմոնը և հայտնել, որ մի հարբած տղամարդ օրը ցերեկով մտել է եկեղեցի, անհիմն վիճաբանել իր հետ և հայհոյանքներ տեղացել իր հասցեին:

Ոստիկաններն արագ արձագանքելով եկեղեցու սպասավորի ահազանգին` շտապել են դեպքի վայր և պարզել, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 1955 թ. ծնված Մանուկ Գեղամյանը, որը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, հարբած վիճակում մտել է Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի: Իրեն անվայելուչ պահելով` վիճաբանել է Տեր-Սիմոնի հետ և շուրջ 5 րոպե հայհոյանքներ տվել նրա հասցեին:

Ոստիկանությունը ներկայումս պարզում է, թե շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող անձնավորությունը ինչու՞, ու՞մ մեղքով է դուրս մնացել բժշկական հսկողությունից, ինչն էլ հանգեցրել է հանցագործության կատարման: Իսկ կոնկրետ այս դեպքում` արձանագրված խուլիգանությունը սովորականներից չէ, քանի որ կատարվել է եկեղեցում, այն էլ` հոգևոր հովվի նկատմամբ: Անշուշտ, նշված արարքի համար մեղքի իրենց բաժինն ունեն թե´ բժիշկները և թե´ հիվանդին առանց հսկողության թողած նրա հարազատները: Եվ ավելորդ չէր լինի, եթե նրանք և խուլիգանություն կատարածը թեկուզ ուշացումով ծանոթանային ոչ միայն հայ քրիստոնյայի տարրական վարքականոնին` հարգանք առ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա սպասավորները, այլ նաև Ապաշխարության խորհրդին: Այդժամ գուցե հին ու նոր մեղքերի համար ապաշխարեին և ներում ստանային քահանայից` անտեսանելիորեն մեղքերի թողություն ստանալով նաև Տեր Հիսուս Քրիստոսից: