«Գողը` տնից, եզը` երդիկից»


 

Վերջերս մի կին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը բաց երդիկից մուտք են գործել իր առանձնատուն և գողացել 2 զույգ ոսկյա ականջօղեր, ոսկյա շղթա, ոսկյա խաչ և բջջային հեռախոս` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել կնոջ հարևանը` 1990 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը: Կարեն Մ.-ն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող է և գտնվելով արձակուրդի մեջ, որոշել է «հաճելին զուգակցել օգտակարի հետ»` գողություն կատարել:

Բայց սա դեռ ամենը չէ. պարզվել է նաև, որ երդիկից հարևանուհուն «հյուր» գնացած և նրան թալանած «քաջագործը» բավականին թանկարժեք ոսկյա զարդերը գրավադրել է Ստեփանավան քաղաքի գրավատներից մեկում, որի դիմաց ստացել է 52.000 դրամ...