Կայծակից զարկվածը


 

Վարպետ Հմայակը շրջապատում լավ հյուսնի համբավ էր վայելում: Շրջակա գյուղերից նրան էին պատվիրում դուռ, լուսամուտ, սայլ և կենցաղային այլ անհրաժեշտ իրեր:

- Վարպետ Հմայակ, քեզ շատ են գովում, ես էլ ձեր ամենամոտիկ գյուղից եմ, լսած կլինես` Արշոն եմ: Նոր տուն եմ շինում, էդ տանս համար երկու լավ լուսամուտ եմ ուզում սարքես: Գինդ գլխանց ասա, որ հետո ավելորդ խոսք ու զրից չըլի:

- Ախպեր Արշո, տես` էն պատուհանը հատը 50-ով եմ սարքել, եթե դուրդ գալիս է, պատվերդ երկու շաբաթից կլինի:

- Հա, հավանեցի, էս էլ չափսերը:

Երբ երկու շաբաթ անց Արշոն եկավ, նման չէր պատվեր տալու օրվա խոնարհ, քաղցրախոս մարդուն: Վարպետ Հմայակը պատվիրատուին օգնեց լուսամուտները իշասայլին բարձել ու կապել: Արշոն մի քանի անգամ ափի մեջ կեղծ հազաց, մի քիչ էլ դժգոհ իր արածից, քրքրելով գրպանները` փողը հանեց ու դրեց սեղանին:

- Ախպեր, մեր ասածից պակաս է: Էս հաշվով ամեն պատուհան 30 դոլարով է բռնում, իսկ մենք 50-ով էինք բարիշել:

- Դե չէ, վարպետ, ես ուրիշ տեղից իմացա, որ էս չափսի լուսամուտը 30-ով են սարքում:

- Այ քեզ բան, էն ժամանակ ուրիշ մարդ էիր, հիմա ուրիշ դարձար, սհենց չի լինի, մնացածն էլ տուր:

- Դու գնի մեջ կարող է ինձ խաբել ես:

- Ես բոլորի համար էլ էդ գնով եմ սարքում, շատ խելոք էիր` գնայիր 30-ով սարքողի մոտ:

- Էդ ո՞ւմ տեղն ես դրել ինձ, ես գնացի, բայց իմացիր, որ ես քո տեսած խաբվող մարդկանցից չեմ, ինձ Արշո կասեն:

- Թու քո նամուսին, գնա, այ դու կայծակի բաժին դառնաս, կայծակը թող քեզ զարկի, դու ապրելու պտուղ չես:

***

Մի քանի ամիս անց Հմայակը հարևան գյուղով անցնելիս մի շենքով-շնորհքով նորակառույց տան առջև երկար կանգնեց: Լուսամուտներն իրեն ծանոթ էին: Դարպասից դուրս եկող տիկնոջը հարցրեց.

- Կարելի՞ է իմանալ, քույրիկ, սա ո՞ւմ տունն է, լուսամուտները ոնց որ իմ ձեռքի գործը լինի:

- Հա, կարող է, Արշոս ասում էր, որ այդ լուսավոր լուսամուտների վարպետի անունը Հմայակ է:

- Վայ, ասիր Արշո, տո ո՞ւր է էդ մասխարան, էդ սուտասանը: Ո՞ւր է, իր դուռն եմ եկել, չի՞ ուզում դուրս գա` մի պատիվ, գոնե մի բարև էլ տա:

- Ա˜խ, ինչ ես ասում, եղբայր, երանի չէր նա ողջ լիներ: Թե ով էր անիծել, խեղճ մարդուս կայծակը խփեց` տեղում չորացրեց:

Հմայակը միտք արեց. «Հե˜յ գիտի աշխարհ, երևի զայրույթով վատ մարդու դեմ ասված անեծքն է´լ է կատարվում, թե ինչու այդպես եղավ` արդյոք իմ անեծքի՞ց Արշոն կայծակնահար եղավ, թե՞ ուղղակի զուգադիպություն էր...