Խոսքից զարկվածը


 

Տիկին Հրանուշը մոտ կես տարի, գործից հետո, քնի, հանգստի հաշվին գործել, ավարտել էր մի գեղեցիկ սվիտեր: Արդեն ձմեռնամուտ էր, իսկը տաք հագուստ հագնելու սեզոն: Հագավ, հայելու առաջ գնաց-եկավ, մեկ էլ որոշեց հարևանուհուն ցույց տալ իր շնորհքը ու մի քանի գովեստներ լսել: Էս Կատյան ո˜նց հավանեց, ո˜նց հավանեց… Նրա բարձր գնահատականը Հրանուշի վրա շատ ազդեց, էնքան, որ քնելիս էլ հագիցը չէր հանում…

Դրանից էր, թե ուրիշի աչք կպավ` Հրանուշի ազիզ սվիտերը ժամանակից շուտ կեղտոտվեց: Տաշտը բերեց ու ոնց որ երեխին կլողացնեն, այնպես էլ իր սիրունին մի լավ մաքրեց-զարդարեց: Միայն ցավն այն էր, որ ստիպված մի երկու օր չէր հագնելու:

Բայց երեկոյան եկավ տեսավ, որ իր սիրունը պարանի վրա չի ու իրեն կորցրեց: Միայն էն էր հիշում, որ մի գլուխ գոռում էր` «Այ տանողի թևը թուլանա, վայ տանողի թևը ջարդվի…»:

Իր պատշգամբից Կատյան վիզը երկարացրեց.

- Ա´յ քուրս, կարո՞ղ է քամին պարանից ներքև է գցել, մեկնումեկն էլ տարել ա:

- Ի՞նչ քամի, քամին դու ես անում, էսօր քամի ե՞րբ է եղել, որ… Ասում ես` մեկը տարած կլինի: Վերցնողը չէ՞ր հարցնի` սա ո՞ւմն է, ո՞ր հարկից է ընկել:

- Այ Հրանուշ, դադարեցրու անեծքներդ, ըտենց դու բոլորին ես անիծում:

- Ոչ, ես տանողին եմ անիծում, էն թևը կոտրվի, որ իմ աչքի լույսին տարավ:

***

Հաջորդ օրը, կեսգիշերին, շտապօգնության մեքենայով թևը գիպսի մեջ Կատյային բերեցին: Աղմուկից Հրանուշը միջանցք դուրս եկավ.

- Վայ, Կատյա ջան, էդ ի՞նչ է եղել, թևդ ինչո՞ւ է գիպսի մեջ, էս շտապօգնությո՞ւնն է բերել քեզ:

- Տո սուս է, ջադու, էնքան կռռացիր-կռռացիր, որ անեծքդ կատարվեց… Էս չի՞ քո շնորհքը,- ու ցույց տվեց ճերմակ գիպսի մեջ սև գործ կատարած, ապահով թաքնված հանցագործ ձեռքը: