ԲԻ-ԼԱՅՆԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ


Ունենալով ֆիքսված հեռախոսակապի ոլորտում մենաշնորհն ու ողջ հանրապետությունն առնելով իր ծածկույթի տակ, Բի-Լայնը վաղուց արդեն բաժանորդների իրավունքների ոտնահարումն իր համար դարձրել է յուրատեսակ քաղաքականություն: Կարծես շատերը վարժվել են հեռախոսակապի վատ որակին, տեղեկատու ծառայություն ներից օգտվելու դեպքում` միտումնավոր ձգձգումներին, որոնց միջոցով էլ ավելանում են րոպեավճարները` ավելացնելով ընկերության գերշահույթները: Սակայն անհնար է համակերպվել, որ Բի-Լայնը մատուցում է ամենավատ ինտերնետային կապը Հայաստանում` շատ հաճախ կամայականորեն և քմահաճությամբ սահմանափակելով շատ բաժանորդների կապից օգտվելու հնարավորությունները: Ոչ պատահականորեն դանդաղեցված կապի փաստի դեմ ոչ ոք այլևս չի բողոքում, սակայն կապի սահմանափակումն արդեն բաժանորդների իրավունքների կոպիտ ոտնահարում է: Սահմանափակումների ժամանակ էլ անհնար է ստանալ համապատասխան տեղեկատվություն ու բացատրություն` կապը վերականգնելու ժամկետի մասին: Իհարկե, ընկերությունը երբևէ իր բաժանորդների ամսավճարից չի հանում հենց իր մեղքով կապից զրկված լինելու օրերի վճարը, ավելին, ամսավճարը թեկուզ մեկ ժամով ուշացնելու դեպքում անմիջապես անջատում է կապը` այսպես «խաղալով» մեկ դարպասի վրա, այսպես միայն պաշտպանելով իր իրավունքները: Եվ ստացվում է, որ Բի-Լայնի բաժանորդն ամենաանպաշտպանվածն է մեր երկրում, իրավազուրկը, ով անգամ չի կարողանում խոսել իր ոտնահարված իրավունքների մասին, որովհետև նման դեպքերում օպերատոր աղջիկներն անմիջապես անջատում են հեռախոսակապը` բաժանորդին թողնելով հիմար վիճակում: Ինտերնետային կապի սահմանափակման դեպքերը, զարմանալի «օրինաչափությամբ», մայրաքաղաքի մի շարք թաղամասերում տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին օրերին` այսպես հուշել տալով, որ Բի-Լայնում զբաղվում են «զարհուրելի» աճպարարությամբ, բաժանորդներից գանձում չմատուցված ծառայությունների գումարը: