«Էլի խցկում ու խցկում են»


Շուրջ երկու ամիս բարձրացված աղմուկից հետո` օգոստոսի 18-ի կառավարության նիստում ընդունվեց «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը: Ըստ այդմ էլ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում, որտեղ դեռ տարիներ առաջ պետք է ծաղկանոց լիներ, նախատեսվում է կառուցել միջազգային դասի, առնվազն 4 աստղանի հյուրանոցային համալիր: Այն կունենա 7 կամ 8 հարկ, իսկ կառուցապատման ընդհանուր մակերեսը կկազմի 5853.25քմ: Հյուրանոցի կառուցման գաղափարը ինչպես բնակիչների, այդպես էլ մի շարք մասնագետների լուրջ մտահոգութ յունն է հարուցել: Որոշ ճարտարապետներ, բնապահպաններ ու մտավորականներ, և նրանց թվում` Գագիկ Սուխուդյանը, Կարինե Դանիելյանը, Արթուր Մեսչյանը բողոքի ձայն բարձրացրեցին: Սակայն, ինչպես մեզանում սովորաբար լինում է, այս դեպքում ևս` ձայն բարբառո հանապատի: Նշյալ թեմայի շուրջ է «Ավանգարդի» զրույցը` «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: - Հյուրանոցի կառուցումը ի՞նչ խնդիրներ կարող է առաջ բերել: - Սա մի հակաէկոլոգիական նախաձեռնություն է, որը նախ սեյսմիկ վտանգ է պարունակում. չէ՞ որ մետրոն վիբրոշարժումներ է առաջացնում, և անգամ ամենազարգացած երկրներում միշտ խուսափում են մետրոների հարևանությամբ շինություններ հիմնել: Բացի դրանից` խաթարվում է քաղաքի պատմամշակութային տեսքը: Գերհագեցած մեր քաղաքում արդեն բավական բարձր է օդի աղտոտվածության աստիճանը: Փորձենք մտաբերել, թե որքան հաճախ ենք տեսնում մայրեր, որոնք փոքրիկներին դուրս են հանում բակ` թարմ օդ շնչելու: Կդժվարանանք մտաբերել, որովհետև մաքուր օդ չունենք քաղաքում` ամենուր անհասկանալի տրամաբանությամբ կառուցված շենքեր են ու` մեքենաներ: - Ըստ ձեզ` ի՞նչ կարող էր կամ պետք է աներ քաղաքային իշխանությունը, որ հապաղեց: - Դեռևս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, իսկ այնուհետ նաև Կարեն Կարապետյանին առաջարկեցինք քաղաքապետարանում էկոլոգիական խորհուրդ ստեղծել` ինչպես ընդունված է աշխարհի շատ ու շատ քաղաքներում: Սակայն նույնիսկ դա չեն ուզում. խորհուրդի գոյությունը մերժեցին: Ուղղակի պարտավոր են, ըստ բոլոր օրենքների, լսումներ անցկացնել, որում ճարտարապետները կներկայացնեն հյուրանոցի անհրաժեշտությունը, հասարակական կազմակերպություններն էլ իրենց կարծիքը կհայտնեն: Ինչպես նաև պետք է փորձաքննություն լինի, քանի որ սա համաքաղաքային խնդիր է: Մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, պաշտոնից հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ դեմ էր քաղաքաշինական նման շահադիտական նորմերին. Երևանի կենտրոնում արդեն գործում է 17 հյուրանոց, իսկ 4-ը դեռ նախատեսվում է կառուցել: Ո՞րն է դրա նպատակահարմարությունը. այդ հյուրանոցներն ու այլ «զարդարանքներ» գործելու են հիմնականում օտարերկրացիների համար, իսկ քաղաքացիների համար ազատ, բաց տարածություններ արդեն չկան: - Բացի Հանրապետության հրապարակում կառուցվելիք հյուրանոցից` էլ ի՞նչ կառույց կա, որ մտահոգության տեղիք է տալիս: - «Անի» հյուրանոցի մոտ նախատեսվում է կառուցել 25 հարկանի հյուրանոց: Միայն երևակայելն իսկ դժվար է: Եվ եթե որևէ բակում մի փոքր ազատ տեղ կա, ապա անպայման էլիտար շենք են կառուցում: Արդեն 3 բակերում կյանքի ու մահվան պայքար է գնում` Կողբացի-Պուշկին, Նալաբանդյան 104, Աբովյան-Սայաթ-Նովա և Աբովյան-Թումանյան բակերը: Արդեն ասեղ գցելու տեղ չկա, բայց էլի խցկում ու խցկում են: - Ի՞նչ կարող են անել ՀԿ-ները` կոնկրետ հյուրանոցի կառուցումը խանգարելու համար: - Քաղաքաշինությունը կապված է փողի և շահի հետ, որը մենք չենք կարողանում փոխել: Բայց բոլոր դեպքերում ինչ կարող ենք` մենք կանենք: Կարծում եմ, որ ուշ չէ: Մենք և մի շարք այլ ՀԿ-ներ միացել ենք այն ճարտարապետներին, ովքեր բողոքում են այս որոշման դեմ: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին ու կոնկրետ` Հանրապետության գլխավոր հրապարակում, այն էլ մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ հյուրանոց կառուցելու դեմ պայքարին, որը նաև ազգային անվտանգության խնդիր է առաջ քաշում, ապա պահանջում ենք լսումներ` անհապաղ: Երևանը շատ է փոխվել վերջերս, շատ է օտարացել: Մի գեղեցիկ ու մտածելու տեղիք տվող նյութ կարդացի: Պատմական Անիի ու ներկայիս մայրաքաղաքի մասին էր: Ասվում էր Անին էլ, թեև հազար ու մի եկեղեցիների քաղաք էր, բայց իր կանգունության վերջին տասնամյակներին դարձել էր հիմնականում շահի, հաշվարկի, առևտրի ու մեղսագործությունների քաղաք: Ու ինչպես գիտենք, դաժան ճակատագիր ունեցավ: Մենք պիտի մտածենք: Այս պատմությունը մեզ մտածելու առիթ պիտի տա` ինչ ենք անում հիմա ու, Աստված մի արասցե, ինչի կարող ենք արժանանալ: Նշենք, որ Հանրապետության հրապարակում նախատեսված հյուրանոցն իր սահմանում կներառի նաև շատրվանների տարածքը: Արդեն առկա է Կառավարության համապատասխան որոշում և այն անցել է քաղաքաշինական խորհրդի նիստով:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ