Բարեկեցության և հզորության աղբյուրը քաղաքակրթվածությունն է


Ժամանակակից աշխարհում, նույնիսկ պրոֆեսիոնալ քաղաքագետների համար, երբեմն շատ դժվար է հասկանալ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը, կանխատեսել հեռանկարները: Դա էլ օրինաչափ է, քանզի աշխարհի քաղաքական եղանակը որոշող հզոր պետությունների շահերի համընկնման և հակադրման գործընթացներում պարբերաբար տեղի են ունենում արտաքուստ ոչ էական թվացող այնպիսի փոփոխություններ, որոնք ի զորու են մոտ ապագայում միջազգային հարաբերութ յուններում «հեղափոխական էֆեկտի» նշանակություն ունենալ: Բնականաբար, «ստորջրյա» տեղաշարժերի առանցքը ԱՄՆ¬Ռուսաստան, Եվրոպա-Չինաստան հարաբերութ յուններն են, որոնցում ի հայտ եկող «թարմ» նրբերանգները քաղաքագետներին և վերլուծաբաններին մշտապես ստիպելու են սրբագրումներ կատարել սեփական դիրքորոշում ներում և գնահատականներում: Բազմիցս է շեշտվել, թե արագ փոփոխվող աշխարհում գերտերությունների տեսադաշտում գտնվող Հայաստանի համար որքան կարևոր է ճիշտ կողմնորոշումը, ճկուն քաղաքական վարքագիծը` աշխարհի խոշոր առանցքներից որևէ մեկի «կրնկի» տակ չընկնելու, ընդհակառակը` նրանց համակրանքին և աջակցութ յանը արժանանալու համար: ԱՀԱ հենց այս պարագայում խիստ կարևորվում է ներքին խնդիրների կարգավորումը: Ծեծված ճշմարտություն է. արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություն ները մեծապես պայմանավորվում են ներքաղաքական ձեռքբերումներով: Հետևաբար, աններդաշնակ զարգացումները երկրի ներսում անմիջականորեն ազդելու են Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Ներպետական խնդիրները լուծելու, ըստ այդմ, երկրի վարկանիշը բարձրացնելու ուղիները եղել և մնում են նույնը` ժողովրդավարական արժեքների պահպանում և ամրապնդում, արդարության, օրինականության հաստատում, անողոք պայքար` կոռուպցիայի, կլանայնության դեմ: Այս ուղղություններում բեկումնային քայլերի ձեռնարկման հապաղումները կարող են ճակատագրական լինել: Ներքաղաքական անկայությունից, հեղափոխական իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը «վերևից» իրականացվող համակարգային, արմատական բարեփոխումներն են, և ոչ թե դրանց իմիտացիան հասարակությանը մատուցելը: Վճռական գործողությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ ժողովրդի իրավական, սոցիալական վիճակը բարելավելու, ինչպես նաև քաղաքակիրթ զարգացման կամքն աշխարհին ի ցույց դնելու և նրանց աջակցությունը ստանալու կարևորությամբ, այլ ոչ թե արմատական ընդդիմադիրների «բերանը փակելու», շահարկումների զինանոցից նրանց զրկելու պրակտիկայով: Ի վերջո, պետության ուժեղությունը պայմանավորվում է քաղաքակրթության աստիճանով. ուժի հետ, որպես կանոն, հաշվի են նստում, իսկ քաղաքակրթվածությունը` հարգում: Եթե բացակայեց աշխարհի հզորների հարգանքը մեր նկատմամբ, որքան էլ հմուտ ու ճկուն դիվանագիտություն բանեցնեն պատկան կառույցները` ձախողումն անխուսափելի է: Մինչ այժմ Արևմուտքի քննադատությունները, բացահայտ կամ քողարկված դժգոհությունները հաջողվել է դիմագրավել` «ուղղվելու» հավաստիացումներով, հզորների ներողամտությունը կորզելով: Այսօրվա իրողությունները վերլուծելով և գնահատելով կարելի է փաստել, որ իշխանությունները վճռական գործողությունների են անցել 3 հիմնական «ճակատներում». 1) Իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-ժողովուրդ բևեռացումը մեղմելու, ընդառաջող, հանդուրժող կեցվածքով արմատականների հետ առողջ բանավեճ ծավալելու և վերջիններիս կառուցողական դաշտ ներգրավելու ուղղությամբ: 2) Կոռուպցիայի դեմ պայքարում, արդեն ոչ թե իմիտացիոն, այլ իրական ու վճռական պայքար սկսելով: 3) Ժողովրդի վատթարացած սոցիալական վիճակը շտկելու գործնական քայլեր կատարելով, ինչը ցավոք, առայժմ շոշափելի արդյունքների չի հասցնում և հակասական եզրահանգումների տեղիք է տալիս: Բայց համառություն և հետևողականություն ցուցաբերելու դեպքում, անշուշտ, տեղաշարժ կգրանցվի նաև այս ոլորտում: Հիմա փորձենք գտնել մեկ կարևոր հարցի օբյեկտիվ պատասխանը: Արդյո՞ք վերոնշյալ իրողությունները, որոնք սկսվել և շարունակական ընթացքի մեջ են, Հայաստանի հեղինակությունը չեն բարձրացրել համաշխարհային թատերաբեմում: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, գերտերությունների ղեկավարներն անթաքույց նշում են, որ մեր երկիրն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճիշտ ճանապարհով: Հայաստանյան ընդդիմադիրները պնդում են ճիշտ հակառակը. այն դեպքում, երբ ՀՀ հեղինակության բարձրացումն ամբողջ աշխարհում անզեն աչքով էլ տեսանելի է: Պարզապես դեմագոգիան, իշխանությունների նկատմամբ խանդը, ինչո՞ւ չէ, նաև մաղձը, ընդդիմությանը թույլ չեն տալիս սթափ նայելու և օբյեկտիվ գնահատելու իրողությունները: Միայն ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր¬Պետրոսյանը խիզախություն ունեցավ խոստովանելու, որ երկխոսության արդյունքում աննխադեպ բարձրացել է Հայաստանի ժողովրդա վարական վարկանիշը: Դա էլ երևի թե այն պատճառով, որ երկխոսության նախաձեռնողներից մեկը հենց ինքն էր: Բայց արդյո՞ք միայն երկխոսությունը (որի շարունակվելն, ի դեպ, վտանգված է) միակ առիթն ու պատճառն էր` աշխարհին բաց ճակատով ներկայանալու: Իսկ Մարտի 1¬ի դեպքերի կապակցությամբ ձերբակալվածներին ազատ արձակե՞լը: Մարտիմեկյան քննությունը շարունակելու և բացահայտելու կամարտահայտությո՞ւնը: Կոռուպցիայի դեմ պայքարում աննախադեպ վճռականությո՞ւնը, բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների բացահայտման հետևողականությո՞ւնը (Վազգեն Խաչիկյան, Հովհաննես Թամամյան, Մարգար Օհանյան): Ախր չի կարելի աչք ծակող դրականը չնկատել, դրան զորավիգ չլինել: Որովհետև ընդդիմությունը, եթե տասնյակ բացասական երևույթներ արդարացիորեն քննադատում է, բայց դրականը միտումնավոր նսեմացնում` անվանելով նախընտրական PR կամ թոզփչոցի, ապա ժողովրդի աչքում կասկածելի է դարձնում իր հնչեցրած նույնիսկ արդարացի ու օբյեկտիվ քննադատությունը: Ափոփելով` հարկ է շեշտել, եթե վաղուց իշխանությունները ձեռնամուխ լինեին երկրի ներքին «կնճիռների» հարթմանը, ապա այսօր կարող էինք առավելագույն դրականը քաղել աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներից և է´լ ավելի ուժեղ ու քաղաքակիրթ ներկայանալ աշխարհին` լուծած լինելով ոչ միայն Արցախի, այլև բազում ուրիշ կարևոր հիմնախնդիրներ: Բայց դե` լավ է ուշ, քան` երբեք:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ