1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայաստանում ընդերքահենությունը ծաղկում ու նորանոր բարձունքներ է նվաճում: Նույնիսկ վիճակագիրների հրապարակումները (որտեղ ամենաբացասական իրողութ յուններն անգամ ամենայն մեղմությամբ են արձանագրվում) փաստում են, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում կատարված ներդրումների գրեթե կեսն ընդերքին է բաժին հասել: Դե բնական է, որ ընդերքն անզեն աչքով անհնար է դիտարկել ու ոչ դրա պարունակության, ոչ էլ այդ պարունակության դատարկման փուլերի մասին ոչինչ ասել հնարավոր չէ: Պարզ է սակայն, որ հանքահենության մոլուցքն այնքան մեծ է, որ այս նպատակով նույնիսկ օտարերկրյա կապիտալն է Հայաստան հոսել: Այսինքն, տեղացի, թե օտար` հայրենի ընդերքը Քլոնդարկ են դարձրել: Իսկ «պեղումներից» միայն ոսկի չի դուրս գալիս: Թանկարժեք մյուս մետաղների գինն էլ շատ չի զիջում ոսկու գնին` մանավանդ ֆինանսատնտեսական ճգնաժամի վերականգնումից հետո: Ամենուր վերականգնվել է նաև մետաղների պահանջարկը, ուստիև մնում է միայն հասցնել մատակարարել... Նման եռուզեռի պայմաններում արդյունաբերության մահվան մասին լուրերն իրոք չափազանցված կարելի է համարել: Այլ հարց է, որ արդյունաբերություն ասելով` արդեն միայն դատարկվող հանքերը պետք է պատկերացնենք: Զավեշտալի մի իրողություն էլ կա. հայաստանյան հանքահեններն այնքան շատ են, որ այս ոլորտի վերաբերյալ մենաշնորհների մասին խոսելն է անգամ ավելորդ: Նույնիսկ խոշոր հարկատուների ցուցակների ցանկացած հրապարակում տասնյակ հանքարդյունաբերող կազմակերպությունների է ներկայացնում, որոնք միլիոնների, երբեմն էլ միլիարդների հասնող հարկեր են պետությանը վճարում: Մի պահ ամեն ինչ նույնիսկ նախանձելի կարող է թվալ. աշխատավարձերի (որոնք այս ոլորտում համեմատաբար բարձր են) ու վճարվող հարկերի մասով բացասական ոչինչ հնարավոր չէ ասել: Նույնիսկ կարելի է պնդել, որ գունավոր մետաղներ միշտ են արդյունահանվել: Խնդիրն այն է սակայն, որ ոլորտին մոտ կանգնած մարդիկ հավատացնում են, թե հանքահենության նման ծավալներ երբեք գոյություն չեն ունեցել: Ավելին, շատ ու շատ հանքավայրերի դեպքում հավանական է, որ մի քանի տարի հետո արդյունահանելու ոչինչ այլևս մնացած չլինի... Այսինքն, ծավալներն ու արագությունն է պետք մեղմել: Ի վերջո, Հայաստանն անմարդաբնակ Քլոնդարկ չէ, և այստեղ գունավոր մետաղների տենդի ավարտից հետո հետաքրքրվողներ հաստատ լինելու են` թե ինչու այդքան արագ սպառվեցին ընդերքի հարուստ պաշարները:ջ