«ԱԻԴԱ» ՕՊԵՐԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԾԱՓԵՐՈՎ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՄԲ


Համաշխարհային օպերային գրականության դասական արժեքներից մեկը` Ջ. Վերդիի «Աիդան», հայ երաժշտասերին ծանոթ ու հարազատ ստեղծագործություն է, օպերային գլուխգործոց, որը հաճախ է տեղ գտել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկացանկում` արձանագրելով զորեղ կատարումներ… Տևական ժամանակ ստեղծագործական պարապուրդի և անորոշության մատնված մեր երաժշտական գլխավոր թատրոնում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո (որը նշանավոր բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի տարբեր բեմերում իրականացված բեմադրությունների կրկնությունն էր) ձեռնամուխ եղան «Աիդա»-ի բեմադրությանը: Նպատակը դասական ստեղծագործությամբ թատրոնին նոր շնչառություն հաղորդելն էր և հրաժարվելը գոյության այն ձևից, որը երբեմնի նշանավոր թատրոնը դեպի գետնաքարշություն էր տանում: «Աիդա» օպերան իր երաժշտական կտավի բազմաշերտությամբ, դիպաշարի ինքնատիպությամբ, նվագախմբային և երգչախմբային հատվածների հագեցվածությամբ, պարտիտուրի բարդությամբ կարող էր և´ փորձություն լինել, և´ առիթ դառնալ ստեղծագործական խիզախման: Վերջինի կարիքն, իրապես, մեզանում զգացվում է, որովհետև «Անուշ», «Ալմաստ», «Արշակ Երկրորդ» և «Դավիթ Բեկ» օպերաների բեմադրությունները վկայել էին, որ մեր թատրոնը հեռու է մնացել համաշխարհային օպերային արվեստում տեղի ունեցող նորացումներից: Գուցե հենց նման մտադրությունների դրդմամբ էլ թատրոնը հրավիրել էր բեմադրության իտալացի ճանաչված բեմադրիչ Մարիո Կորրադիին, ով այս օպերայի մոտ մեկ տասնյակ բեմադրություններ է իրականացրել աշխարհի տարբեր թատրոններում: Մարիո Կորրադին ի սկզբանե մղվեց դեպի ավանդական երաժշտական թատրոնը` հրաժարվելով ժամանակակից թատրոնին այնքան բնորոշ նոր ու ինքնահատուկ պլաստիկական ձևերից, պայմանական լուծումներից, օպերային պարտիտուրի և նրա ռեժիսորական ընթերցման արդիականացումից: Բեմադրիչը ձգտել էր կարծես ամբողջովին վերականգնել պատմական Մեմֆիսը` երբեմն հասնելով ճարտարապետական ու ոճական մանրակրկիտության: Հենց այս պատճառով էլ ողջ բեմադրությունը կառուցված է օպերայում այնքան ընդունված ու չարչրկված «երկրաչափական» բեմավիճակավորման սկզբունքների, անշարժության վրա: Մի շարք տեսարաններ թատրոնը վերածում են մեներգերի, զուգերգերի համերգային կատարման` օպերան զրկելով նրա դրամատիկական տարրից, կոմպոզիցիոն-բեմադրական յուրատիպություններից: Բեմադրիչը նկարիչ Ավետիս Բարսեղյանի հետ ստեղծել է իր տեսակի մեջ եզակի, եգիպտական բուրգերի ճարտարապետական ճշգրտությամբ վերարտադրված բեմակառույց, որը գրավում է ամբողջ բեմը` այն զրկելով բազմապլան-բազմադիրք օգտագործման հնարավորությունից: Վերդիի օպերան պատմություն է մեծ սիրո մասին, Աիդայի և Ռադամեսի` դրամատիզմով հագեցած սիրո, որը երբեմն տանում է դեպի ողբերգականությունը: Մարիո Կորրադիի բեմադրության մեջ ամեն ինչ հենվում է բեմական գրավչութ յան, լույսերի ու գույների խաղի վրա` այսպես փոքր-ինչ ստվերելով սիրո պատմությունը, որի հանգուցալուծումը հիշեցնում է Սոփոկլեսի «Անտիգոնեն»: «Աիդայի» հմայքը մեղեդիականության և դրամատիկական «միջանցիկ գործողության» ներհյուսումն է, մինչդեռ այս ամենի մասին «մոռացել» է բեմադրիչն ու հրապուրվել զանգվածային տեսարանների կառուցումներով: Դրանք որոնք որքան կոլորիտային, նույնքան էլ ավելորդ ընդգծվածություն ունեն, ինչի հետևանքով դիպաշարային առանցքը կազմող Աիդա-Ռադամես-Ամներիս-Ամոնասրո կոնֆլիկտային գծերը կարծես ստվերվում են: Եթե բեմադրության ավանդականությունը պարտադրում է հիշել Վախթանգովի հայտնի միտքը` «Ավանդույթը լավ պահպանված դիակն է», ապա այստեղ առանձնանում են նվագախումբն ու երգչախումբը, որոնք ճշգրտորեն են զգացել Վերդիի երաժշտության յուրատիպությունները: Օպերայի հիմնական լեյթմոտիվները մասնավորաբար դիրիժոր Կարեն Դուրգարյանը մատուցել է տեմբրային-գործիքային ուշագրավ գունավորումներով` հատկապես մի շարք տեսարաններում հանդես բերելով կլավիրի հրաշալի զգացողություն: Այսպես, Ռադամեսի լեյթմոտիվը հանդիսացող ծնծղաների, հայրենիքի հանդեպ Աիդայի կարոտի` հոբոյի շեշտված տեմբրի, Ամներիսի կրքի արտահայտությունը հանդիսացող լարայինների մատուցումները հասցված են կատարելության: Նվագախումբը հատկապես հրաշալի հնչողություն է ձեռք բերում Նախերգի (ջութակների հոգեպարար երաժշտությունը), «Սրբազան Նեղոսի ափերով» հանդիսավոր քայլերգի, երկրորդ պատկերի մեծածավալ երգչախմբային տեսարանի, Ամներիսի և Ռադամեսի զուգերգի և հատկապես Աիդայի ու Ռադամեսի ավարտական «Ներիր, հող, ներիր բոլոր տառապանքների հանգրվան» զուգերգի հատվածներում: Հենց ավարտական տեսարանում նվագախումբը պարզապես մեծագույն հմտությամբ ու ներշնչանքով է մատուցում եթերային մեղեդիների գեղեցկությունն ու արտահայտչականությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ