«ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ» ՉԻ ԼԻՆԻ


Աջափնյակում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանի առաջադրման ու պաշտպանության վերաբերյալ «հավաստի աղբյուրներից» մամուլ ներթափանցած կանխատեսումներն արդարացան: ՀՀԿ խորհրդի` շաբաթավերջին կայացրած որոշման մեջ նշվում է, որ հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում հանրապետականները չեն սատարելու Սահակյանին: Ընդ որում, կարգազանց կուսակցականներին սպառնում է ՀՀԿ-ից հեռացվելու հեռանկարը: Եվ այսպես, հայտարարությունը, որքան էլ կանխատեսելի և կուսակցական բարոյականության շրջանակներում է, այնուամենայնիվ, չափազանց հետաքրքիր է` հատկապես սկզբունքայնության առումով: Հարկ է եզրակացնել, որ նախկին փոխքաղաքապետը ճակատագրական ճամփաբաժանի առաջ է կանգնած` հեռանալ ՀՀԿ-ից կամ խնդրո առարկա որոշմանը դեմ քվեարկած իր ազգականների` Գալուստ Սահակյանի և Աշոտ Աղաբաբյանի աջակցությունը միայն վայելելով` մասնակցել ընտրությանը: Այս պահին, իհարկե, դժվար է ասել, թե Ա. Սահակյանն ինչպես կկողմնորոշվի, բայց ավելի հավանական է, որ երիտասարդ գործչին բնորոշ վճռականությամբ նա կես ճանապարհից չի հեռանա... Իր հերթին ՀՀԿ-ն փաստորեն վերջնականապես հերքեց համատարած հանրապետականացման վերաբերյալ վերջին շրջանում ավելի արմատացած տեսակետը: Աջափնյակ համայնքը հեռավոր ու մի քանի տասնյակ, ոչ էլ մի քանի հարյուր բնակչություն (այս պարագայում` ընտրող) ունեցող բնակավայր չէ, որի ղեկավարի ՀՀԿ-ական լինել-չլինելը բոլորովին էլ էական նշանակություն չունենա: Բացի այդ, իշխող քաղաքական ուժի վճռական քայլը բնավ միտված չէ երևույթի միայն արտաքին-ցուցադրական շերտի դրսևորմամբ սահմանափակվելուն: Խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն ուղղակիորեն հասկացրեց, որ ավելի քան 70 հազար ընտրող ունեցող երևանյան համայնքներից մեկի ղեկավարի կարևորագույն «պոստը» առանց լուրջ դժվարություննե րի ու առանց պոպուլիստական մոդայիկ տեսարանների կարող է նաև զիջել: Անշուշտ, Հանրապետականում նաև լավ են հասկանում, որ իրենց որոշումը գրեթե երաշխավորում է Նիգապարանյան քաղաքականացվող թևի (և ոչ միայն) լիարժեք հաղթանակը, ինչն էլ ենթադրում է, որ ՀՀԿ-ում նման որոշում կայացնելով փորձում են զերծ մնալ միայն սեփական կուսակիցների առջև «կանաչ լույս» վառելու սուբյեկտիվիզմից: Ավելին, հանրապետականները բացարձակապես չեն խուսափում թեման արծարծելուց և այն էլ ամենաբարձր մակարդակով... Մասնավորապես Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` կուսակցությունը ոհմակի հետ չհամեմատելու պահանջն էլ իր հերթին, փակագծերը բացելով, փաստում է, որ տարածքային ինքնակառավարման մարմիններում լավագույնս ներկայացված ՀՀԿ-ն բոլորովին էլ համակարգն ամբողջությամբ «սեփականաշնորհելու» նպատակ չի հետապնդում: Ընդգծված նկրտումների բացակայությունն էլ ոչ թե ավելորդ համեստությամբ է պայմանավորված, այլ, ինչպես նախարարի նույն հայտարարության համատեքստում բացահայտվեց, առողջ և հավասարակշռված քաղաքական մրցակցության նախապատվությամբ: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ խորհրդի որոշումը հենց վերոնշյալ սկզբունքներից է բխում: