Չի կարելի բացառել պատերազմի վտանգը


Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ Հայաստանի քաղաքագետների տեսակետները և գնահատականներն իրարից խիստ տարբերվում են: Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ նավթային դոլարներով կտրուկ մեծացնելով ռազմական բյուջեն, Ի. Ալիևն անպայման կփորձի պատերազմի միջոցով վերադարձնել կորցրածը: Ճիշտ է, սույն մեկնաբանները նաև համոզված են, որ Ադրբեջանից կպահանջվի առնվազն երկու տարի` սեփական բանակի մարտունակությունն անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար: Տարածված է նաև մեկ այլ տեսակետ: Ադրբեջանը, լինելով կոռումպացված երկիր, նավթից ստացված շահույթները քամուն կտա, դրանք մեծամասամբ կյուրացվեն կլանների կողմից, հետևաբար նրանց բանակի մարտունակությունը երբեք չի հասնի այնպիսի մակարդակի, որ կարողանա լինի պատերազմի միջոցով լուծել ԼՂ հիմնախնդիրը: Փորձագետների մեկ այլ խումբ համոզված է, որ պատերազմը վերսկսելու հարցը բոլորովին էլ կախված չէ Ադրբեջանից: Անկախ այն հանգամանքից` կուժեղանա՞ նրանց բանակը, թե ոչ, միևնույն է, միջազգային հանրությունը թույլ չի տա Ի. Ալիևին` սանձազերծել նոր պատերազմ, քանի որ այն մեծ վնաս կհասցնի առաջին հերթին գերտերությունների շահերին: Կասկածի տակ կդրվի նաև Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգ շահագործումը, որի համար Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է ծախսել: Շրջանառվող բոլոր տեսակետների մեջ առկա է որոշակի տրամաբանություն, և սխալ կլինի դրանցից որևէ մեկի հավանականության աստիճանը հավասարեցնել զրոյի, այսինքն` լիովին բացառել: Իհարկե, կարելի է հնչող կարծիքները համեմատելով որոշ հետևություններ անել, թե որի հավանականության աստիճանն է ավելի բարձր: Այս տեսանկյունից ավելի հավաստի է թվում միջազգային հանրության դերակատարության կարևորումը: Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ բացահայտ կամ ակնարկներով հասկացրել են, թե իրենք բացառում են պատերազմի միջոցով հիմնախնդրի լուծումը, և, ամենակարևորը` շեշտել են, որ ռազմական գործողություններ սկսող երկիրը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը կարժանանա: Ասել է թե` պատժամիջոցներն անխուսափելի են: Այս դեպքում, իհարկե, կարող է հարց ծագել. ինչո՞ւ է Ի. Ալիևը գնում վա-բանկ` ընդդիմանալով միջազգային կառույցներին և գերտերություններին: Այս հարցին կա մի քանի հավանական պատասխան. ա) Ալիևի ռազմամոլ հիստերիան պարզապես իմիտացիա է` հասարակական կարծիքը ապակողմնորոշելու, սեփական իմիջը բարձրացնելու, ազերի ժողովրդի ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու նպատակ հետապնդող, բ) Ի. Ալիևը հույս ունի վախեցնելով ստիպել հայկական կողմին` կատարելու ավելի մեծ զիջումներ: Այսինքն` Ալիևը փորձում է մեկ գնդակով երկու թիրախ խոցել` շանտաժի ենթարկելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը, գ) Ի. Ալիևի ռիսկի հաջորդ աղբյուրը կարող է լինել հետևյալը. մեկ-երկու տարի հետո, աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում, հնարավոր է իրավիճակը փոխվի, և պատերազմի վերսկսումը Հարավային Կովկասում ոչ միայն ցավոտ չլինի Արևմուտքի համար, այլ նույնիսկ լինի ձեռնտու: Այս տարբերակը, որքան էլ խիստ տեսական, այդուհանդերձ լիովին բացառել չի կարելի: Մի քանի օր առաջ` ԼՂՀ անկախության 15-ամյա տարելիցին, Վարդան Օսկանյանը ներկա դրությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, գնահատեց որպես «կրիտիկական»: Թեպետ ՀՀ արտգործնախա րարը չմանրամասնեց թե բանակցային գործընթացի վերջնական փակուղին (որին, կարծես, ձգտում է Ի. Ալիևը) ինչպիսի վտանգներով է հղի և ինչ կոնկրետ հետևանքներ կարող է ունենալ, բայց ենթատեքստից կարելի է ենթադրել հետևյալը` կամ միջազգային հանրությանը կհաջողվի «ծնկի բերել» Ի. Ալիևին` ստիպելով ընդունել արդեն բազմիցս ներկայացված համաձայնագիրը, կամ Ալիևը հնարավոր է` դիմի խելահեղ քայլի` 1-2 տարի հետո սանձազերծելով պատերազմ: Բոլոր դեպքերում Հայաստանը պետք է բազմապատկի ջանքերը` թե° դիվանագիտական ճակատում, թե° բանակի մարտունակության է°լ ավելի բարձրացման ուղղությամբ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ