ԲՆԱԿԻՉԸ ԲՈՂՈՔ ԳՆԱՑ, Քաղաքապետարանը կգա, կպատժի


Քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտը կարելի է վերահսկել-կանոնակարգել նաև բնակիչներից ստացված բողոքների ու ահազանգերի հիման վրա: Բնակիչների բողոքներն, իհարկե, կարող են մայրաքաղաքում տիրող իրավիճակի ճիշտ պատկերն ունենալու համար լակմուսի դեր կատարել: Եթե չինովնիկը քաղաքի թերություններն ու բացերը տեսնում է մեքենայի նեղ պատուհանից, առանց, երևի, ոտքը գետնին դնելու, ապա բնակիչը երկու ոտքով է անցնում այդ ամենի պատճառած դժվարությունների և վնասների միջով, իր մաշկի վրա զգում այդ ամենը: Օրինակ, սպասարկման օբյեկտների, մասնավորապես սրճարան-ռեստորանների բարձր երաժշտությունից տառապում են, բնականաբար, ոչ թե չինովնիկները, այլ հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր գիշերներով քնել չեն կարողանում անդադար հնչող, ավելի ճիշտ` թնդացող երաժշտությունից: Փոխանակ հենց էդ անքուն գիշերներին էլ թուղթ ու գրիչ վերցնեն ու քաղաքապետարան բողոք գրեն: Բողոքը մի անգամ տեղ չհասնի, երկրորդ անգամ չօգնի, հո օրերից մի օր ուշադրությա՞ն կարժանանա: Թեև քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Կարեն Գևորգյանը վստահեցնում է, որ բնակչից բողոք ստանալուն պես իրենք օպերատիվ արձագանքում են, բայց գոնե կրկեսամերձ սրճարանի երաժշտաաղմուկի շուրջ տարիների դժգոհությունը դժվարացնում է օպերատիվությունից խոսելը: Ինչևէ: Վերահսկողներն ստացել են բողոքները, քաղաքում շրջել են, շրջել ու 12 նման օբյեկտի վարչական տույժի ենթարկել: Կան այնպիսիք, ովքեր կրկնակի են տուգանվել: 25-30 հազար դրամը, որ վերջերս սահմանված տուգանքի չափն է, շատերի համար առանձնապես մեծ գումար չէ: «Էլի կտուգանենք»,- հավաստիացնում է վարչության պետը: Բնակչության հանգիստը խանգարող և քաղաքապետարանի կողմից ուսումնասիրված օբյեկտների մեջ բենզալցակա յաններ կա՞ն: Մեր դիտարկումներով, այսօրինակ օբյեկտների աշխատակիցներն իրենց երաժշտասիրությամբ մյուսներին չեն զիջում և, մանավանդ, աշխատանքից համեմատաբար թեթև գիշերային հերթափոխն անցկացնում են երաժշտություն, այն էլ լավ բարձր, զիլ զլած երաժշտություն ունկնդրելով: Թեև սպասարկման վարչությունում նման ուսումնասիրություն ներ չեն կատարվել, սակայն Կ. Գևորգյանն ի պատասխան մեր հարցի վստահեցնում է, որ դրանցով պետք է զբաղվել, և առաջիկայում այդպիսի առաջարկություն կներկայացվի քաղաքապետին: Նա մինչև իսկ զարմացած է, որ բենզալցակա յանները, որպես սպասարկման ոլորտի օբյեկտներ, մինչև այժմ վարչության ուսումնասիրության ոլորտում չեն ընդգրկվել: