Պատրաստվեք նկուղներից դուրս գալ


Որպեսզի բնակելի շենքերի և առհասարակ նկուղներում ապրող հազարավոր ընտանիքներ տվայտանքների գիրկը չընկնեն, միանգամից ասենք, որ խոսքն այստեղ գործող սպասարկման օբյեկտների մասին է, ինչպես, օրինակ, հացաթխման արտադրամաս, քիմմաքրման արտադրամաս, դյուրավառ նյութերի վաճառքի կետ, գիշերային ակումբ... բանախոսի ներկայացմամբ դրանք ի սկզբանե իրավունք չունեին բնակելի շենքերի նկուղներում նման բիզնես ծավալել: Բանն այն է, սակայն, որ չեն եղել ու դեռևս չկան այսպիսի գործունեությանը տեղյակ լինելու իրավական լծակներ: Իսկ գործարար ներն էլ հո խելքները հացի հետ չեն կերել, որ գային ու ասեին. «Հարգելի քաղաքապետարան, մենք այսինչ շենքի նկուղում հացաթխման արտադրամաս ենք բացելու», այլ դա արել են ինքնուրույն, ինչի իրավունքը, ըստ Կ. Գևորգյանի, նրանք ի սկզբանե չունեին: Ի դեպ, եթե սկզբին գանք, պիտի հիշենք 90-ականներից ծավալված կոոպերատիվ շարժումը: Այդ շարժումն ինչպես կմնա պատմության մեջ, չգիտենք, կոոպերատորների` քաղաքին մատուցած մի ծառայությունը հաստատ կհիշվի: Կոոպերատորները ջանադրաբար մաքրեցին աղբանոցների վերածված նկուղները: Շատ շենքերի նկուղներ ջրագծերի քայքայման պատճառով մշտապես ջուր էր լցվում` սպառնալով շենքի հիմքի ամրությանը: Մի խոսքով, գործարարների սկսնակ տեսակը` կոոպերատորները, ժամանակին իրենց գործն արեցին: Հիմա էլ նկուղներից դուրս գալու ժամանակն է: Քաղաքապետարանն այսօրինակ օբյեկտներն առայժմ հաշվառում է` Կառավարությանը դիմելու և համապատասխան կարգով գործելու հնարավորություն ստանալու համար: Հավանաբար, նկուղներում հիմնավորված բիզնեսմեն ներին տեղահանելը հեշտ չի լինելու: Նման ենթադրություն անելու հիմք է տալիս Կ. Գևորգյանի հայտարարությունը. «Եթե նրանք կամավոր չդադարեցնեն իրենց գործունեությունը, մենք դա կանենք դատական ճանապարհով»: