Կրթօջախում կարևորվում են ոգեղեն արժեքները


Աշնանամուտը կամ ուսումնական ամանորը հանդիսավոր ու տոնական էր նաև ՊՆ համակարգի կրթօջախներում: Մոնթե Մելքոնյանի անվան մարզական վարժարանը նույնպես այդօր սիրով կրկին իր դռներն էր բացել առաջին կուրսեցիների առջև: Փոքր-ինչ շփոթված 14-15-ամյա պատանիների հայացքում նաև հպարտություն կար: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին` տոգորված մեր նշանավոր զորավարների և մեծ հայրենասեր Մոնթե Մելքոնյանի հայրենասիրական գաղափարներով և անդավ սկզբունքներով: Հատկապես նրանց համար, ովքեր վարժարանն ավարտելով համալրելու են հայ սպաների շարքերը, պարտավորեցնող էր ՀՀ Պաշտպանության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ողջույնի խոսքը. - Սիրելի սաներ, հարգելի ծնողներ. ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ, որը կրկնակի է արժեվորվում հատկապես այս վարժարանում: Մեր պատմության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք ոգեղեն արժեքներով և կարողացել ենք պաշտպանել մեր մշակույթը: Ձեզ պատիվ է ընձեռվել ուսանել մի կրթօջախում, որը կրում է լեգենդար հայորդու անունը: Մի մարդու, ով փառքով պսակեց ոչ միայն իր անունը, այլև հայ զենքն ու մեր ժողովրդին: Ես վստահ եմ, որ դուք նկատի եք ունեցել այս հանգամանքը և գիտակցաբար եք ընտրություն կատարել: Վստահ եմ նաև, որ ձեզանից շատերը դառնալու են հայկական սպայակազմի արժանի ներկայացուցիչներ: Միաժամանակ վստահեցնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորինս ամեն ինչ անելու է` թե° այս վարժարանի, թե° ռազմական մյուս կրթջօախների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու համար: Անթաքույց երախտիքով էր պարուրված ծնող ՄԱՐԻԱ ՈՒՄՐՇԱՏՅԱՆԻ շնորհավորանքի խոսքը. - Սիրելի սաներ և ծնողներ, 2-րդ վաշտի բոլոր ծնողների անունից ջերմորեն շնորհավորում եմ 1-ին կուրսեցիներին` նոր ուսումնական տարվա առթիվ: Քաջ գիտակցելով, թե ինչ պատասխանատու և պատվաբեր է Հայոց Բանակի շարքերը համալրելը, ողջունելի է ձեր ոտնամուտը այս ազգապահպան կառույց: Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, գիտելիքների և հմտությունների անսպառ զինանոց` ի բարօրություն հայրենի երկրի: Վստահ ենք, որ կդառնաք Հայոց բանակի արժանի սպաներ և բարձր կպահեք հարազատ վարժարանի հրամանատարական անձնակազմի ու մանկավարժական կոլեկտիվի պատիվը: Ուսումնարանի 2-րդ վաշտի սան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հավաստմամբ` կրթօջախը կյանքի դպրոց է, ուր առաջին հերթին ուսուցանվում է արժանապատիվ ապրել. - Մեծարգո պարոն Նախարար, ողջունում եմ Ձեր մուտքը մեր վարժարան և հավաստիացնում, որ մենք կարդարացնենք Ձեր վստահությունն ու սպասումները: Ձեր այցը մեզ ոգևորում է և միևնույն ժամանակ պարտավորեցնում: Խոստանում ենք ցուցաբերել բարձր առաջադիմություն և հետագայում շարունակել մեր ուսումը ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում` Հայոց բանակի արժանի սպա դառնալու համար: Վարժարանի պետ, գնդապետ ՌՈԼԱՆԴ ՔԵԼԵՇՅԱՆՆ առանձնակի հպարտություն է զգում իր ղեկավարած կրթօջախի համար. - Մեզ ոգևորում և պարտավորեցնում է ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը: Ես սիրով շնորհավորում եմ վարժարանի սաներին` գիտելիքի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ ուսման մեջ և Մոնթե Մելքոնյանի անունն ու հիշատակը հավերժացնելու պատվախնդրություն:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ