Մենք ժողովրդի աչքն ու ձայնն ենք բանակում


«Բանակի ձեռքբերումները մեզ ուժ են տալիս, որ վստահաբար ու հավատով պայքարենք թերությունների դեմ` համոզված, որ համատեղ աշխատանքով, միասնական նվիրումով կհաղթահարենք մեր բանակի առաջընթացը կասեցնող ցանկացած խոչընդոտ»,- ասում է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: - Տիկին Մարգարիտա, նախքան «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությանն անցնելը ուզում եմ հարցնել` ինչո՞ւ և ինչպե՞ս բանակի խնդիրները և զինվորի հոգսերը հայտնվեցին Ձեր հոգածության դաշտում: Ձեզ հոգեհարազա՞տ է հասարակական ակտիվ աշխատանքը: - Ես մեծ, ավանդապաշտ ընտանիք եմ ունեցել, իմ էությամբ եղել եմ տնակյաց, տարիներ շարունակ խնամել եմ հիվանդ սկեսրոջս ու սկեսրայրիս, երեխաներ եմ մեծացրել: Այնքան հոգսեր եմ ունեցել, որ հասարակական գործունեության մասին խոսք լինել չէր կարող: Ամեն ինչ փոխվեց, երբ միակ որդիս զոհվեց զինծառայության ժամանակ, խաղաղ պայմաններում: Ամուսինս չդիմացավ վշտին ու կարճ ժամանակ անց մահացավ: Ես երդվեցի, որ մնացած ողջ կյանքս նվիրելու եմ հայոց բանակի զորացմանն ու զինվորի բարեկեցությանը: Սկզբնական շրջանում ես և մի խումբ ծնողներ հետամուտ էինք սպանության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ու դատավարության ընթացքին, որպեսզի բացառվեն անօրինականությունները, և յուրաքանչյուր հանցագործ ստանա արժանի պատիժ: Հետո անհրաժեշտություն զգացինք ավելի ընդլայնելու մեր գործունեության շրջանակները, ուստի 2000 թ. ստեղծեցինք «Զինվոր և օրենք» հասարակական կազմակերպությունը: - Հասարակական կազմակերպության ակտիվ ներկայությունը բանակում, փաստորեն, հասարակական վերահսկողության լրացուցիչ հնարավորություն է, բանակի թերություններն անմիջականորեն տեսնելու և դրանց քողարկումը բացառելու միջոց: Հետաքրքիր է` Ձեզ ինչպե՞ս ընդունեց բանակի ղեկավարությունը, խոչընդոտներ չեղա՞ն: - Բանակի ղեկավարությունը լավ է հասկանում, որ թերությունները քողարկելով` առաջընթաց չի լինի, թերությունները դրանից չեն վերանա: Որքան էլ զարմանալի է` առանձնակի հակազդեցության չհանդիպեցինք, մեր հանդեպ շատ բարյացակամ էին և° ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, և° զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, և° ինքը` նախարարը: Մեզնից բացի կային նաև այլ հասարակական կազմակերպություններ, որոնք հետաքրրված էին բանակի խնդիրներով և գործում էին անջատ-անջատ, 2003-ին Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաջարկեց 51 հասարակական կազմակերպությունները միավորել, ստեղծել կոորդինացիոն խորհուրդ, միավորել ծրագրերը, աշխատել ավելի համակարգված և արդյունավետ: Այդպես ստեղծվեց «Զինվոր» հասարակա կան կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը, 2005 թ. ես ընտրվեցի կոորդինացիոն խորհրդի նախագահ: - Փաստորեն 6-7 տարի, սկզբում որպես «Զինվոր և օրենք» կազմակերպության, ապա «Զինվոր» հասարակական կազմակերպություն ների կոորդինացիոն խորհրդի նախագահ` Ձեր համախոհների հետ զբաղվել եք բանակի խնդիրներով: Ի՞նչ ոլորտներ է ընդգրկում Ձեր գործունեությունը, և ո՞րն է Ձեր աշխատանքի մեխանիզմը, այսինքն` ի՞նչ ճանապարհով են բացահայտվում առկա բացթողումները, ինչպե՞ս եք արձագանքում դրանց, և ինչպե՞ս է իրականանում թերությունները, արատավոր երևույթները, ձախողումները վերացնելու ընթացքը: - Մենք պարբերաբար կատարում ենք շրջայցեր զորքերում, բանակի բոլոր զորամասերում: Կա Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանը, և ոչ ոք չի կարող խոչընդոտել մեր աշխատանքն ու որևէ կերպ սահմանափակել: Մենք լինում ենք զորանոցներում, ստուգում ենք սանիտարահիգիենիկ վիճակը, լինում ենք ճաշարաններում, ստուգում ենք ճաշի որակը, զրուցում ենք զինվորների հետ: Միայն այս տարվա ընթացքում կատարել ենք 70 շրջայց: Արդյունքների, արձանագրված թերությունների, ինչպես նաև դրական տեղաշարժերի մասին գրավոր զեկույց ենք ուղարկում նախարարին: Նախարարը երբեք անարձագանք չի թողնում մեր նկատառումները: Ունենք շատ ակտիվ ու անմիջական կապ զինվորների ծնողների հետ: Ստանում ենք հազարավոր դիմումներ, ընդունում ենք բազմաթիվ ծնողների: Նրանց բողոքներն ու խնդիրներն անհապաղ հասցնում ենք իրավասու ատյաններին և հետևում դրանց լուծման ընթացքին: - Ինչի՞ց են ավելի հաճախ բողոքում ծնողները և ի՞նչ հարցերով են դիմում Ձեզ: - Խնդիրները տարբեր են: Օրինակ` ծնողը սոցիալական վիճակի պատճառով չի կարող հասնել զորամաս, ուստի խնդրում է թույլ տալ արտահերթ կարգով օգտվել պաշտպանության նախարարության փոխադրամիջոցներից: Կամ ծնողը այցելության ժամանակ կապտուկ է տեսել որդու վրա: Կամ հոսպիտալից զորամաս ուղարկված զինվորը ժամեր անց կրկին տաքություն է ունեցել: Կամ ծնողը կարոտել է որդուն և խնդրում է արձակուրդ շնորհել... Կամ որպես զինվորի ծնող ցանկանում է օգտվել անվճար բուժսպասարկումից: Կամ կարծում է, որ որդուն անօրինական են զորակոչել: Երբեմն դժվար է հասնել զորամաս կամ դիմել բարձրաստիճան սպաներին, ուստի ծնողը ավելի նպատակահարմար է գտնում սիրտը թեթևացնել իր նման մեկի` զինվորի ծնողի մոտ, մանավանդ տեսնում է, որ իր խնդիրներով զբաղվում են, փորձում են օգնել: - Այս 6-7 տարիների ընթացքում, երբ Դուք առավել մոտիկ եք եղել բանակաշինությանը, ի՞նչ էական ձեռքբերումներ է ունեցել պաշտպանության համակարգը, և որո՞նք են չլուծված խնդիրներն ու բացթողումները: - Ձեռքբերումների մասին կխոսեմ ավելի կարճ և հիմնական շեշտը կդնեմ թերությունների վրա: - Ինչո՞ւ: Ձերքբերումները թերությունների չափ նշանակալի չե՞ն: - Ընդհակառակը, ձեռքբերումները շատ են ու խիստ էական, սակայն ինքնագովությունն աննպատակ է, ըստ իս, իսկ թերությունների մասին խոսելը դրանք մատնացույց անելու և վերացնելու նպատակ ունի: Բանակը այս տարիների ընթացքում հսկա շինարարական աշխատանք կատարեց, զինվորի կենսակերպը, կենցաղային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը էապես բարելավվեց, բարձրացավ սննդի որակը: Որոշակի առաջընթաց արձանագրվեց միջանձնային հարաբերությունների մեջ: Լավացավ բուժսպասարկումը: Իրականացան մի շարք օրենսդրական փոփոխություններ` ի շահ զինվորի: Զինվորը դարձավ ավելի պաշտպանված: Փոխվեց զորքերում բարոյահոգեբանական մթնոլորտը: Նվազեցին ծանր հանցագործությունները, մահվան ելքով դեպքերը և այլն: Սակայն կային ու այժմ էլ կան որոշ խնդիրներ, որոնք այդպես էլ վերջնական լուծում չստացան: Առաջին հերթին ուզում եմ նշել դեռևս կենսունակ` զինվորին փողով արձակուրդ տալու երևույթը: Պայքարը քրեորեն հետապնդելի այդ արարքի դեմ ցանկալի արդյունք չտվեց: Այսօր էլ բանակում կան սպաներ, որոնք կարող են նայել զինվորի գրպանին ու իրենց հանցավոր արարքով հեղինակազրկել մեր բանակը ժողովրդի աչքում, ջուրը գցել բազում նվիրյալ զինվորականների անբասիր ու տքնաջան աշխատանքը: Ես հասկանում եմ, որ կաշառքը դժվար բացահայտվող հանցանք է, ու պատժիչ միջոցները մեծ արդյունք չեն կարող տալ, ուստի գտնում եմ, որ պետք է փնտրել այս երևույթի ճանապարհը փակող արդյունավետ միջոց, ասենք` սահմանել արձակուրդի բաշխման որոշակի կարգ: Բանակը դեռևս խնդիր ունի միջանձնային հարաբերությունների ոլորտում` չնայած անառարկելի ձեռքբերումներին: Պետք է ավելի օրինապահ դարձնել սպա-զինվոր հարաբերությունները, բացառել որևէ ոտնձգություն զինվորի ինքնասիրության ու արժանապատվության դեմ: Պետք է շարունակել պայքարը` լիովին արմատախիլ անելու, այսպես կոչված «հեղինակությունների ինստիտուտը» և ապահովելու յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական ու բարոյական պաշտպանվածությունը ծառայության ընթացքում: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել բուժսպասարկման որակին` հատկապես զորքերում, որպեսզի միանգամայն առողջ զինվորը չհայտնվի հոսպիտալում, իսկ մեկ ուրիշը տաքության մեջ դիրքեր չբարձրանա: Մենք պետք է հիշենք, որ նման մեկ դեպքի առկայությունն անգամ կարող է հակակրանքի ու անվստահության պատճառ դառնալ, քանի որ հասարակությունը շատ զգայուն է բանակի թերություն ների հանդեպ: Բանակին ժողովուրդը տալիս է ամենաթանկը` իր զավակներին, և թերություններից առաջին հերթին հենց զինվորն է տուժում: - Ասացիք, որ միայն այս տարվա ընթացքում 70 շրջայց եք կատարել զորամասեր: Ո՞ր զորամասում են հայտնաբերվել թերություններ, և ո՞ր զորամասից եք գոհ վերադարձել: - Ծեծված զինվոր է հայտնաբերվել 2-րդ բանակային կորպուսում: Սանիտարահիգիենիկ խախտումներ ենք արձանագրել Ճամբարակի զորամասում: 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում հանդիպել ենք անորակ սննդի: Բուժսպասարկման թերություններ կային 4-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում: Ուրախալի է, որ մի շարք զորամասերից լավ տպավորություն ստացանք ու հեռացանք խիղճներս հանգիստ, քանի որ և° սանիտարահիգիենիկ պայմաններն էին բարվոք, և° սննդի որակը, և° բուժսպասարկումը, և° ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը: Ուզում եմ նշել գնդապետ Ենոքյանի, գնդապետ Փարվանյանի, գնդապետ Ներսիսյանի, փոխգնդապետ Ղուկասյանի, գնդապետ Սարգսյանի, գնդապետ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերը: Շատ արդյունավետ համագործակցում ենք ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արամ Մինասյանի հետ. նա սրտացավորեն է արձագանքում ծնողների բոլոր դիմումներին: - Վերջում ուզում եմ հարցնել` գո՞հ եք Ձեր աշխատանքի արդյունավետությունից: Համագործակցությունը բանակի և հասարակական կազմակերպության միջև արդարացնո՞ւմ է սպասելիքները: - Հազավոր մարդիկ են հեռացել մեր գրասենյակից պարզապես երախտագիտության արցունքներով, հազարավոր մարդկանց ենք օգնել: Կարծում եմ` մեր համագործակցությունն արդյունավետ է: Մենք ժողովրդի աչքն ու ձայնն ենք բանակում, իսկ դա առաջին հերթին բանակին է պետք: Մենք բոլորս` ողջ հայ ժողովուրդը, ծնողն ու զինվորը, սպան ու գեներալը, ցանկանում ենք ունենալ ուժեղ, մեր հայրենիքը պաշտպանելու ունակ բանակ և պաշտպանված, հայրենասեր ու խիզախ զինվոր: Մեր նպատակը մեկն է, ուրեմն` միասնական էլ պիտի գործենք:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ