ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ


Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը գուցե և կարելի է համարել պատմական, սակայն ոչ թե սոսկ դրա նշանակալիության, այլ` հնարավոր հետևանքների առումով: Մասնավորապես` Կիև-Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղին ինչ-որ չափով գունավոր, բայց արդեն ոչ հեղափոխական է թվում: Առաջ անցնելով միանգամից նշենք, որ գոնե հրապարակայնորեն «ժողովրդավարության շինարարությունը» շարունակելու էգիդայով ընթացող այցի ժամանակ Քոնդոլիզա Ռայսի հետնորդը ոչ մի մայրաքաղաքում չհանդիպեց նախկին պետքարտուղարի հեղափոխական «կլիենտների» հետ: Այսպես կոչված` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, իհարկե, կայացան ամենուր: Գործող պետքարտուղարը Կիևում սրտի կսկիծով արձանագրեց, որ ջանքերը զուր էին, ու Մոսկվայի հետ մերձեցումը անկասելի է: Բաքվում քաղաքացիական հասարակություն ներկայացած երեք «համարձակ» լրագրողներից միայն մեկն է հանդգնել հարցնել ամերիկացի տիկնոջը, թե այդ ի՞նչ հետխորհրդային ժողովրդա վարական առաջընթաց է նա նկատել, որ իրենք չեն տեսնում: Պատասխանն իհարկե ցնցել է իր զավեշտալիությամբ: Տիկին Քլինթոնը բացահայտել է Ադրբեջանի ամենաժողովրդավարացած ոլորտները` բիզնեսը և էներգետիկան: Ապա ստիպված է եղել նաև հավելել` աշխարհով մեկ խայտառակ չլինելու և հետագայում «բազարները» շարունակելու մտայնությամբ. «Ժողովրդավարության հարցը մենք մշտապես ենք բարձրացնում: Այն ձեր կառավարության ու իշխանությունների հետ մեր երկխոսության առանցքն է»: Այս խորապատկերի վրա Երևանում` Գաֆեսճյան թանգարանում, տիկնոջ խորհրդակցությունը հայ ծայրահեղ «հայրենասեր ու պատվախնդիր» իրավապաշտպանների հետ այնպիսի բարձր ժողովրդավարական մակարդակներին է վերաբերել, որ լիովին կարող էր տեղի ունենալ Վաշինգտոնում: Հանդիպումից հետո վերջիններս ստիպված են եղել լռել` զուտ խորհրդապահական նկատառումներով, այլապես այս անգամ բացախոսությունը կվերածվեր ինքնապարսավանքի: Այս համապատկերից կարելի է միայն մեկ հետևություն անել: ԱՄՆ պետքարտուղարն իր երկրի երկրորդ դեմքի մակարդակում հանրամատչելիորեն հայտարարել է, որ ներում է Իլհամին` անսահմանափակ անգամներ «վերընտրվելու» սահմանադրական, իրականում` սուլթանական իրավասություն իրեն վերապահելու, արտակարգ իրավիճակներում ընտրություններն անժամկետ հետաձգելու, հարևանների հետ դժվարին հարցերը պատերազմի միջոցով լուծելու մասին օրենքներ սահմանելու համար: Միաժամանակ հասկացրել է Իլհամին, որ նա կարող է շանտղություն անել, քանի դեռ իրե°նց «շանտղան» է: Եթե որևէ մեկը կարծում է, թե սրանից պատերազմի հավանականությունը պակասում է, ապա հակառակ կարծիքն ունեցողներից վատատես մարդ չի կարող լինել: Ինչևէ. Հիլարի Քլինթոնը Բաքվից ժամանեց Երևան ու հուլիսի 4-5-ը հանգրվանեց Ադրբեջանը թշնամի համարող մեր երկրում: Կիրակի երեկոյան մեր Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախատեսվածից մոտ մեկ ժամ ավելի տևած հանդիպումից հետո, Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը նախագահական նստավայրում Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի ընկերակցությամբ համատեղ ասուլիս ունեցավ հայ և ամերիկացի լրագրողների հետ: Պետքարտուղարը հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է ու շատ լավ գիտի, թե Հայաստանի համար որքան թանկ է անկախությունը. -Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդն ունեցել են հպարտ պատմություն և ունեն խոստումնալից ապագա: Ժողովրդավար և բարգավաճ Հայաստանի Հանրապետությունը մեծ ուժ կլինի տարածաշրջանի առաջընթացի համար: ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի Հանրապետության զարգացմանը: ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը տեսնում է որպես Հայաստանի հետագա խաղաղ և անվտանգ բարգավաճման երաշխիք: Հիլարի Քլինթոնը հատկապես չթաքցրեց իր հիացմունքը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության առնչությամբ. -ԱՄՆ-ը հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շահեկան կլինի թե° Հայաստանի ու Թուրքիայի, թե° ողջ տարածաշրջանի համար: Միացյալ Նահանգները հնարավորինս կաջակցի, որ կողմերն առաջ շարժվեն: Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է շատ արագ տարածաշրջանին բերել կայունություն ու բարգավաճում: Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը, առևտրային կապերը և ներդրումների ծավալումը շահեկան կլինի ինչպես Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: ԱՄՆ-ը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը: Արձանագրությունները վավերացված չեն, սակայն ես շատ ուրախացա, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ եթե թուրքական կողմը կրկին պատրաստ լինի առաջ շարժվել, Հայաստանը ևս պատրաստ կլինի: Հիլարի Քլիթոնը հաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, թե Արցախի հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան փաստաթղթի` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության երեք սկզբունքների հիման վրա. - ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրների նախագահներն այս սկզբունքները կարևորել են Կանադայում արված հայտարարության մեջ: ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնելու խաղաղ լուծման: Մենք գիտենք` դա հեշտ չի լինելու, բայց մենք հավատացած ենք, որ դա անվտանգ և խաղաղ ապագայի հիմքն է: Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները խոստումնալից են: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները լուրջ քննարկումներ են ծավալել Սանկտ-Պետերբուրգում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Մենք ցանկանում ենք տեսնել առաջընթաց, որը կհանգեցնի վերջնական համաձայնության ձևավորմանը : Անդրադառնալով հունիսի 18-ին ու հաջորդած օրերին ԼՂՀ հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կազմակերպած ու մինչ այսօր շարունակվող դիվերսիային, Հիլարի Քլինթոնը անսպասելիորեն հնչեցրեց. - Բռնության վերադարձն անթույլատրելի է: Տեղի ունեցած վերջին իրադարձությունները դատապարտելի են: Պետք է ջանքեր գործադրել` հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Դժվար քայլեր են պահանջվելու, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի շահերից է բխում` հասնել երկարատև և ընդունելի լուծման: Համադրենք ասվածը Բաքվում Իլհամի ու նրա արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքին, թե` «Խաղաղության հաստատմանն ուղղված վերջին քայլերը ամենադժվարն են հաճախ լինում, բայց մենք հավատում ենք խաղաղության հաստատմանը»: Իսկ Սերժ Սարգսյանն իր ամերիկացի հյուրին ուղղակի է ասել` «Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու»: -Համաձայնեք, որ կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունն ակնհայտ է և միանգամայն կանխատեսելի էր, որ տիկին Քլինթոնը պատասխանելու է. «Միացյալ Նահանգները չի կարող լուծել հակամարտությունը, բայց կարող է օգնել կողմերի մերձեցմանը` որ նրանք համաձայնության գան: Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին` հասնելու երկարաժամկետ խաղաղ կարգավորման»: Այս արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է. որ տիկին Քլինթոնը տարածաշրջան էր ժամանել բոլորովին էլ ոչ խաղաղարարական նպատակներով: Նա եկել էր` տեղում հասկանալու համար, թե ինչպիսին կարող են լինել իրական մրցակցային պայմանները Ռուսաստանի հետ «խաղաղ գոյակցության» հնարավոր հեռանկարում և ինչպես կդրսևորեն իրենց տանտերերը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի շահագրգռությունների ու վճռականության չափն ու սահմանները պարզելու համար, Միացյալ Նահանգները կարող է Ադրբեջանին հրահրել կարճատև, թելադրված սցենարով պատերազմի: Արդյունքում, նախահարձակ կողմը կարող է պարտվել, ապա նաև պատժվել, եթե իհարկե հակառակորդին զսպելու և ողջ ռազմական ներուժը գործադրելու կոշտ «ջանքեր» չգործադրվեն: Թեև, զուգահեռաբար, և խիստ հասկանալի պատճառներով, անգործ չի նստելու նաև Ռուսաստանը, քանզի ինքն էլ հասկանում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումով ինքն է արագացրել զարգացումների ընթացքը և ազդեցության լծակները դարձյալ չզիջելու համար նոր համարժեք քայլեր պետք է ձեռնարկի: Ամենայն հավանականությամբ, հանգուցալուծումը կլինի ամենամոտ ապագայում, քանի որ ժամանակն այլևս հապաղելու իրավունք կողմերին չի տալիս: Իլհամը չի կարողանում զսպել ներքին ազգայնական հիստերիան, որն ինքն է ծնել ու այլևս ի զորու չէ սնել հայատյացությունից բացի ուրիշ որևէ բանով: Հայկական կողմը չի կարող անվերջ բավարարվել շփման գծում ամեն օր հարյուրավոր անգամներ կրկնվող փոխհրաձգությունը պատերազմի չվերածելու ջանքերով և Մինսկի խմբի ձևաչափը համալրելու անկատար մնացող խոստումներով: Իսկ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շտապում են, քանի որ երկրորդական թվացող այս տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը պարզելու միջոցով որոշելու են ապագա աշխարհակարգը: Առջևում հուլիսի 16-ն է, երբ Ղազախստանի Ալ Բուլաք հանգստավայրում կմեկնարկի հերթական բարձրաշխարհիկ համաժողովը:

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ