Պաշտոնական լրահոս


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անցնել խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել անցնել խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին, որպեսզի սկսվեն խաղաղության համաձայնագրի կնքման աշխատանքները: Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել նաև խստորեն պահպանել 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև` զսպվածություն շփման գծում: Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-17-ին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Համանախագահները ևս մեկ անգամ դատապարտել են հունիսի 18-19-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով երկու կողմերից զինծառայողներ են զոհվել: «Մենք կտրականապես դատապարտում ենք ուժի կիրառումը, ափսոսանք հայտնում անմեղ զոհերի համար»,- նշել են նրանք: Հայտարարությունում նշված է նաև, որ հուլիսի 3-5-ը Բաքվում եւ Երևանում կայացած հանդիպումների ժամանակ համանախագահներն «ընդգծել են իրենց երկրների դիրքորոշումը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հիմնված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման Հելսինկյան սկզբունքների, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»: «ԼՂ հակամարտության կողմերն ընդունել են Լ'Ակվիլայում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությամբ ամրագրված և 2010-ի հունիսի 26-ին ևս մեկ անգամ հաստատված տարրերը, որոնք պետք է դառնան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմք, ինչն առաջընթաց է»,- նշված է համանախագահների հայտարարությունում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են նաև Արցախ` հանդիպել տեղի իշխանությունների հետ: