ՀՐԵՂԵՆ ԽՈՍՔԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ


Ո՞վ գիտե, թե իրականում ումից է Արթուր Սարգսյանին փոխանցվել թատրոնի պաշտամունքը£ Չնաշխարհիկ Լոռում Անուշ ու Սարո խաղացած մո՞ր ծնողներից, ում սիրո դաշինքը կյանքում, բարեբախտաբար, երջանիկ ավարտ է ունեցել£ Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում հասակ առած հո՞ր նախնիներից, ում արգելվեց ուսումնառությունը Երևանի թատերական ինստիտուտում£ (Հարգի չէր «մեյմունի» մասնագիտությունն այն օրերին£ Հիմա է, որ անկախական անձրևներով սնկի նման բազմացած ցածրարվեստ մեյմունները ամբոխացվող հասարակության կուռքերն են դարձել£) Գուցե վաղնջական գողթան երգիչների՞ց£ Ակնհայտ է, որ իրենց որդու և դստեր թատերահակումների դրսևորումներն ու լիարժեքացումը որևէ արգելք չպիտի գտնեին համալսարանական թատերախմբում բազմաթիվ գլխավոր դերակատարումներով (1957¬ից հեռուստաէկրանին դաջված մնաց զուգախաղը «Վաճառված օրորոցային»¬ում) թատերապաշտությանը հագուրդ տվող ծնողների կողմից£ Դեռ մանկապարտեզում, թատերասեր դաստիարակչուհի Սոնյա Տիգրանովնայի հովանու ներքո գործող տիկնիկային խմբակում Արթուրն ու Նարինեն հեքիաթների հերոս-հերոսուհիներ կերպավորեցին£ Ապա խոսքարվեստի հմտություններ ստացան Պիոներ պալատում, լեզվաբան¬թատերագետ¬մանկավարժ Հրանուշ Շտայանի գլխավորած ասմունքի խմբակում£ Հարյուրավոր բեմելները, հաղթանակները հանրապետական օլիմպիադայում և «Որոնում ենք տաղանդներ» մրցույթում, մանկապատանեկան հաղորդաշարերի («Պիոներական լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ», «Քեռի ճանապարհորդ»), բազում հեռուստաելույթները անվերապահորեն պիտի ուղղորդեին պատանի Արթուրի մասնագիտացման ճամփան£ Ականավոր թատերաշինարար Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում ձեռք բերած գիտելիքները գործնականում պիտի թրծվեին հարակից բազմամյա աշխատանքով ռադիոյում և հեռուստաթատրոնում£ Արտաշես Քալանթարյանի «Իմ տունը քո տունն է» հանրահայտ հեռուստահաղորդաշարի թատերական միջարկումների գլխավոր դերակատարությանը պիտի գումարվեին հիմնականում հեղինակային¬մոնոլոգային բազում կերպավորումները դրամատիկական թատրոնում£ Չարաբաստիկ հակամշակութային 90-ականները միառժամանակ կտրուկ կասեցրին բազմակերպ թատերագործունեությունը£ Մեկուկես տասնամյա առերևույթ հեռացումը, անզուգական մանկավարժի` շնորհալիների սերունդներ բարեկրթած անփոխարինելի Հրանուշ Շտայանի, արժանաշուք հոբելյանակատարության նախաձեռնությամբ: Նոր սկզբի խթան¬նախադրյալ շուտով դառնալով` ներքին կուտակումների հոգեպարար արտահայտչակերպի բուռն փնտրտուքի հորիզոնը կանխորոշեր£ Կյանքի անբաժան ուղեկից պոեզիայի հանդեպ հոգում անթեղված ակնածանքը, նախ, Պարույր Սևակի բանաստեղծական քանքարի ծաղկաքաղ-ձայնասկավառակով վերստին պիտի արտահայտվեր£ Ապա` Արմեն Աշրաֆյանի բանաստեղծական երկու ժողովածու ներից հնարամտորեն քաղեր սիրո քնարի ամենաներազդու, կենսաբուխ հնչերանգներն ու «Ինքս ինձ հետ` շղթայված ինչուներով» խորագիր¬բանալիով միահյուսված վերապրեր` սրճարանային մտերմիկ միջավայրում` ինքնատիպ եռանկյուն հոգևոր կամուրջ ստեղծելով երկու դերասանուհիների հետ£ Ասմունքի ավանդական կարծրատիպերին ներքին ընդվզումով, Բանաստեղծության փիլիսոփայական ատաղձը դյուրընկալ ու դիտարժան մատուցելու ձգտումով, ուշագրավ բեմակերպավորում ստացավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» (2005 թ.)£ Մեր «խազերի քերական» ու «հոգևոր շարական» Կոմիտասի ողբերգական ճակատագրի կենսահաստատ վերակենդանացումը նույն օպերայինի բեմում, Վարդապետի անունը արժանավայել կրող լարային քառյակի կատարումներից փոխանցվելով տաքսիրտ ու անսեթևեթ իր խոսքին, երգչուհիների քառաձայն երգին, մեխվեց հանդիսատեսի մտապատկերում խոհազգայական արտասովոր արտահայտչականությամբ£ Երևանի «Կենտրոն» թաղապետարանին կից գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հնգամյա տնօրինությամբ ձեռք բերված փորձառությունը համարձակություն ներշնչեց հասարակական ջերմ ընդունելության արժանացած երեք անուններով տարերայնորեն արդեն ձևավորված նոր` Պոեզիայի թատրոնի ծնունդը պաշտոնապես վավերացնելու£ Եվ Պոեզիայի նորաստեղծ թատրոնի ավետիսը դարձավ Իսահակյանի «Աբու¬Լալա Մահարի» պոեմի բեմադրամտահղացման վերջին խաղարկումը£ Սատար լինեն մեր երկրի մշակույթի ճակատագիրն այսօր տնօրինողները իրագործման ուղիներ փնտրող նրա մյուս հրաշալի թատերամտահղացումներին, համախոհ նվիրյալների ստեղծագործական կարողությունների եռանդուն բյուրեղացմամբ, բեմական նորաշունչ կերպավորմամբ ներկայանալու հուսալի լծակ կգտնեն բանաստեղծական գանձարանի բազում գոհարներ£ «Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտը» հագեցվելու նոր կենսակունք կունենա£ Թե° Արթուր Սարգսյանի, թե° նրա ստեղծագործական հարուստ փորձառությանն ու կարողություններին ապավինած համախոհների խմբի, թե° ոգու վերահաս սովից հյուծված արվեստասեր հանրության համար£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ