Ես քեզ սիրում եմ, անծանոթ, հարազատ մայր իմ


(ե ղ ե լ ու թ յ ու ն) Ընկերուհիս` Ամալյան, երկու զավակի մայր էր£ Երազում էր աղջիկ ունենալ, որ եղբայրները քույր ունենան, բայց երրորդն էլ տղա ծնվեց£ Մեծանում էին տղաները£ Երկուսն իրենց համար մասնագիտություն ընտրեցին, ամուսնացան£ Ծնողների հետ մնաց փոքրը` Ազատը£ Հայրը` Հակոբը, շատ էր ուզում, որ որդին սովորի իր հյուսնի մասնագիտությունը£ Ասում էր` տղամարդը մի արհեստ պետք է իմանա, որ կարողանա ընտանիք պահի£ Այդպես էլ հայրը չհասցրեց որդուն արհեստավոր տեսնել£ Տարիները տղայի կողքով չանցան£ Նա իր ապագային այլևս մատների արանքով չէր նայում. հոր խրատները իր հետ էին ու հենց նրա մասնագիտությունն էլ ընտրեց£ Մտածում էր ընտանիք կազմելու մասին£ Ընտրած աղջիկ ուներ, բայց մայրը չգիտեր£ Մի օր խոստովանեց, որ սիրում է Արմինե անունով աղջկա, որն որդեգիր է£ Որդեգիր մայրը շուտ է մահացել£ Հայրը նորից է ամուսնացել£ Աղջիկը նորից է առանց մայր մնացել£ Վերջին մայրը` Նազիկն էր£ Ամալյան ներքին վախ ապրեց, դժվարանում էր որոշում կայացնել, մանավանդ, որ տղան հայտարարել էր` «կամ Արմինեն, կամ կյանքում չեմ ամուսնանա»£ Ամալյային խորհուրդ տվեցի սիրո հարցում զգույշ լինել£ Հիշեցրի նրան, որ Հայրենական պատերազմում զոհված իր հորն էլ փոխարինող հայրն է իրեն հայրություն արել£ Այնպես որ, յուրաքանչյուրը ծնվում է իր յուրահատուկ ճակատագրով£ Մոր և որդու միջև համաձայնություն կայացավ£ Ամալյան երջանիկ էր£ Արմինեն ոչ միայն հարսն էր, այլ իր երազած հարազատ աղջիկը£ Ծնվեց նրանց առաջնեկը` Սառան, հետո` որդին£ Ափսոս, որ հայրը չտեսավ տղային իր մասնագիտությամբ աշխատելիս, իր անունը կրող Հակոբիկ թոռնիկին£ Իմ այցելություններից մեկի ժամանակ Արմինեն պատմեց, որ պատահական գտել է իր որդեգրման փաստաթղթերը£ Իրեն լքող մոր մասին ամեն ինչ գիտի£ Գիտի բնակավայրը£ Գիտի նրա դժբախտ ճակատագրի մասին£ - Ասում են,¬ պատմեց,¬ որ նա շատ նման է ինձ£ Երիտասարդ տարիքում աշխատել է գործարաններից մեկում£ Կյանքում անփորձ, միամիտ աղջկան հրապուրել է աշխատանքային ընկերներից մեկը ու երբ իմացել է, որ նա հղի է, հայտարարել է, թե ինքն ամուսնացած է£ Հետո լքել է նրան ու հեռացել գործարանից£ Երևում է պապս ու տատս ավանդապաշտ մարդիկ են եղել, իրավիճակը խայտառակություն են համարել£ Հիվանդագին արժանապատվությունը ստիպել է նրանց հարազատներից ու հարևաններից գաղտնի պահել£ Թե որտեղ եմ ծնվել, չգիտեմ, բայց գիտեմ, որ երևանցի եմ, զտարյուն հայ£ Հետո ինձ որդեգրել են` խեղճ մորս թողնելով իմ մանկական առաջին ու վերջին ճիչը£ Ես չեմ մեղադրում միամտության զոհ դարձած մորս, բայց հայրս սրիկա է եղել£ Հավանական է Մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանը այդպիսի հայրերի համար է գրել. «Սրիկա է նա, ով հայր է լինում»£ - Հիմա, երբ ես մայր եմ, հասկանում եմ, թե ինչ է ապրել որդեկորույս մայրս, որ նա զրկված է եղել նույն քաղաքում, իրենից ոչ հեռու գտնվող երեխային տեսնել կամ որևէ մեկի մոտ սիրտը բացել£ Ուզում եմ, որ նա իմանա, ես ներում եմ նրան, թեև անծանոթ է, բայց հոգուս խորքում սիրում եմ£ Իմ տան դուռը միշտ էլ բաց է նրա առջև£ Ամուսինս դեմ չի լինի, որ նա մեզ հետ ապրի, տեսնի թոռիկներին£ Նրանց տա մայրական այն մեծ սերը, որ չկարողացավ տալ ինձ£ Արմինեի խնդրանքով իմացա նրա տան հեռախոսի համարը և մեկ օր հեռազանգեցի£ Լսափողը վերցրեց ինքը£ Ներկայանալուց և մի փոքր զրուցելուց հետո, հարցրի, թե կցանկանա հանդիպել աղջկան ու թոռնիկներին£ Նա մի պահ լռեց£ Հետո մի տեսակ վախեցած, խուսափոխական «ոչ» ասաց£ Հասկացա, որ արժանապատվության վախը դեռ չի լքել նրան£ «Ոչը» Արմինեն շատ ծանր տարավ. լուռ արտասվեց, բայց երդվեց, որ այլևս երբեք չի խաթարի անծանոթ, բայց հարազատ, սիրելի մոր հոգեկան անդորրը£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ