Որ հաղթանակները ի չիք չլինեն


Ավարայրված մեր հոգին ցավից տնքաց մի պահ, երբ հայ զավակներին նենգորեն սրի մատնեցին, երբ մազապուրծ փրկվածներին տեղահան արեցին: Նվաղեց հոգին մեր արիական. ու ոչ միայն կորստի ցավից, այլև անարդարության դեմ անզորությունից: Նվաղեց, նվվաց, բայց անձնատուր չեղավ: Իր ցավը պահանջատիրություն դարձրած` հայը վերստին օջախ շենացրեց, հայրենիք կերտեց և հաղթանակներ կռեց: Մայի՞սն էր զորավիգ քաջաց բազուկին, թե՞ մեր հաղթանակները զորացրին մայիսյան գարունները...

Արդ, մեր հաղթանակների մայիսն է նորից, բայց ցնծությունը նաև մտորել է տալիս. կարևորագույն մի հաղթանակ դեռ խույս է տալիս մեզանից: Կարևորագույն մի հաղթանակ դեռևս անմատչելի է մնում հային: Բազում ոսոխների հաղթելով` պարտվում ենք մեր մեջ նստած թշնամուց` միաբանվելու վճռականությունը լքել է մեզ:

Օտար թշնամու դեմ միասնական բռունցք դառնալով` հայը արդար հաղթանակներ է նվաճում: Որովհետև կա կոնկրետ նպատակ, ու բոլորի հայացքը դրան է հառվում: Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի աշխարհատարած խնկարկումները նույնպես միաբանված լինելու արդյունք էր: Հրաշք կատարվեց կարծես. մեկեն բոլորս միակամ ու հաշտ դարձանք: Ու այդ համաձուլումի անտես պատճառը դարձյալ նույնն էր` մեր 100-ամյա համընդհանուր նպատակը. աշխարհին փաստել, որ կա´նք, հիշո´ւմ ենք ու պահանջատե´ր ենք: Բացի այդ, ժողովուրդն ուշադրություն ու սեր զգաց իր հանդեպ. Քիմ Քարդաշյանն իր անբռնազբոս շփումներով «շարքային մահկանացուներին» ասում էր` ես ձեզանից մեկն եմ: Քանյե Ուեսթի սքանչացնող անակնկալ-շոուն, Սերժ Թանկյանի բարձրարվեստ համերգը հասարակ մարդկանց համար էին: Առանց բարձրագոչ բառերի մարդիկ իրենց «ներքևում» չզգացին, հարգանք տեսան իրենց հանդեպ: Իսկ ո՞ր սառույցը չի հալվում ջերմությունից...

Այդ օրերի մթնոլորտը կկարողանա՞նք պահել:

Պե´տք է կարողանանք, զի դա է գաղջությունը գոնե փոքր-ինչ օզոնով հարստացնելու նախապայմաններից մեկը:

Միմյանց մեջ հակառակորդ-մրցակից տեսնելու հիվանդագին մարմաջը պառակտում է մեզ: Սոցիալական պատուհասն, իհարկե, պարարտ հող է, որ մարդու մտահորիզոնը իր ափսեի շուրջ սահմանափակվի: Ավելի ճարպիկները ճարպամաններ են փնտրում ու թե գտնում են դրան տիրանալու սողանցքը` մեկեն կուրանում են իրականության լույսի հանդեպ: Ու այպես` ընդամենը 2-2,5 տասնամյակում մաշվեցին-վերացան առողջ շատ բնազդներ: Իրականության լերկ ապառաժները ջարդուբուրդ արեցին միասնականության մեր կառքը: Բայց հուսանք, որ այն դեռևս անդունդ չի գահավիժել: Ասել է թե` վերականգնելու հնարն ու հույսը չպետք է կորցնել: Առավել ևս` ինքնանորոգման արվեստին տիրապետում է հայը:

Սիրել չի նշանակում նայել իրար, այլ` նայել նույն ուղղությամբ: Այսինքն` ընդհանուր նպատակետին: Իսկ սիրել ունակ է միայն ուժեղը: Ճիշտ այդպես էլ` պայքարել չի նշանակում հայհոյել-սպառնալ-ստորացնել. պայքարել նշանակում է ընդհանուր նպատակին հասնելու իրատեսական ուղի նախանշել: Այդ նպատակը կա´. օրավուր նվաղող երկրին նոր շունչ տալ` սպանելով մեր մեջ հարմար տեղավորված թշնամուն` անհուսությանը: Իշխանությունների՞ց ենք դժգոհ: Շա˜տ իզուր: Համամարդկային փորձով է ապացուցված` ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին (և` ընդհակառակը): Նեղ-անձնական նկրտումներին անձնատուր` համընդհանուր արժեքներ չորոնող, չճանաչող հանրությունը դադարում է ժողովուրդ լինել (էլ ո˜ւր մնաց` քաղաքակիրթ ազգ): Իսկ այդպիսի հանրախմբի հետ հաշվի չի նստի ոչ մի իշխանավոր ու ոչ մի օտար: