Սննդամթերքի անվտանգությամբ չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով


Վերջին տարիներին կարծես «ավանդույթ» է դարձել գարնան ամիսներին բրուցելոզի զանգվածային դեպքերի հայտնաբերումը: Այս տարի Կապանում նույնիսկ սպանդանոցի 18 աշխատող էր վարակվել այդ ախտով: Սա նշանակում է, որ մանր և խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում հիվանդության մակարդակը բավական բարձր է, իսկ պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ոչ բավարար: Այս պայմաններում ի՞նչ երաշխիք, որ շուկայում վաճառվող միսը բրուցելայի մանրէակիր չէ, և ընդհանապես` որքանո՞վ է հարցը շարունակում խնդրահարույց մնալ: Այս և ոլորտի այլ հարցերի մասին «Ավանգարդ»-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԻ հետ:

Պարոն Պիպոյան, մանր և խոշոր եղջերավոր անասունների շրջանում այս տարի կրկին գրանցվեցին բրուցելոզի դեպքեր: Ստացվում է, որ սպառողը կրկին վարակված միս գնելու վտանգի առջև է կանգնած:

-Շուկա ներթափանցել է նման միս, թե չի ներթափանցել` դժվար է բացահայտել երկու պատճառով: Առաջին. միսը գերակշռող դեպքերում շուկայում վաճառվող առանց ուղեկցող փաստաթղթերի է մարզերից ներկրվում վաճառքի տաղավարներ: Եվ երկրորդ` անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ հնարավոր չէ պարզել` կենդանին բրուցելոզով հիվա՞նդ է, թե՞ ոչ:

-Դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ որևէ երաշխիք չկա, թե գնած միսը վտանգներ չի պարունակում:

- Միանշանակ այդ մտավախությունը կա:

- Ձեր կազմակերպությունն ի՞նչ է անում նման դեպքերը բացահայտելու համար:

- Մենք այս պահին կոնսուլտացիաների մեջ ենք անկախ փորձագետների, անասնաբույժների հետ, ովքեր այս պահին պետական համակարգում չեն աշխատում: Ամբողջական փաթեթ ենք պատրաստում` նման դեպքերում համապատասխան գործողությունների իրականացման և ընդհանրապես բրուցելոզի դեմ համակարգային պայքարի կազմակերպման համար: Որովհետև բրուցելոզը երկրում լուրջ ծավալների է հասել և միայն վերջին երկու ամսվա տվյալներով 40 մարդ հիվանդանոցային բուժում է ստացել տարբեր մարզերում:

- Քիչ չեն նաև դեպքերը, երբ խանութում վաճառվող սննդամթերքի ժամկետները փոխվում են և թարմացվում: Վերջին շրջանում նոր դեպքեր հայտնաբերվե՞լ են:

- ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի տեղեկություններին հետևելով, կտեսնենք, թե ինչքան դեպքեր են լինում, երբ քաղաքացիները ձեռք են բերում ապառնի ժամանակում արտադրված սննդամթերք: Ոչ միայն ժամկետանց և փոփոխված, քանի որ նման դեպքերը փորձաքննությամբ է հնարավոր պարզել: Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել մամուլի հրապարակումների և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած տեղեկատվության միջև, թե ինչ միջոցառումներ են իրականացվել նման դեպքերը բացահայտելու համար, կստանանք հետևյալ պատկերը. պետական պատկան մարմինը լռությամբ է հանդես գալիս, այդ պատճառով ունենում ենք այն, ինչ ունենք:

- Ստացվում է` պետական կառույցը թերանում է «տաք» հետքերով բացահայտումներ կատարելու իր գործառույթն իրականացելու պարտականությունը կատարելու հարցում:

- Եթե համեմատենք 2011, 2012 և 2013 թվականներին հայտնաբերված խախտումները և համեմատենք 2014-ի հետ, ապա կտեսնենք, որ այն ժամանակահատվածում կանոնավոր կերպով փաստեր էին հնչում խախտումների մասին: Ինչը նշանակում էր, որ կա վերահսկողություն և արձանագրվող խախտումներ: Դա ֆոն էր ստեղծում երկրում, և տնտեսվարողը հասկանում էր, որ կա աշխատող կառույց և լծակ է կիրառում: Այսօր առավելագույնը մնացել է հին իներցիան, և տնտեսվարողը տեսնելով, որ իր վրա ճնշում չկա, գործում է անկաշկանդ:

- Այսինքն` պետական բյուջեի հաշվին աշխատող կազմակերպությունը անգործության է մատնված և բոլորովին էլ շահագրգռված չէ՞ որևէ բան հայտնաբերել:

- Ես ասել եմ և հիմա էլ եմ ասում: Սննդամթերքի անվտանգությամբ չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով: Սննդամթերքի անվտանգությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Երբ այն կարգավորվում է ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց միջոցով, անգամ եթե ոլորտի կարգավորման կարգ էլ լինի, չի կարող լիարժեք գործել: Աշխարհում դա առողջապահական բլոկ է: Այսինքն անասնաբուժությունը և բուսասանիտարիան գյուղատնտեսության բլոկում են կարգավորվում, իսկ սննդամթերքի անվտանգությունը` առողջապահության բլոկում են: Եվ այստեղ մատների արանքով նայել սննդամթերքի անվտանգության խնդիրներին` ուղղակի չի կարելի:

- Ասվածից հետևում է, որ սպառողն, այնուամենայնիվ, պաշտպանված չէ և ամեն վայրկյան կանգնած է առողջությանը սպառնացող կասկածելի սննդամթերք ձեռք բերելու խնդրի առջև՞:

- Առաջիկա 10-15 օրերի ընթացքում ես հանդես կգամ ոլորտի կարգավորման համակարգային մոտեցմամբ և կթվարկեմ բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացնել: Իրականում ոլորտը բարդ է այն առումով, որ մի կողմից սպառողի շահերն է պաշտպանում, մյուս կողմից` չպետք է վտանգի երկրի տնտեսական անվտանգությանը: Պետք է այնքան նուրբ և ճիշտ գործել, որ ոչ մեկը չտուժի: Այս առումով կա նաև կառավարման շատ լուրջ խնդիր:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ