Որքանով ենք պահպանում մենք ազգային արժեքները .


Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է, այսինքն` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելիս, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը: Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները. չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը` շատ աղքատ: Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել: Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ, եթե մեր ընտանիքի անդամը դժբախտ է, մենք չենք կարող մեր ընտանիքի անդամների խնդիրների հանդեպ անտարբեր լինել: Փոխհարաբերությունների այս մոդելը պետք է գործի նաև ազգի ծավալով: Ամեն ինչ շատ պարզ է. ազգի յուրաքանչյուր անդամ պիտի մտածի նաև ազգի մասին, պիտի չանի այնպիսի արարքներ, որոնք կվնասեն, կխոչընդոտեն ազգի առաջընթացն ու զարգացումը: Մինչդեռ այսօր ամեն քայլափոխի նկատում ես, որ մարդիկ անտեսում են ազգային շահը, մտածում են միայն սեփական գրպանի ու ընտանիքի մասին...

Այս թեմայի շուրջ է զրույցը պատմաբան Ռուզաննա ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ

- Ինչպե՞ս կբնութագրեք ազգային արժեքներ երևույթը:

- Ազգային արժեքները տվյալ ազգի պատմութունն է` անցած ճանապարհը, որը ներառում է կրոնը, մշակույթը, հասարակական ու քաղաքական կյանքը: Թվարկված ների էվոլուցիայի ընթացքում ձևավորվում են արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում կերտում են պատմությունը: Արդյունքում այդ ամենն արժևորվում է և մեր գիտակցության մեջ ստանում ազգային արժեքների համակարգման ընդհանրական պատկերը…..

- Մենք ունե՞նք ազգային արժեքների պահպանման լավ մասնագետներ:

- Իհարկե ունենք, կարող եմ փաստել. որ նվիրյալները քիչ են, սակայն կան մարդիկ, ովքեր իսկապես իրենց գործի գիտակն են` ներկայիս մտավորականության սերուցքը: Առհասարակ չեմ սիրում անվանական խոսել, սակայն այս դեպքում հարկ եմ համարում նշել, որ հանձին Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և այլոց, կարող եմ հավաստիացնել, որ նրանք ազգային արժեքների պահպանման լավագույն մասնագետներն են, այսօր նրանց կարող ենք համարել ազգային արժեքների պահպանման հիմնասյուներ…

- Ի՞նչը կարող է միավորել ազգային արժեքները:

- Միավորել կարող է միայն մեր միասնականությունը: Մինչդեռ ազգային արժեքները տարանջատում է մեր հայրենակիցների օտարամոլությունը. նրանք սևեռվել են նորը կառուցելու գաղափարի վրա և չեն կարողանում գնահատել հինը… Կոնկրետ` եկեղեցաշինության ոլորտում. կառուցվում են նորաոճ շքեղ եկեղեցիներ ի համեմատա կան մեր ճարտարապետության գոհարների, որոնք անտեսված են…

- Հավատո՞ւմ եք, որ կգա համախմբման ժամանակը:

- Աստվածաշնչում գրված է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, և այս սարին ասես շարժվիր, նա կշարժվի»: Ամեն դեպքում ինձ թույլ չեմ տալիս չհավատալ..

- Ինչպիսի՞ կարգավիճակում են մեր երկրի ազգային արժեքները:

- Այսօր դրանց խեղաթյուրման վտանգ է սպառնում: Մեր ավանդույթները պարզապես կարիք ունեն պահպանման. դրանք քարոզում են մարդասիրություն, հյուրընկա լություն, ավանդապաշտություն և նման համամարդկային այլ բարձր գաղափարներ: Յուրաքանչյուրս փորձենք դառնալ դրանց կրողը` դա դարձնելով մեզ համար կենսակերպ:

- Խոսք` ուղղված մեր հայ ազգագրագետներին ու պատմաբաններին:

- Շնորհակալություն բոլոր այն ազգագրագետներին և պատմաբաններին, ովքեր իսկապես իրենց գործի մեծ նվիրյալն են և ջանք չեն խնայում իրենց աշխատանքում: Իսկ թերացողներին պարզապես խորհուրդ կտամ այլ ասպարեզում փորձեն ինքնադրսևորվել… Նրանց յուրաքանչյուր սխալ կամ բացթողում կարող է ճակատագրական լինել մեզ համար…

- Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:

- Ինձ ամենից անհանգստացնողը մեր դասագրքերի ոչ այնքան ուսուցանող կարգավիճակն է: Մեկ կարևոր խնդրանք` ՎԵՐԱՆԱՅԵՔ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ, արհեստականորեն ստեղծված այդ բարդ բովանդակությունները աշակերտներին մղում են շրջանցել մեր ազգի պատմությունը սերտելու ցանկությունը:

- Ձեր խրատը այսօրվա հուսալի պատմաբաններին ու երիտասարդներին:

- Խրատել ինձ թույլ չեմ տա, ոչ, բայց կցանկանայի կոչ անել համախմբվելու, գնահատելու և արժևորելու այն ամենը, ինչ ունենք: Մեր ազգայինը թանկ ժառանգություն է, որը պարտավոր ենք պահել անբասիր և նրա, միայն նրա հենքի վրա կառուցել նորը:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ