Մանկության հուշերը չեն լքում

եթե նույնիսկ դու գերագույն ղեկավար ես


Վերջերս ռուսական մամուլը ավելի հաճախ է փորձում կերտել նախագահ Պուտինի մարդկային նկարագիրը, և ՌԴ առաջնորդի կերպարն ավելի համակրելի է դառնում: Անցյալ շաբաթ էլ «Ռուսսկի պիոներ» ամսագրի մայիսյան համարում տպագրվել է հենց իր` Վլ. Պուտինի հոդվածը, ուր նա պատմում է ծնողների մասին պատերազմի տարիներին:

Ծնողները ատելություն չեն տածել ֆաշիստների հանդեպ, ինչը մինչ օրս զարմացնում է նրանց նախագահ որդուն:

- Անկեղծ ասած` մինչև հիմա չեմ կարողանում դա մինչև վերջ հասկանալ: Մայրս ընդհանրապես շատ մեղմ, բարի մարդ էր: Եվ նա ասում էր` «Դե, այդ զինվորների նկատմամբ ի՞նչ ատելություն կարող է լինել: Նրանք հասարակ մարդիկ են և նույնպես զոհվել են պատերազմում»: Սա ապշեցուցիչ է: Մենք դաստիարակվել ենք խորհրդային գրքերով, ֆիլմերով... Եվ ատում էինք: Իսկ նա, չգիտես ինչու, բոլորովին դա չուներ: Ես լավ մտապահել եմ նրա խոսքերը. «Ի՞նչ վերցնես նրանցից: Նրանք նույնպիսի անդուլ աշխատող մարդիկ են, ինչպես և մենք: Պարզապես նրանց ռազմաճակատ են քշել»,- վերհիշել է Պուտինը:

Հայրը ժամկետային զինծառայող է եղել Սևաստոպոլում` սուզանավի նավաստի:

- Նրան զորակոչել են 1939-ին: Իսկ վերադառնալուց հետո աշխատել է գործարանում և մորս հետ ապրել են Պետրոդվորեցում: Երբ պատերազմը սկսվել է, նա աշխատելիս է եղել ռազմական ձեռնակությունում, որտեղ զորակոչից ազատող այսպես կոչված «բրոնյա» կար: Սակայն նա կուսակցության շարքերն ընդունվելու դիմում է գրել, իսկ հետո դիմել է, թե ցանկանում է ռազմաճակատ գնալ:

Հորն ուղարկել են ՆԳԺԿ դիվերսիոն ջոկատ, ուր 28 մարդ էր ծառայում: Խումբն ընկել է շուրջկալի մեջ, և հայրը հրաշքով կենդանի է մնացել: 28-ից փրկվել են 4-ը: Հետո` նորից գործող բանակ: Այս անգամ ծանր վիրավորվել է: Հրազենային բեկորները մինչև կյանքի վերջը մնացել են նրա ոտքի մեջ: Հիվանդանոցում բուժվելու ընթացքում տիֆից մահացել է Պուտինների երեք տարեկան որդին (փաստորեն` ՎՎՊ-ի ավագ եղբայրը): Իսկ երբ հիվանդանոցից տուն է եկել...

- Երբ մոտեցել է տանը, տեսել է, որ սանիտարները մուտքից դիակներ են հանում: Ու տեսել է մորս: Նրան թվացել է, որ մայրս շնչում է և սանիտարներին ասել է` «Նա դեռ կենդանի´ է»: «Մինչև ճամփին հասնի, այլևս չի ապրի»,- պատասխանել են սանիտարները:

Հայրը հենակներով հարձակվել է այդ մարդկանց վրա և ստիպել է մորը ետ տանել բնակարան: Եվ մայրն ապրել է մինչև 1999 թվականը, իսկ հայրը վախճանվել է 1998-ին... (higΗir.net):