Պատիժ պորտաբույծներին


Պորտաբույծ, այսինքն` աշխատանքից խուսափող, ուրիշի հաշվին ապրող: Իսկ աշխատանքից խուսափող կարելի է համարել այն մարդուն, ով ոչ միայն ունակ է աշխատել, այլ կարո´ղ է աշխատանք գտնել: Իսկ երբ պետությունը նրան տալիս է աշխատանք ունենալու հնարավորություն, ուրեմն կարող է նաև պատժել, եթե անձը խուսափում է դրանից: Ռուսաստանում, փաստորեն վստահ են, որ աշխատունակ բոլորի համար կա´ աշխատանք: Համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովը նման օրինագիծ է պատրաստել` ՌԴ Պետդումա ներկայացնելու (տեղեկացրել է «Իզվեստիա»-ն):

Օրենսդրական մի քանի փոփոխությունների շարքում առաջարկվում է Սահմանադրությամբ ամրագրել, որ աշխատանքը ոչ միայն իրավունք է, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը: Պորտաբույծներ չեն համարվի մինչև 18 տարեկանները, հաշմանդամները, հաշմանդամ երեխաների ծնողները, մինչև 14 տարեկան երեխա ունեցող և հղի կանայք, կրոնավորները և այլն:

Նախաձեռնության բուն նպատակը հարկային մուտքերի ավելացումն է: Ասել է թե` չգրանցված կամ անօրինական աշխատանք ունեցողները կհամարվեն պորտաբույծ ները: Վերջին հաշվով նման օրենքը գործատուների սրտով չի լինելու. ստիպված են լինելու գրանցել «ստվերային» աշխատողներին և վճարել հարկերը:

Օրենսդրական այս նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Անդրեյ Անոխինը մանրամասնել է նաև, որ գործազուրկները պարտավոր են գրանցվել աշխատանքի բորսայում:

-Սխալ է, որ ազգաբնակչությունը չի օգտվում զբաղվածության ծառայությունից. պետությունը պարտավոր է աշխատանքով ապահովել յուրաքանչյուրին: Այդ ժամանակ շատ ավելի հեշտ կլինի վերահսկել աշխատանքից խուսափողներին:

Հին անեկդոտի հանգույն հարցնենք` իսկ պետությունը գիտե՞, որ պարտավոր է…