Խանդոտ փեսացուն


Խանդ կոչվող այդ հիվանդությունն այնպես է ախտահարում մարդկային բանականությունը, որ նաև զգացմունքներն են ի չիք դառնում: Դրա տխուր հետևանքների մասին հազարավոր օրինակներ գիտեն բոլոր սերունդները: Բարեբախտաբար այս մեկը փոքր-ինչ զավեշտական է, եթե անտեսենք, որ երկու սիրող սրտեր են բաժանվել: Չնայած… ճշմարիտ սերը պիտի որ վաներ խանդը, գոնե... տիկնիկների հանդեպ:

Մի խոսքով, նյույորքցի 30-ամյա Էյպրիլ Բրուքերը խզել է հարաբերությունները փեսացուի հետ` վերջինիս ծայրահեղ խանդոտության պատճառով: Խանդի օբյեկտն էլ կնոջ տիկնիկներն են եղել: Ինչպես գրել է The DΖily Mirror-ը, երիտասարդին դուր չեն եկել հարսնացուի տանը «մշտական բնակություն» հաստատած 16 խաղալիքները, որոնք Էյպրիլը գորովանքով համարում է իր երեխաները:

Կինն էլ, երևի, չափից ավելի է հավատացել իր իսկ հորինած տիկնիկախաղին և անշունչ այդ «երեխաներին» նույնիսկ առանձին ննջասենյակ է հատկացրել:

«Մայրիկի» պատմածով` փեսացուն այնքան է կորցրել տիրապետումը, որ իրեն ընտրության առջև է կանգնեցնել` կա´մ ինքը, կա´մ տիկնիկները: Բրուքերն սկզբում նախընտրել է փեսացուին, սակայն 8 ամիս հետո լքել է նրան ու վերադարձել իր «երեխաների» մոտ` համոզվելով, որ ի տարբերություն տղամարդկանց, տիկնիկները երբեք չեն հիասթափեցնում:

Վերջին 10 տարում այս կինն իր տիկնիկների վրա 200 հազար դոլար է ծախսել. հագուստներ է գնել, վարսավիրանոց տարել, փոխադրամիջոցներով տեղափոխել: Էյպրիլն իր այս տիկնիկային թատրոնով պարբերաբար հյուրախաղերի է մեկնում ամերիկյան տարբեր քաղաքներ: